• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
10.08.2018 | 20:00

Համախմբվելու հրամայականի առաջ

Հեղինակ՝ ԳՈՌ ԱՐՄԵՆՅԱՆ

Ցանկացած հեղափոխական գործընթաց ենթադրում է հնի քանդում: Սա նորմալ է: Սակայն  գիտակցո՞ւմ ենք մենք, թե՞ ոչ, նման գործընթացները նաև ջլատում են հանրության հավաքական ուժերը: Խնդիրն այստեղ այն է, որ հեղափոխական զանգվածի համար այս ամբողջ երեք և կես ամիսներին բացարձակապես ընկալելի չէ որևիցէ այլ կարծիք:

Սրա մասին շատ է խոսվել, չեմ կրկնվի, ուղղակի օգոստոսի 17-ից առաջ, կարծում եմ, եկել է ճշմարտության պահը: Եկել է պահը, երբ անհրաժեշտ է կանգ առնել, վերլուծել անցած ճանապարհը, հասկանալ որտե՞ղ ենք վրիպել: Իսկ որ վրիպումներ, ընդ որում՝ երկկողմանի, եղել են՝ աներկբա է: Կարծում եմ, որ մի կողմից իշխանությունը, մյուս կողմից՝ հասարակության առողջ զանգվածը, որը չունի այս երկրում այլ շահ, քան նրա առաջընթացին ու զարգացմանը նպաստելը, ընդ որում՝ ունի իր տեսլականը, ինչո՞ւ չէ, նաև քննադատական մոտեցումները, պետք է տարբերակ գտնեն և նստեն կլոր սեղանի շուրջ:

Միգուցե ոմանց համար տարօրինակ թվա, բայց որոշ փորձեր արդեն արվում են: Վերջին օրերի ընթացքում մենք ականատես եղանք երկու լուրջ ազդակների՝ ամենևին ոչ անսպասելի: Փորձենք դրանցից հետևություններ անել, առավել ևս, որ երկու պարագայում էլ, կարծեք թե, դեպքերը զարգանալու միտում ունեն:

Ազդակ առաջին: Չնայած նրան, որ հեղափոխականորեն տրամադրված զանգվածը երեք նախագահներին էլ դիտարկում է միևնույն բացասական հարթության վրա, ՀԱԿ-ն ամեն կերպ տարանջատում է իրեն և բացահայտ ցույց է տալիս, որ սատարում է վարչապետին, ինչը, սակայն, հասարակության կողմից, կարծեք թե, առայժմ չի ընկալվում: Ավելին, կրակի վրա յուղ լցրեց Զոյա Թադևոսյանի պացիֆիստական հայտարարությունը, որը, վստահ եմ, պատահական չէր և միտված էր հասարակական կարծիքը շոշափելուն: Այն, սակայն, վերածվեց յուրահատուկ «ֆալստարտի» և տիկինը ստիպված եղավ հրապարակայնորեն ներողություն խնդրել:

Ազդակ երկրորդ: Ամենևին պատահական չեմ համարում նաև Շուռնուխ գյուղի դեպքերը: Ըստ էության, ոչ մի արտառոց բան չի պատահել: Պարզապես, մեր հասարակության ոչ տրադիցիոն մի հատվածի կողմից ցուցադրական ակցիա իրականացվեց, հատկապես, այնպիսի տարածաշրջանում, որտեղ այն առավել անընկալելի էր ի սկզբանե: Վստահ եմ, սրանով ևս մի ստվար զանգված ցանկացավ հիշեցնել իշխանություններին ոչ միայն իր գոյության, այլև՝ վերջինիս անվերապահորեն սատարելու մասին:

Կարծում եմ, մինչև օգոստոսի 17-ը այլ ազդակներ նույնպես կլինեն: Այս պարագայում տրամաբանական կլինի, որպեսզի գործադիրն էլ ցուցաբերի իր պատրաստակամությունը՝ լսելու  նաև այլ քաղաքական ուժերի և, պարզապես, անհատների: Իշխանությունը պետք է կարողանա հասկացնել իր առավել ագրեսիվ համախոհներին (սովորաբար այդպիսիք էլ առաջինն են հիսաթափվում՝ սա կյանքի օրենք է), որ հասարակության մնացած հատվածն էլ հայեր են և ոչ պակաս սիրում են իրենց Հայրենիքը:

    Եկել է համախմբվելու ժամանակը: Մենք բոլորս դեռ մի քանի օր ունենք, որպեսզի փորձենք միասնաբար օգոստոսի 17-ը դարձնել իսկապես նշանակալի օր՝ կանգնեցնելով տարանջատումը և համախմբելով ազգը, ստեղծելով իրական երկխոսության նախադրյալներ: Հայրենիքը վտանգված է:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /