• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
04.08.2018 | 13:08

«Նավթալինած» քաղաքական դեմքերը դժվար թե նորից պահանջված լինեն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ ամբողջական պատկեր չկա, թե որ կուսակցություններն են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու, բայց քաղաքական գզվռտոցն արդեն հասել է իր գագաթնակետին

Մի մասը մյուսին մեղադրում է մարդ–կուսակցություն լինելու մեջ, մյուսները համաձայն չեն իրենց կուսակցության դիրքորոշման ու որոշման հետ համաձայն չլինողների հետ, մի մասն էլ որոշել է քաշվել մի անկյուն ու կողքից հաշվել, թե ով ում կոկորդից է բռնելու:

Իրականում բոլորն էլ մոռանում են, որ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը «նավթալինած» քաղաքական դեմքերը դժվար թե նորից պահանջված լինեն: Մի մասն էլ հավանաբար մտածում է, որ իրենց մի ձեռքի վրա հաշվելիք նեղ շրջանակներում նրանց մասին առանձնակի պաթետիկ ճառերով կենացներ հնչեցնելը բավական է հասարակությանը ծառայություն առաջարկելու համար, քանի որ, իրականում, չեն կարող իրենց թույլ տալ Երեւանի քաղաքապետ դառնալու գայթակղության կողքով անտարբեր անցնել: 

Իսկ հասարակությունը բավականին լավ հիշողություն ունի: Եվ ավելի լավ կլինի, որ կուսակցությունները ոչ թե ընտրությունից ընտրություն ակտիվանան, այլ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում, որպեսզի ընտրության ժամանակ կարողանան ցույց տալ, թե որ արատավոր երեւույթի դեմ ինչպես է պայքարել եւ ուր հասել: Իսկ այդ «ընհդմիջումներին»՝ քար լռություն, ծածուկ ու ապահով բնում քողարկված՝ իրենց աստեղային ժամին սպասելիս: Իսկ աստեղային ժամի համար հիմա շատ պատեհ պահ է՝ միանգամից երկու ընտրություն: Ու մի «ժիգուլու» ուղեւորի չափ կուսակցական ունեցողները սկսել են ձեռքները շփել՝ այդ ճանապարհին չխորշելով ոչնչի ու ոչ մի միջոցի առջեւ՝ հայհոյանք, հակափիառ, ցեխշպրտոցի ու ամենակարեւորը՝ նարցիսիզմ: 

Ինքնուրույն ոչինչ չստացվի (ինչպես միշտ), ուժեղ մեկի մոտ խցկվելը կա ու կա: Ու կարեւոր չէ, որ երեկ հայհոյել ես նրան, ցուցակում տեղ լինի, նկարի առջեւ մոմ էլ կվառես:

Բայց, հիմա չկան այլեւս այն միամիտները, որոնք փողկապի հավաքածուով, կոստյումի գույնով կամ ժամացույցի մակնիշով էին ընտրություն անում: Մարդիկ հոգնել են ճառերից էլ, խոստումներից էլ, մայրաքաղաքում կուտակված խնդիրներից էլ, քանդվող պատշգամբների վտանգից էլ, բյուջեի սղությունից էլ: 

Մարդիկ առաջին հերթին ուզում են, որ իրենց հարազատ քաղաքում, երկրում ոչ թե ժամանակավոր անցորդի կամ կենվորի հոգեբանությամբ ապրեն, այլ՝ տիրոջ, եւ համոզվեն, որ ՏԻՄ ղեկավարը ոչ թե եկել է, որ մեկանգամյա օգտագործման «ծաղիկներով» քաղաքը զարդարի, այլ՝ մարդկանց ծառայի: Այդ դեպքում, համաձայնեք, որ ինքնամեծարման մանիայով տառապող մարդ–կուսակցություններից շատ–շատերը ոչ միայն կիլոմետրով հեռու կփախչեն տեղական հոգսերն ու խնդիրներ ամենօրյա, 24–ժամյա ռեժիմով լուծելու բեռի ծանրությունից, այլեւ ինքնաբացարկ կհայտնեն ցանկացած այլ ձեւաչափով ընտրությունների մասնակցելու առաջարկից: 

Կարճ ասած՝ քաղաքականությունը լուրջ բիզնեսն է, բայց հավատացեք, որ այդ դաշտում էլ է թարմ արյուն ներարկել հարկավոր: Հակառակ դեպքում ներքաղաքական հարաբերություններից կսկսի նույն այն գարշահոտը փչել, ինչ որ այսօր շատ բազմաբնակարան շենքերի աղբատարներից է փչում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /