• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
18.08.2018 | 15:00

Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ քաղաքականություն. ո՞ւմ էր դա ձեռնտու

  Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նախօրեին տված հարցազրույցին կրկին ու կրկին միևնույն հարցն եմ տալիս ինքս ինձ և դարձյալ չեմ գտնում միանշանակ պատասխան՝ ո՞ւմ էր ձեռնատու Հայաստանի երկրորդ նախագահին վերադարձնել մեծ քաղաքականություն, այն էլ՝ այսպիսի շռնդալից կերպով:

 

Ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, որը երբեք չի թաքցրել իր քաղաքական ակտիվությունը, այսօր էլ բացահայտ ընդգծում է իր, առնվազն, լոյալ վերաբերմունքը ներկայիս իշխանության հանդեպ, ավելին՝ շատերի կարծիքով, կանգնած է նրա թիկունքին, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որի  տարօրինակ և անսպասելի հեռանալը թույլ է տալիս նրա կողմնակիցներին հուսալ, որ իրենց շեֆի վերադարձը հնարավոր է, Քոչարյանի վերադարձի վրա գրեթե բոլորը <<խաչ էին քաշել>>:

   Երկրորդ նախագահն ընկալվում էր որպես թոշակառու, որն այլևս ուրիշ հետաքրքրություններ ունի՝ ընտանիք, բիզնես, սաֆարի և այլն: Նույնիսկ, եթե ինչ-որ տեղ, հոգու խորքում, Ռոբերտ Քոչարյանը չէր բացառում սեփական վերադարձը, դրա ուղիներն ուղղակի չէին նշմարվում: Առաջին հերթին նա չուներ սեփական հենարան՝ կուսակցության տեսքով: Այո, ժամանակին ևս մեկ պրոիշխանական կուսակցություն սռեղծելու գաղափարը՝ ի դեմս <<Բարգավաճ Հայաստանի>>, պատկանում էր երկրորդ նախագահին: Դրանով նա նաև ցանկանում էր որոշակի հակակշիռ ստեղծել ՀՀԿ-ին, զերծ պահելով նրան պետական լծակներն ամբողջությամբ իր ձեռքում կենտրոնացնելուց: Բայց տարիների ընթացքում,  ԲՀԿ-ն վերածվեց ձևավորված կառույցներով ինքնուրույն և լուրջ խաղացողի ու անհնար է պատկերացնել, որ այն երբևէ կարող է քաղաքական հիմք հանդիսանալ պարոն Քոչարյանի համար: Նոր կուսակցության հիմնումը նույնպես դժվար, թե մտներ նրա պլանների մեջ:

   Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական ասպարեզ վերադառնալու օբյեկտիվ պատճառներ այլևս գոյություն չունեին:  Ավելին, նրան ոչ ոք չէր էլ սպասում, քանի որ իր իշանության տարիներին, բոլոր դրական ձեռքբերումներով հանդերձ, Քոչարյանն այդպես էլ ձեռք չբերեց ժողովրդի սերը, վստահությունը. թերևս՝ ինչպես և մյուս երկու նախագահները: Եվ այստեղ խնդիրը միայն մարտի 1-ի  իրադարձությունները չեն, որոնք, իրականում այդքան էլ միաշնակ չեն և օբյեկտիվ գնահատականներ կարելի է տալ միայն անաչառ և թափանցիկ քննությունից հետո:

   Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի հետաքննության պաշտոնական ավարտից հետո էլ չփարատված կասկածները՝ առնվազն Քոչարյանի մերձավոր շրջապատի հնարավոր մեղավորության մասին,  երկրորդ նախագահի՝ չափից ավելի ինքնավստահ կեցվածքը, Ա1+ և ԳԱԼԱ հեռուստաընկերությունների փակումը, դեռ թարմ են ժողովրդի հիշողության մեջ:

Եվ այս ամենից հետո՝ 2008 թվականի մարտյան ողբերգական դեպքերի բացահայտման հետ կապված, Ռոբերտ Քոչարյանին հնարավորություն է տրվում վերադառնալ. ինչո՞ւ: Մ՞իթե դժվար էր հաշվարկել, որ իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ, պատերազմի բոհով անցած և մեր հաղթանակին շատ բանով նպաստած Քոչարյանն այն մարդը չէ, որ հլու-հնազանդ կընդունի մեղադրանքները կամ կգնա ինչ-որ պայմանավորվածությունների: Իսկ եթե դա լավ էլ հաշվարկվա՞ծ է: Այդ դեպքում՝ ո՞ւմ կողմից: Հնարավոր ենթադրությունները թողնում եմ ընթերցողին:

Այսքանից հետո լուրջ քաղաքական մեկնաբաններից ոչ մեկի համար բացահայտում չդարձավ երկրորդ նախագահի պարզ ակնարկն առ այն, որ նա, այսպիսով՝ վերադառնում է մեծ քաղաքականություն: Որտեղ, ի դեպ, երբեք ոչինչ պատահական տեղի չի ունենում:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /