• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
08.08.2018 | 20:50

Սևանա լճում թունավոր ջուր չկա, արհեստական խուճապ առաջացնելով՝ կրճատեցին հանգստացողների թիվը. Վահե Գուլանյան

 Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սեւանա լճի ափամերձ հանգստյան գոտիների մի խումբ տնտեսավարողներ եւ վարձակալներ բողոքի ակցիա են իրականացրել Սեւան-Երեւան մայրուղու Գագարինի հատվածում՝ իրենց պահանջները չլսելու դեպքում սպառնալով փակել մայրուղին:

 

 «Ինձ, Բնապահպանության նախարարին և Գեղարքունիքի մարզպետին հրավիրել են, որպեսզի պատասխանենք իրենց հարցերին: Իրենց հիմնական դժգոհությունը Առողջապահության նախարարության հրապարմանն էր վերաբերվում՝ կապված Սևանա լճի ջրի մաքրության հետ, ինչպես նաև, մնացած մասնագետներին, որոնք այս ընթացքում լճի ջրի մաքրության վերաբերյալ որակումներ արեցին»,- ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց «Սևան» ազգային պարկի տնօրեն ՎԱՀԵ ԳՈՒԼԱՆՅԱՆԸ:

Նրա խոսքով ՝ տնտեսվարողները դժգոհում էին նաև տուրիստական գործակալությունների վարած քաղաքականությունից. «Տուրիստական գործակալությունները, օգտվելով առիթից՝ զբոսաշրջիկներին, հանգստցողներին չեն բերում Սևան, այլ ուղորդում են Վրաստան, որն իրենց համար ավելի ձեռնտու է»:

Ճշտեցինք՝ Սևանա լճի ջրի մաքրության մասին հայտարարություններից հետո հանգստացողների թվի պակաս կա՞: «Սևանում մարդ չկա: Հանգստացողների թիվը կտրուկ նվազել է և տնտեսվարողները հնարավորություն չունեն նույնիսկ հարկերը վճարելու»,-արձագանքեց պարոն Գուլանյանը:

Ի պատասխան հարցին ՝ հանգստյան գոտիների տնտեսվարողները և վարձակալներն ինչո՞ւ  են դժգոհում Առողջապահության նախարարության հայտարարությունից, չէ՞, որ նախարարությունը հորդորել է Սևանում հանգստացողներին՝ ո՛չ թե առհասարակ հրաժարվել հանգստից, այլ չլողալ՝ ծաղկած, ջրիմուռային հատվածներում, «Սևան» ազգային պարկի տնօրենը պատասխանեց.

«Այո՝ նախարարությունից այդպես էին ասում, բայց բոլորս գիտենք, որ հայտարարությունը դարձավ թյուըմբռման պատճառ: Ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը լրատվամիջոցներն են՝ ուրիշ ոչ մեկը: Բոլորս էլ գիտենք, որ այդ սենսացիան սարքեցին լրատվամիջոցները, վերցնելով, այլաձևելով, փոփոխելով ինչ-որ մտքեր: Սևանա լճին վերաբերող նյութերի հիմնական մասը, ունեին նման վերնագրեր՝ «Սևանում լողալը վտանգավոր է՝ ջուրը թունավոր է» կամ «Առողջապահության նախարարությունը ահազանգում է՝ Սևանում լողալը վտանգավոր է»: Դուք էլ գիտեք, որ շատ մարդիկ նախ նյութի վերնագիրն են կարդում, երբեմն սահմանափակվելով վերնագրով՝ նյութն ամբողջությամբ չեն էլ ընթերցում, և առաջանում է թյուրըմբռնում: Մենք, Սևանում թունավոր ջուր չունենք՝ դա միանշանակ է, և եթե որևէ մեկը ինձ հակառակը կապացուցի՝ ես ներողություն կխնդրեմ: 

Սև, դեղին մամուլը և չկայացած լրագրողները տարածեցին այս խուճապը,  ինչպես արվում է ամեն  տարի՝ մի տարի ասում են՝ հերթեր են Սևանում, մի տարի ջրասուզակներն են իբրև մարդ գողանում»:

Վահե Գուլանյանը նկատում է՝ Սևանա լիճը խմելու ջուր է և երբևիցե խմելու ջրի պարամետրերից դուրս չի եկել.

«Այս պահին էլ լճի ջուրը խմելու ջրի պարամետրերի մեջ է, և երբեք էլ դրանից դուրս չի եկել՝ մենք այդ խնդիրը չենք ունեցել: Ջրի ծաղկումը կապված է կենսաբանական գործընթացների հետ, ինչը միշտ լինելու է»:

Խոսելով Սևանա լճից իրականացվող ջրառի մասին, պարոն Գուլանյանը նշեց, որ ինքը շատ վատ է վերաբերվում այդ երևույթին. «Սևանա լճից ջրառը՝ ազգի դավաճանությանը հավասար գործողություն է, բայց դա ջրի  որակի  հետ կապ չունի: Մենք՝ մասնագետներս ասում ենք, որ չի կարելի ջրառ  անել, չի կարելի շատ միջամտել լճում տեղի  ունեցող գործընթացներին»:

Անդրադառնալով ափին շատ մոտ գտնվող հանգստյան գոտիների ապամոնտաժման խնդրին, պարոն Գուլանյանը նշեց, որ աշխատում են այդ ուղղությամբ, սակայն միջոցները սուղ են.

«Սևանա լճի ափամերձ հատվածում կա 4129 ապօրինի տեղադրված շինություններ՝ և՛ ժամանակավոր և՛ մշտական: Դրանցից 839 արդեն ապամոնտաժել ենք: Ամենավատն այն է, որ բյուջետային միջոցներ չեն հատկացվում այդ շինությունների ապամոնտաժման համար, և մենք, սովորաբար այդ  ապամոնտաժումներն իրականացնում ենք կա՛մ մեր հաշվին, կա՛մ տվյալ ապօրինի կառուցապատումն իրականացնողի հաշվին: Եթե մարդը կառուցապատումն արել է, իսկ հիմա երկրում չէ՝ դա մեծ խնդիրներ է ստեղծում մեզ համար: Պետությունը կարողանում է տրամադրել միայն  ջրածածկ անտառային տարածքների մաքրման համար գումար՝ այն էլ մի մասի համար: Նման խնդիրների լուծման հարցում մենք ունենք շատ բացթողած տարիներ, որոնք իրականում մեծ վնասներ են հասցրել լճին»,- եզրափակելով խոսքը ասաց «Սևան» ազգային պարկի տնօրենը, հավելելով, որ անընդունելի է, որ որևէ տեսակի կանաչ թփուտ հայտնվի լճի տակ:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /