• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
04.08.2018 | 22:00

Գյումրու պատերը ներկողները. ի՞նչ են ստեղծագործում Գյումրու փողոցային արվեստը կերտողները (լուսանկարներ)

Գրաֆիտին և ընդհանրապես փողոցային արվեստը (street art) ստեղծարարության եւ միջավայրում թարմություն մտցնելու փորձ են: Իսկ ավելի հաճախ` իրականության մեջ առկա անցանկալի երևույթներին հակադրվելու միջոց: Գրաֆիտով հեղինակները ներկայացնում են հասարակության ընդվզումն ու բողոքը եւ հաճախ գործում են առանց պաշտոնական թույլտվությունների: 

Գյումրիում վերջին տարիներին քաղաքի բանուկ հատվածներում կառույցների պատերին նկատելի են ստրիտ արտ ստեղծագործություններ: Եռյակը՝ Մկրտիչը, Լևոնն ու Տարոնը, երբ համատեղում են ստեղծագորական գաղափարները, ապա քաղաքում ավելանում է ևս մեկ ստրիտ արտ: Տղաներն  ավարտելով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, հիմա ամեն մեկը զբաղված է իր գործով, սակայն ստրիտ արտով զբաղվելու գաղափարը հենց ուսանողության տարիներից են ունեցել,  քանի որ Գյումրիում արվեստի այս տեսակը բացակայում էր: Հիմա «Գյումրի ստրիտ արտ գրաֆիտի» են անվանակոչել իրենց նախաձեռնությունը:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում Մկրտիչ Հայրապետյանը մանրամասնում է. «Հայաստանում առհասարակ նորություն էր ստրիտ արտը, երբ մենք նախաձեռնեցինք մեր առաջին գործերը՝ 2011-2012թթ: Ազդվելով արտասահմանյան ստրիտ արտերից, որն ավելի ժամանակակից է՝ ուզեցինք դա բերել Գյումրի և մեր ներդրումն ունենալ այս ոլորտի զարգացման մեջ: Ինչ-որ  սահմանափակ ոճում չենք ստեղծագործում, տրաֆառետային ոճն ենք հիմնականում օգտագործում: Դա փողոցային արվետս է՝ քանդակ, թիթեղից արված արձան և անգամ գեղարվեստական նկարչություն»:

Թեմաները բազմազան են, նշում են տղաները, բայց յուրաքանչյուր գործ իր «մեսիջն» ունի հասարակությանը: Սելեկտիվ աբորտների թեմայով եռյակի գործերը չեն սահմանափակվել միայն Գյումրիում, այնտեղ որտեղ վիճակագրական թվերը ահագնացող են, տղաներն այդ քաղաքներում՝ Երևանում, Գավառում, Մարիտունիում և այլն, թեմատիկ ստրիտ արտի գործեր են արել:

  Լևոն Առաքելյանն ընկերոջ խոսքը շարունակելով փաստում է. «Սոցիալ-քաղաքական թեմաների ենք անդրադարձել, անգամ բնապահպանական թեմատիկայով ենք ստեղծագործել: Վերջերս նախագիծ արեցինք կանանց իրավունքների և քաղաքացիական իրավունքի թեմաներով: Մեսիջների առումով՝ բավականի ազդեցիկ էր: Կանանց իրավունքների առումով բռնության տեսարան էինք ստացել, որտեղ դատավորը և ոստիկանը ոնց որ լռեցնում են կնոջը, քողարկում են բռնությունը: Ստրիտ արտն իր բնույթով շատ մոտ է մարդկանց, քան ասենք թանգարանային մատուցումը: Ցանկացած արվեստի գործ էլ յուրովի է ընկալվում»:

Հեղափոխական թեմայով ստեղծագործություններ ևս ունեցել են: ՀԱՅ ՁԱՅՆ-ի այն հարցին, թե արդյո՞ք խնդիրներ չեն եղել քաղաքապետարանի հետ Մկրտիչը բացատրեց, որ, իհարկե, ունեցել են, սակայն մեկանգամյա  երկխոսությունից հետո կողմերը հասկացել են իրար: Իսկ ինչպե՞ս է փողոցային արվեստը ընկալվում Գյումրիում: Արդյո՞ք բոլորն են այն որպես արվեստ ընկալում. «Զավեշտալի դեպքեր եղել են, որ մեր արածը ընկալվել է՝ որպես քաղաքի պատերը նկարներով փչացնել, սակայն շատ քիչ տոկոսն է այդպես մտածում: Հիմա մենք անգամ անհատական պատվերներ ենք ստանում, երբ մարդիկ ուզում են իրենց բակերում, կամ օբյեկտների պատերին նկարներ ունենալ»,-պատմում է Մկրտիչ Հայրապետյանը:

Ցանկացած ինքնաբուխ  նախաձեռնություն միշտ ֆինանսական խնդիրներ է ունենում, այն, ինչն արվում է՝ ներկեր, նյութեր և գործիքներ, տղաներն անձնական միջոցներից են օգտվում: Իսկ ապագա գործունեության հետ կապված Լևոնն իրենց պատկերացումներով է կիսվում. «Մեզ դեռ ժամանակ է պետք, որպեսզի շատ գործեր անենք, մենք ավելի շատ կուզենայինք ակումբային ինչ-որ ձևաչափով փողոցային արվեստով զբաղվող արվեստագետների մեկտեղել: Քաղաքում էլի զբաղվողներ կան, մենք մենակ չենք: Ես կուզենայի, որ այն տենդեցները, որոնք աշխարհում կան հիմա, դրանք բերել մեր քաղաք»:

ԼԵՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅ ՁԱՅՆ Գյումրու թղթակից



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /