• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Գլխավոր լուր, Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
09.08.2018 | 22:22

Իրանի դեմ՝ պատժամիջոցներ, Հայաստանի առաջ՝ ռազմավարական հնարավորություններ

Հեղինակ՝ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ

 Պետության անվտանգությունը սկսվում է նրա սահմաններից, ասել է թե` հարևաններից: Հայաստանի դեպքում` առավել ևս: Այս ժամանակաշրջանում մեր երկիրն ունի անվտանգության մեկ ներքին և երկու արտաքին երաշխիքներ: Դրանցից մեկն ուղղակիորեն առնչվում է մեր հարավային հարևան Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ):

 

1. Հայկական զինուժի վերահսկողությունը Հայաստանում, Արցախում և ազատագրված տարածքներում:

2. Մերձարաքսյան հատվածներում ռուսական զորքերի սահմանապահությունը հայ-թուրքական սահմանին:

3. Հայաստանն Իրանի հետ կապող Երևան-Մեղրի ճանապարհը:

Թեև հայկական բանահյուսության մեջ պարսիկներն ավանդաբար նեկայացված են բացասական կերպարներով, բայց ներկա փուլում Իրանը մեր սահմանամերձ հարևաններից գործնականում գրեթե ամենահուսալին է: Սա այն երկիրն է, որի հետ ունենք հազարամյակների հարևանություն, հարյուրամյակների ախոյանություն և տասնամյակների բարեկամություն:

Իրանը շրջակա հարևաններից միակ պետությունն է, որ սահման ունի Արցախի Հանրապետության հետ: Ղարաբաղի հիմնահարցում Իրանն ադրբեջանական կողմնապահություն չի անում, ինչպես Թուրքիան: Այն եզակի երկրներից է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մշտապես հանդես է գալիս հավասարակշիռ կեցվածքով։ Արցախյան պատերազմի տարիներին շրջափակման մեջ գտնվող Հայաստանին Իրանն անուրանալի աջակցություն ցույց տվեց: Իրանի սահմանով անցնող տնտեսական միջանցքը հայաստանաբնակ հայության գոյապայքարի հարցը լուծեց:

Բացի այդ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի հարավային դարպասները բացվում են դեպի մի պետություն, որն ունի 80 միլիոնանոց բնակչություն և շուկա, որի տարածքն ավելի մեծ է, քան Անգլիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Շվեյցարիայի տարածքները միասին վերցրած: Հարևան, որը հանդիսանում է շիա-մահմեդական աշխարհի հոգևոր առաջնորդ: Հարևան, որը տիրապետում է երկրագնդի էներգակիրների զգալի մասին՝ բնական գազի պաշարների ավելի քան 18 և նավթի պաշարների ավելի քան 9 տոկոսին: Անկախացումից հետո Հայաստանի և Իրանի շահերը տարածաշրջանում դարձել են բավականին համադրելի: Իրանի տնտեսությանն ուղղված ցանկացած հարված, բացասաբար է ազդում նաև Հայաստանի տնտեսության վրա: Հիմա, երբ կրկին վերականգնվում են ամերիկյան պատժամիջոցները Իրանի նկատմամբ, հարվածի ու հարցականի տակ է դրվում ոչ միայն տնտեսական կապերի զարգացումը հարևանների հետ:

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահի հրամանագրով վերականգվում են 2015-ին չեղարկված պատժամիջոցները: Դրանք վերաբերելու են ՏՏ ոլորտին, գազային ու նավթային շուկային, մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը, մասնավորապես Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ և այլն:

Հայ-իրանական տնտեսական կապերի զարգացումն ամերիկյան պատժամիջոցների հետևանքով անխուսափելիորեն հետընթաց կունենա: Իրանը Հայաստանի 6-րդ առևտրային գործընկերն է։ Իրանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 4.1%-ը։ Այստեղ առանցքային է մնում գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքը:

Վերջին տարիներին առևտրաշրջանառությունը անկումային էր: Միայն 2017-ից է նկատվել դրական դինամիկա, քանի որ արդեն չեղարկվել էին պատժամիջոցները: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2017թ. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 263.5 մլն դոլար, ինչը 10.3 տոկոս աճ է արձանագրել 2016թ. համեմատ:

Քանի որ  Իրանի հետ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի, ապա պատժամիջոցների վերականգնման դեպքում Հայաստանը ևս տնտեսապես կտուժի: Ակնհայտորեն կնվազի առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև: Ամերիկյան պատժամիջոցները անբարենպաստ պայմաններ են առաջացնելու հատկապես «Մեղրի» ազատ տնտեսական գոտու համար, որը բացվել էր հայ-իրանական ապրանքաշրջանառության զարգացումն ապահովելու համար:

Իրան-Արևմուտք լարվածությունը և սպասվելիք պատժամիջոցները կապված են Թեհրանի միջուկային ծրագրի հետ, որը կապված է տնտեսական հաշվարկների և էներգետիկ անվտանգության հետ:  Բանն այն է, որ Իրանի նավթային պաշարների գնահատումից հետո (17մլրդ տոննա), հաշվարկվեց, որ եթե պահպանվի նավթի արդյունահանման ընթացիկ տեմպերը, ապա 2042-ին դրանք կսպառվեն: Եվ որպեսզի կարողանա հետագայի համար ապահովել իր էներգետիկ անվտանգությունը, Իրանը  ձեռնամուխ եղավ միջուկային էներգիայի օգտագործմանը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական կարևոր դերակատարություն: Իրանի դեմ պատժամիջոցների տնտեսական բացասական հետևանքները Հայաստանը կարող է բալանսավորել քաղաքական հնարավորությունների օգտագործմամբ:

  Այսօր Իրանի շուրջ ծավալվում են համաշխարհային և տարածաշրջանային այնպիսի գործընթացներ, որոնք հսկայական նշանակություն ունեն հետսառըպատերազմյան աշխարհակարգի ձևավորման գործում: Աշխարհաքաղաքական այս խմորումներում Հայաստանը կարող է հանդես գալ իր համեստ, բայց և բացառիկ առաքելությամբ, որի հնարավորությունը չունեն ոչ Ադրբեջանն, ոչ Վրաստանը: Հայաստանը կարող է փորձել որոշակի առումներով կամուրջ դառնալ Իրանի և Արևմուտքի տարաձայնությունների հարթեցման համար: Այդ ռազմավարական հնարավորությունն օգտագործելով` Երևանը կարող է ավելացնել իր տարածաշրջանային կշիռը և որոշակիորեն թուլացնել ուժային կենտրոնների  հետաքրքրությունը Վրաստանի և Ադրբեջանի նկատմամբ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /