• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Լրահոս, Հայաստան
16.08.2018 | 11:00

Բոլոր առարկաները, ծրագրերը փոփոխության ենթակա են. առարկաների մի մասը դուրս կգա, և նորերը կավելանան. կրթության նախարար. Tert.am

Դպրոցականները, ուսանողները, ուսուցիչները և ընդհանրապես կրթության ոլորտով մտահոգված մարդիկ այսօր՝ օգոստոսի 15-ին, հավաքվել էին Կասկադում՝ հանդիպելու ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին և բարձրացնելու իրենց հուզող հարցերը:

Tert.am-ն առանձնացրել է քննարկման առավել հետաքրքիր մասերը:


Երիտասարդ գիտնականների աջակցության մասին

Անդրադառնալով պետության կողմից գիտնականների հանդեպ ուշադրության հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախևառաջ ոլորտում պետք է կարգ ու կանոն հաստատել, նոր խոսել բարեփոխումների մասին:

«Իրականում շատ բարդ ոլորտ է գիտությունը: Երբ դու գտնվում ես շատ վատ վիճակում, դու չես կարող անմիջապես լավագույնին հասնել: Ինչ-որ մի միջին-լավ վիճակի պետք է հասցնես ոլորտը, որ խոսես արդեն բարձր նպատակների մասին: Մենք փորձում ենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք գիտնականները բարձրացնում են, և այս պահին պետությունը հնարավորություն ունի դրանք լուծելու»,- ասաց նա:


Ընդունելության կարգի փոփոխության, շտեմարանային համակարգի կիրառելիության հարցը

Կրթության և գիտության նախարարն ընդգծեց, որ հայերենի քննության դեպքում շտեմարանները ցույց չեն տալիս գիտելիքի այն ամբողջ պաշարը, որն ունի աշակերտը: Ըստ նրա՝ դա հիմնականում անգիրի վրա հիմնված գիտելիքի ստուգման ձև է, որը փոփոխության պետք է ենթարկվի, բայց ոչ առաջիկա տարվա համար:

Նախարարն ընդգծեց, որ փոփոխությունները հանրակրթության մեջ արդեն նկատելի են կազմակերպման առումով, իսկ բովանդակային մասը փոփոխության կենթարկվի առաջիկա 1 տարվա ընթացքում:

«Հեղափոխությունը կրթական համակարգի համար մի քիչ անհարմար ժամանակահատվածում տեղի ունեցավ, որովհետև նոր ուսումնական տարուց առաջ լուրջ փոփոխություններ անելը հղի է ավելի մեծ կատակլիզմներով: Կրթական համակարգը, հատկապես՝ հանրակրթությունը, բավականին պահպանողական է, և զուտ տեխնիկական առումով նոր դասագիրք, նոր ծրագիր կիրառության մեջ դնելն ամիսների ու տարիների խնդիր է»,- նշեց նա:

Առարկաների բովանդակության, դասաժամերի լինել-չլինելու մասին

Ներկաների կողմից հարց բարձրացվեց հայոց եկեղեցու պատմություն առարկայի կրթական ծրագրի վերաբերյալ, ինչին ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս հարցում պետք է հաշվի առնել բոլորի կարծիքը, «որովհետև մարդիկ կան, որ ասում են՝ այս առարկան պետք է հանվի, մարդիկ էլ կան, որ ասում են՝ պետք է մնա»:

«Բոլոր առարկաները, բոլոր ծրագրերը փոփոխության ենթակա են: Դրանց մի մասն ընդհանրապես կհեշտացվի, մի մասը դուրս կգա: Օրինակ, Նորագույն շրջանի պատմությունը վերանայման կարիք ունի՝ հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի իրադարձությունների մասով: Մենք բոլոր այդ իրադարձությունների վերաբերյալ առաջիկայում գոնե քննարկումներ կունենանք: Նոր առարկաներ ևս կմտնեն, որովհետև աշխարհը 21-րդ դարում շատ արագ է փոխվում, և մենք շատ արագ պետք է արձագանքենք այդ փոփոխություններին, որպեսզի մեր դպրոցը լինի ժամանակակից, համապատասխանի արդի փոփոխություններին»,- նկատեց նախարարը:

Ուսուցիչների աշխատանքը թեթևացնելու մասին

Հանդիպմանը ներկա ուսուցիչների կողմից հարց բարձրացվեց Dasaran.am կայքի, նույն աշխատանքը մի քանի տեղում կատարելու վերաբերյալ: Նախարարն այս հարցում համակարծիք էր ուսուցիչների հետ և խոստացավ հնարավորինս նվազեցնել կրկնակի աշխատանքը՝ թղթային գործերը կրճատելով:

«Տեղյակ եմ՝ բազմաթիվ են բողոքները, որ ուսուցիչը նույն աշխատանքը մի քանի տեղ է կատարում՝ թղթային մատյանում, անձնական մատյանում, dasaran.am-ում: Իրականում, էլեկտրոնային ռեսուրսը նախարարության համար շատ կարևոր ինֆորմացիա է ամեն վայրկյան փոխանցում: Կարծում եմ՝ մենք լուծում կգտնենք դրա համար: Հիմա քննարկում ենք մատյանները էլեկտրոնային դարձնելու հարցը: Եթե մենք թղթային մասը հանենք, ապա որևէ պրոբլեմ չի լինի արդեն էլեկտրոնային ռեսուրսում այդ տվյալները լրացնել: Մենք կփորձենք առավելագույնս քչացնել նույն աշխատանքը տարբեր տեղ կատարելը»,- հայտարարեց նա:

Մասնագիտական գրականությունը հայերեն թարգմանելու հարցը

Նախարարը նշեց, որ մասնագիտական գրականության թարգմանությունը պետք է լինի, բայց ուսանողները պետք է կարողանան նաև մասնագիտական գրականությունը այլ լեզուներով կարդալ:

«Աշխարհը շատ արագ է զարգանում, բովանդակությունն էլ շատ արագ է փոխվում, և շատ արագ նոր գրականություն է ստեղծվում, այդ ծավալը թարգմանելը պրակտիկորեն անհնար է: Այդ պատճառով, լեզուների իմացությունը շատ կարևոր է»,- հայտնեց Արայիկ Հարությունյանը։

Ներառական կրթական համակարգի մասին

Հայաստանի մի քանի մարզեր արդեն անցել են ներառական կրթության. հատուկ դպրոցները  փակվում են և այդտեղ սովորող երեխաները ներառվում են հանրակրթական դպրոցներում:

«Իհարկե, սա շատ բարդ պրոցես է, որովհետև ավանդաբար մենք այս խնդրին ուշադրություն չենք դարձրել նախորդ տասնամյակներում, բայց հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում: Ինձ համար նաև պատվի հարց է, որ այս համակարգը կայանա: Ինչ-որ տեղեր այս անցման ժամանակ մի շարք երեխաներ դուրս են մնացել ուսումնառության պրոցեսից: Մենք հիմա բոլոր այդ խնդիրներն ուսումնասիրում ենք»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նաև ընդգծեց, որ այստեղ խնդիրներ կան մասնագետների ներգրավման, ուսուցիչների վերապատրաստման առումով:

 
 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /