• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
10.08.2018 | 13:35

Սևրի և Լոզանի պայմանագրերի իրավական փոխհարաբերությունները. Արա Պապյան

Հոդվածը`  Արա Պապյանի հեղինակած Հայրենատիրություն. Հայոց Պահանջատիրության Իրավական Հիմունքները և Հարակից Հարցեր գրքից:

Սևրի և Լոզանի պայմանագրերի իրավական փոխհարաբերությունները 1923թ. հուլիսի 24-ին կնքվել է Լոզանի պայմանագիրը: Այս պայմանագրով, ըստ էության, Քեմալ Աթաթուրքն արեց այն, ինչ տարիներ հետո պիտի աներ Ադոլֆ Հիտլերը՝ վերատեսության ենթարկեց Առաջին համաշխարհային պատերազմի որոշ արդյունքներ:

Այսուհանդերձ, Լոզանի պայմանագրի նշանակությունը գերագնահատվում է. այն փոփոխության չի ենթարկել, մինչևիսկ Թուրքիայի մասով, Առաջին աշխարհամարտի բոլոր արդյունքները, այլ միայն Լոզանի պայմանագիրը ստորագրած որոշ երկրների հետ վերատեսության է ենթարկել Սևրի պայմանագրի մի շարք դրույթներ: 

Թեև Հայաստանի Հանրապետությունը մաս չի կազմել Լոզանի պայմանագրին, հետևաբար, վերջինս ուղղակիորեն չի վերաբերում մեր երկրին, այնուամենայնիվ այն սերտորեն առնչվում է հայ ժողովրդին: Ուստի քննենք Լոզանի պայմանագիրն ու նրա իրավական փոխհարաբերությունները Սևրի պայմանագրի հետ՝ ըստ միջազգային իրավունքի:

Իրավական տեսանկյունից Սևրի պայմանագիրը և Լոզանի պայմանագիրը երկու տարբեր փաստաթղթեր են՝ տարբեր ոչ միայն մասնակիցների շրջանակով ու հարցերի ընդգրկումով, այլև, ամենակարևորը՝ էությամբ ու նպատակներով: Սևրի պայմանագիրը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմին, իսկ Լոզանի պայմանագիրը՝ 1919-1922թթ. տեղի ունեցած պատերազմական գործողություններին:

Այսպես, եթե Սևրի պայմանագրի առաջնային նպատակը մի կողմից Գլխավոր դաշնակից ուժերի (Principal Allied Powers) և Դաշնակից ուժերի 3 (Allied Powers), իսկ մյուս կողմից Թուրքիայի միջև Առաջին համաշխարհային պատերազմին պաշտոնապես վերջ տալն էր և նրա փոխարինումը կայուն, արդար ու տևական խաղաղությամբ (by a
firm, just and durable peace), ապա Լոզանի պայմանագրի նպատակն ընդամենը Բարձր պայմանավորվող կողմերի 4
(High Contracting Parties) և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության (The Government of the Grand National Assembly of Turkey), և ոչ թե՝ Թուրքիայի կառավարության, միջև սոսկ պատերազմական իրավիճակի դադարեցումն էր:

Վերոհիշյալից ակնհայտ է, որ Լոզանի պայմանագրում խոսքը չի գնում օրինապես հայտարարված պատերազմը, ինչպիսին էր, օրինակ, Առաջին համաշխարհայինը, խաղաղությամբ փոխարինելու մասին, այլ սոսկ տարածաշրջանում 1914թ.-ից առկա պատերազմական իրավիճակին վերջ տալու մասին (…to bring to a final close the state of war which has existed in the East since 1914…): Այսինքն, Լոզանի պայմանագիրը վերաբերում է Մուդրոսի զինադադարը (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարող քեմալականների անօրինական ռազմական գործողությունները դադարեցնելուն: Սա փաստվում է նաև Լոզանի պայմանագրի 1-ին հոդվածով, որը խոսում է խաղաղության ոչ թե հաստատման, այլ վերահաստատման մասին (…the state of peace will be definitely re-established …): 

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ միջազգային իրավունքը հստակորեն տարբերակում է պատերազմ (war) և պատերազմական իրավիճակ (state of war) հասկացությունները: Միայն ինքնիշխան երկրներն իրավունք ունեն մղելու պատերազմ. մնացած զինված բախումների (armed conflicts) դեպքում այն բնորոշվում է որպես պատերազմական իրավիճակ:

Լոզանի պայմանագրի մեջ Բարձր պայմանավորվող կողմերը հստակորեն արտահայտել են իրենց քաղաքական կամքն առ քեմալականները. վերջիններս չեն ճանաչվել որպես պետության օրինական ներկայացուցիչներ, այլ նրանց շնորհվել է միայն կռվող կողմ լինելու կարգավիճակը (recognition of belligerency):

Ուրիշ բան, որ Լոզանի պայմանագիրը վերատեսության է ենթարկել 1919-1922թթ. ռազմական գործողություններին ուղղակի կամ անուղղակի մասնակից մի շարք երկրներին առնչվող դրույթներ, որոնց անդրադարձել էր նաև Սևրի պայմանագիրը: Միջազգային իրավունքը չի արգելում նոր պայմանագրի կնքումը նախկինում կնքված պայմանագրի դրույթների փոփոխմամբ կամ բազմակողմ պայմանագրի նորափոխումը (modification) պայմանագրին մաս կազմող 2 և ավելի կողմերի անունից: Սակայն միանշանակ է, որ նոր պայմանագիրը, ինչպես ամեն մի պայմանագիր, կարող է վերաբերել միմիայն տվյալ պայմանագրին մաս կազմող կողմերին, իսկ պայմանագրի նորափոխումները կարող են վերաբերել միայն նորափոխումների մասնակիցներին և չեն կարող որևէ ազդեցություն ունենալ այլ երկրների իրավունքների և պարտավորությունների վրա:

Դեռևս XIX դ. կեսերից միջազգային իրավունքը զարգացրել էր հստակ դիրքորոշում՝ պայմանագրի ոչ մի փոփոխություն կամ նորափոխում չի կարող լինել իրավականորեն վավերական առանց նախկին պայմանագրի բոլոր կողմերի մասնակցության: Լոնդոնի կոնֆերանսի Առաջին արձանագրության առդիր Հռչակագիրը (13 մարտի, 1871թ.) (The Declaration annexed to the First Protocol of the London Conference, 13 March 1871), որին մաս են կազմել 7 երկիր, 
այդ թվում նաև Թուրքիան, միանշանակորեն հռչակում է. «Ազգերի իրավունքի էական սկզբունքն է, որ ոչ մի երկիր իրեն չի կարող ձերբազատել պայմանագրի պարտավորություններից և ոչ էլ կարող է նորափոխել դրա պայմանները, քանի դեռ չունի բոլոր մասնակիցների բարեհաճ համաձայնությունը»: 

Այսու, Հայաստանի Հանրապետությունը, բռնազավթված լինելու պատճառով, չի մասնակցել Լոզանի կոնֆերանսին և չի ստորագրել այդ պայմանագիրը: Ըստ այդմ, Լոզանի պայմանագիրը որևէ իրավական պարտավորություն չի ստեղծել և չի ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Գործում է միջազգային իրավունքի Res inter alios acta (մասն չես, պարտավոր չես) սկզբունքը:

Մյուս հարցը, որին հարկ ենք համարում անդրադառնալ, այն մոլորությունն է՝ իբր Լոզանի պայմանագիրը չեղյալ է հայտարարել Սևրի պայմանագիրը: Քննություն չբռնող և միանգամայն հիմնազուրկ տեսակետ: Վիեննայի Պայմանագրերի մասին կոնվենցիան (Vienna Convention on the Law of Treaties, 1969), որի մեջ ամրագրված է դարեր ի վեր միջազգային իրավունքում գործող ընթացակարգը, շատ հստակ է պայմանագրերի դադարեցման կամ կասեցման վերաբեր-յալ: Մասնավորապես, նշյալ կոնվենցիայի 59-րդ հոդվածի 2-րդ կետը միանշանակորեն ամրագրում է. «Ավելի վաղ կնքված պայմանագրի գործունեությունը կհամարվի դադարեցված միայն այն դեպքում, եթե դա ակնհայտ է ավելի ուշ կնքված պայմանագրից կամ մեկ այլ ձևով հավաստվում է, որ այդպիսին է եղել կողմերի մտադրությունը»:

Լոզանի պայմանագրից ոչ միայն ակնհայտ չէ, որ կողմերը մտադիր էին չեղյալ հայտարարել Սևրի պայմանագիրը, այլև Լոզանի պայմանագրում ընդհանրապես հիշատակում չկա Սևրի պայմանագրի մասին: Ավելի պարզ ասած՝ պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել ոչ այլ կերպ, եթե ոչ պայմանագիրը կնքած կողմերի, անհրաժեշտ է շեշտել՝ բոլոր կողմերի, դրա մասին միանշանակ հայտարարումով: Միջազգային իրավունքի էական սկզբունքներից է, որ ոչ մի պետություն չի կարող ձերբազատվել պայմանագրի պարտավորություններից և ոչ էլ կարող է նորափոխել 
դրա պայմանները, քանի դեռ չունի մյուս պայմանավորվող բոլոր կողմերի հստակ համաձայնությունը: 

Հայաստանի Հանրապետությունը մասն չէր այդ պայմանագրին՝ բռնազավթված լինելու պատճառով…
Բերենք մի պարզ, բայց խոսուն օրինակ: Մյունխենի (1938թ.) պայմանագրով Սուդեթը (Sudetenland) Չեխոսլովակիայից անցել էր Գերմանիային: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սուդեթը վերադարձվել էր Չեխոսլովակիային: Սակայն, չնայած պարտված Գերմանիայի կնքած բազմաթիվ ու բազմաբնույթ պայմանագրերին, Մյունխենի պայմանագիրը չեղյալ չէր հայտարարվել և, հետևաբար, այն մնում էր ուժի մեջ: Եւ միայն 1973թ. դեկտեմբերին
Արևմտյան Գերմանիան, որպես Երրորդ Ռայխի իրավահաջորդ, պայմանագիր կնքեց Չեխոսլովակիայի հետ, որով կողմերը չեղյալ հայտարարեցին իրենց 1938թ. կնքած պայմանագիրը:

Թեև, Սևրի պայմանագրի առումով մենք չեն կարող ասել, որ այն ուժի մեջ է, քանի որ վավերացման գործընթացի թերի մնալու պատճառով այն ի սկզբանե չի մտել ուժի մեջ, այսուհանդերձ սխալ է նաև այն պնդումը, որ Լոզանը չեղյալ է հայտարարել Սևրը: 

Լոզանը չէր կարող դա անել, քանի որ նշյալ պայմանագիրը և՛ իր բնույթով, և՛ ստորագրողների շրջանակով էապես տարբերվում է Սևրի պայմանագրից: Այսինքն, ներկայումս Սևրի պայմանագիրը միջազգային իրավունքի վավերական փաստաթուղթ է, որը բանակցվել և ստորագրվել է օրինական ընթացակարգի համաձայն, սակայն ուժի մեջ չի մտել (valid but not in force): Եթե պատկերացնենք անհնարինը, ասենք՝ Սևրի պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները վավերացնեն այն, ապա այն օրինապես կմտնի ուժի մեջ:

Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ Սևրի պայմանագրի անկատար լինելը (unperfected treaty), ինչպես միջազգային իրավունքում կոչվում են չվավերացված պայմանագրերը, չի խաթարում ՀՀ իրավունքները, քանի որ Թուրքիայի պարտավորությունները ՀՀ նկատմամբ բխում են ոչ թե Սևրի պայմանագրից, այլ այդ պայմանագրից ածանցվող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռից (22 նոյեմբերի, 1920թ.):

Չնայած Լոզանի պայմանագրում չկա որևէ հիշատակում Հայաստանի և հայերի մասին, սակայն այն 2 առումով առնչվում է մեզ: Լոզանի պայմանագրի ողջ Երրորդ բաժինը (հոդվածներ 37-45) վերաբերում է Թուրքիայի ոչ-մուսուլման փոքրամասնություններին: Ընդ որում, փոքրամասնություններին վերաբերող հոդվածներին տրվել է հիմնարար օրենքի (fundamental law) ուժ, այսինքն՝ դրանք անբեկանելի և անփոփոխելի պետք է լինեն: Սա մի առանձին հոդվածի նյութ է, որին կանդրադառնանք առաջիկայում:

Հայաստանի երկրորդ աղերսը Լոզանի պայմանագրի հետ ի հայտ է գալիս Թուրքիայի ստեղծվելիք հանրապետության տարածքի իրավական ձևակերպման առնչությամբ: Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածի առաջին պարբերությունը հռչակում է. «Այսու Թուրքիան հրաժարվում է բոլոր այն տարածքների ու կղզիների տիտղոսից և դրանց նկատմամբ իր բոլոր իրավունքներից, որոնք գտնվում են սույն պայմանագրով գծած սահմաններից դուրս, ի բացառյալ նրանց, որոնց նկատմամբ սույն պայմանագրով ճանաչվել է նրա ինքնիշխանությունը: Այդ տարածքների և կղզիների ապագան լուծել են կամ կլուծեն շահագրգիռ կողմերը»: Քանի որ Լոզանի պայմանագիրը հստակեցնում է Թուրքիայի սահմանը Բուլղարիայի (հոդված 2.1), Հունաստանի (հոդված 2.2), Սիրիայի (հոդված 3.1) և Իրաքի (հոդված 3.2) հետ, ուստի թուրքական իրավունքներն ու տիտղոսը ճանաչվում են միմիայն այդ սահմանագծից ներս ընկած տարածքների վրա:

Լոզանի պայմանագիրը չի անդրադարձել հայ-թուրքական սահմանին: Սրա պատճառն այն է, որ այն արդեն իսկ և մեկընդմիշտ որոշված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անբեկանելի և կատարման համար պարտադիր իրավարար վճռով (22 նոյեմբերի, 1920թ.): Քանի որ իրավարար վճռով հայաստանապատկան դարձած տարածքները Լոզանի պայմանագրով ներառված չեն հետագայում (29 հոկտեմբերի, 1923թ.-ից) որպես Թուրքիայի Հանրապետություն ճանաչված երկրի սահմաններից ներս, ուստի Լոզանում Թուրքիայի անունից հանդես եկող պատվիրակությունը 16-րդ հոդվածով հրաժարվել է դրա տիտղոսից և դրա նկատմամբ իրավունքներից: Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը վերահաստատում է այդ իրողությունը. «Սույն հոդվածի դրույթները չեն ներազդում բարիդրացիական հարաբերություններից բխող այն հատուկ պայմանավորվածությունների վրա, որոնք կայացել են կամ կարող են կայանալ Թուրքիայի և սահմանակից երկրներից որևէ մեկի միջև»: 

Պետք է ուշադրություն դարձնել այն կարևոր հանգամանքի վրա, որ 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը խոսում է սահմանները հստակեցնող ոչ թե պայմանագրի կամ համաձայնագրի, այլ «հատուկ պայմանավորվածությունների» (special arrangements) մասին, որոնց թվին է պատկանում նաև իրավարար վճիռը:

Այսպիսով, Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածը վերահաստատել է Սևրի պայմանագրի 90-րդ հոդվածի Թուրքիայի հրաժարումը բոլոր այն տարածքներից, որոնք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով փոխանցվել էին Հայաստանի Հանրապետությանը: 

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունները.

– Սևրի և Լոզանի պայմանագրերը իրավական երկու տարբեր փաստաթղթեր են:

– Լոզանի պայմանագիրն իրավասու չէր և չեղյալ չի հայտարարել Սևրի պայմանագիրը:

– Լոզանի պայմանագիրը, հիմնական օրենքի կարգավիճակով, ամրագրել է ոչ-մուսուլման փոքրամասնությունների 
իրավունքները:

– Լոզանի պայմանագիրը վերահաստատել է Թուրքիայի հրաժարումը իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված տարածքների տիտղոսից և իրավունքից:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /