• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
10.08.2018 | 17:21

Դրամաշնորհային ծրագրերի նպատակը մեր երկիրը գաղութացնելն է. գրող հրապարակախոս Ռուզաննա Ասատրյան

     Փոքր ազգերի գոյությունը կախված է իրենց կրթությունից, իրենք իրենց ճանաչելու և արժևորելու մակարդակից: Եթե փոքր ազգերը չեն ճանաչում իրենց, ապա արագ ձուլվում են այլ ազգերի հետ և վերանում: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ՝ նկատելով, որ նախևառաջ այս խնդիրը պետք է ի նկատի ունենան նոր իշխանությունները՝ կրթության համակարգում փոփոխություններ նախաձեռնելիս:

Իսկ «թավշյա» հեղափոխությունից հետո նկատելի՞ են հստակ քայլեր կրթության, մշակույթի ոլորտներում, ի պատասխան մեր հարցին, Ռուզաննա Ասատրյանն ասաց. «Յուրաքանչյուր հեղափոխություն իր հետ բերում է սոցիալական և քաղաքական փոփոխություններ, տեղաշարժեր, հասարակության մենթալիտետն է փոխվում, տնտեսական վիճակը, բարոյական, քաղաքակրթական և մշակութային պատկերը, առանց դրա հեղափոխությունը հեղափոխություն չի կարող կոչվել: Ու քանի որ շուտով կլրանա Հայաստանի նոր իշխանության կառավարման 100 օրը՝ արդեն կարելի է որոշ գնահատականներ հնչեցնել:

Անշուշտ, կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան: Այն, ինչ նոր իշխանությունները կատարեցին անցյալում տեղի ուենցած հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, գովելի է, սակայն յուրաքանչյուր պետության հիմքը կրթությունն է, դա անժխտելի է:

  Այո, պետության պաշտպանությունը հայոց բանակն է, բայց բանակն էլ է հենվում կրթության վրա: Անկիրթ մարդը չի կարող երկիր կառավարել, չի կարող զորք ղեկավարել, չի կարող ընտանիք ղեկավարել: Այս հանգամանքը պետք է հաշվի առնել՝ մեր երկրի հետագա զարգացման գործընթացում»:

Մեր զրուցակիցը ցավով է նշում, որ վերջին տարիներին Հայաստանում կրթության մակարդակը բավականին ընկել է: Դպրոցներում այնքան է թուլացել ուսուցչի դերը, այնքան է նսեմացվել կրթության արժեքը, որ արդեն այս հարցը մարտահրավեր է դարձել պետության համար: «Խորհրդային միության կրթական համակարգում, որը բարձր էր գնահատվում անգամ Ամերիկայում, հիմնավորապես անցնում էին բոլոր այն գիտական հիմունքները, որոնք կարող էին զարգացնել մարդու միտքը: Իսկ այսօր մարդիկ այնքան են հեռացել կրթության գաղափարը արժևորելուց, որ սկսել են սովորել միայն այն առարկաները, որոնք անհրաժեշտ են տվյալ մասնագիտությանը տիրապետելու համար, մինչդեռ գիտության բոլոր ճյուղերը փոխկապակցված են»,- ասաց տիկին Ասատրյանը:

Նա ընդգծեց՝ հայ ժողովուրդը չունի այն խնդիրը, որ յուրացնի միջազգային տարբեր համակարգեր, ընդունի նրանց կանոնները: Հայաստանում կրթական համակարգը պետք է հենվի ազգային լեզվի, գրականության, պատմության վրա: «Բոլոր դրամաշնորհային ծրագրերի նպատակը մեր երկրիրը գաղութացնելն է: Ես դա բացահայտ եմ հայտարարում, ոչ մեկից ոչ վախենում եմ, ոչ էլ լեզվիս կապանքներ եմ դնում: Եթե մենք ներսում կոռուպցիայից հեռու մնանք, եթե հասկանանք, որ երկրի, պետության, ազգի արժեքն ավելին է, քան սեփական գրպանի պարունակությունը, եթե մենք տուրք չտանք  տարատեսակ գրանտներին, որոնք մարդիկ վաստակում են՝ դավաճանելով իրենց ազգայինը,  մենք ոչ միայն մեր կրթությունը կզարգացնենք, այլև համաշխարհային գիտական մակարդակից հետ չենք մնա, որովհետև հայերը խիստ տաղանդավոր են:

Պետք է վերջ դնել գրանտներին, դրսից եկող ֆինանսավորմանը, դրան զուգահեռ ներսում վերջ տալ կոռուպցիային, վերադարձնել Հայաստանից կողոպտված բոլոր գումարները և ներդնել երկրի զարգացման գործում: Միայն երկրի զարգացումը թույլ կտա, որ դրսից որևէ բան չթելադրեն Հայաստանին»,- հավելեց մեր զրուցակիցը:

Այսօր և՛ կրթության, և՛ մշակույթի ոլորտում ունենք նոր նախարարներ, սակայն, ըստ տիկին Ասատրյանի՝ երկու գերատեսչություններում էլ դեռևս դրական տեղաշարժեր նկատելի չեն: «Ճիշտ է, որոշակի քայլեր արվում են, և այնտեղ մարդիկ կան, որ գիտեն կրթության արժեքը, բայց  դեռ չեմ նկատում դրական տեղաշարժեր: Կրթության հիմքում պետք է լինի հայոց լեզուն, թող խորացնեն անգլերենի ու գերմաներենի, ֆրանսերենի ու մյուս լեզուների կրթությունը, որովհետև հարաբերվում են այդ պետությունների հետ, սակայն հայոց լեզվի առավելությունը, երբեք մեկ այլ լեզվի չի կարելի զիջել»:

 Գրողը նկատեց, թե կրթության և մշակույթի ոլորտների մեր նոր նախարարներից յուրաքանչյուրի ներդրումը պետք է լինի ներկայացնել սեփական ծրագիրը, իսկ դրանք պետք է խարսխված լինեն հայոց պատմության վրա, ինչպես նաև, միջազգային մակարդակով աշխարհի հետ հարաբերվելու հստակ մոտեցման վրա:

 «Հայերս պետք է ունենանք կրթության վերաբերյալ մեր Սահմանադրությունը, որում պետք է առաջնություն տրվի՝ նախհայեցի դաստիարակությանը, երկրորդը՝ համաշխարհային միջազգային մակարդակ դուրս գալու համար տարբեր լեզուների տիրապետելուն, որպեսզի կարողանանք մեզ ներկայացնել աշխարհին հենց այն երկրների լեզվով, որոնք միջամտում են Հայաստանի գործերին»:  

Կրթության հիմքում պետք է ընկած լինի ազգային մշակույթը, գրականությունը, ազգային պատմությունը, Ռուզաննա Ասատրյանը կարծում է, որ դա պարտավո՛ր են անել փոքր ազգերը. «Մենք ունենք Անանիա Շիրակացի, ունենք Նարեկացի, Թումանյան: Մեր ժողովուրդն ունեցել է համաշխարհային մակադրակի հասնող տաղանդավոր մարդիկ, ովքեր անգնահատելի մեծ դեր են ունեցել ոչ միայն հայոց ազգի համար, այլ՝ աշխարհի»: Գրողը հավելում է՝ փոքր ազգերի գոյությունը կախված է ինքնաճանաչողության մակարդակից, հակառակ դեպքում՝ արագ կձուլվեն այլ ազգերի հետ ու կվերանան:

«Եթե որևէ անհատ կամ պետություն չարժևորեց իր անցյալը, իր մշակույթն ու պետությունը, ապա աշխարհի ոչ մի երկիր նրան չի գնահատի, առաջինը մենք պետք է գնահատենք մեզ, իսկ մենք մեզ չենք ճանաչում: Հայերն այսօր արտագաղթում են, չեն ճանաչում իրենց պատմությունը, հայերն այսօր կարգուկանոն չգիտեն, չեն ճանաչում իրենց պատմությունը, հայերն իրենց երկրից փախչում են: Չեն մշակում, չեն խնամում, հոգ չեն տանում իրենց երկրի մասին: Հարկավոր է՝ «թավշյա» հեղափոխության հետ մեկտեղ ստեղծել, կերտել, գրել հայոց նոր պատմություն, եթե սրտացոավություն ունեն հայ ժողովրդի նկատմամբ, հայ ժողովրդի վաղվա օրվա նկատմամբ, ապա պետք է սկսեն նորից, որպեսզի կարողանանք երկիր դառնալ»,-եզրափակեց գրող հրապարակախոս Ռուզաննա Ասատրյանը:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /