• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
20.08.2018 | 23:00

Ես, մուլտիպլիկացիան և մենք. Ռոբերտ Սահակյանց

 

Այսօր հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, անվանի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի ծննդյան օրն է:

«
Շատերը պնդում են, որ արվեստը եւ մշակույթը չպետք է քաղաքականացված լինեն: Դա միֆ է. չկա որեւէ ստեղծագործություն, որ իր վրա չկրի այս կամ այն քաղաքական, գաղափարական կնիքը: Որ հասարակարգում էլ ապրելու լինենք, միեւնույն է` դրանից խուսափելն անհնար է... Մի՞թե քաղաքականությամբ չէին զբաղվում Թումանյանը, Իսահակյանը: Մի՞թե քաղաքականությունից հեռու էր Մարտիրոս Սարյանը»:

***

«
Իմ ֆիլմերը ժամանակագրական տեսքով հավաքելով մի ամբողջական ժապավենի մեջ, դարձել են իմ կենսագրությունը, կյանքի ու մարդկանց նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքի պատմությունը: Եվ եթե ափսոսում եմ «վատնած» ուժերիս համար` քաղաքական եւ հրապարակախոսական ֆիլմերի վրա, կմեղադրեմ ոչ թե ինձ, այլ այն վիճակին, որը ստիպում է արձագանքել ամեն մի պրոբլեմային եւ կոնֆլիկտային իրականությանը»:

***

«
Մուլտիպլիկացիա... Երեւի թե ես պետք է անպայման մտնեի այս աշխարհը: Դեռեւս չորս-հինգ տարեկան մանչուկ` արդեն սկսել էի նկարել: Նկարում էի հիմնականում ծաղրանկարային ոճով, եւ ահա մի անգամ նկարեցի ծաղրածուի գլուխ. չորս նկարներ, որոնք պատկերում էին գլխի շարժման չորս դիրք: Տասնմեկ տարեկանում թղթից ժապավեն սարքեցի, նկարազարդեցի եւ ամրացնելով կարի մեքենայի թափանիվի վրա, ստացա շարժման պատկերներ: Դպրոցն ավարտել էի, երբ մի օր մայրս ասաց, որ հեռուստատեսությամբ լսել է, թե «Հայֆիլմը» հրավիրում է երիտասարդ նկարիչների` մուլտիպլիկատորի մասնագիտություն սովորելու համար: Երբ ներկայացա, ինձ ընդունեց Վալենտին Պոդպոմոգովը: Այդ ժամանակ նա նկարահանում էր իր չորրորդ ֆիլմը` «Փարվանան»: Այսօր դժվարանում եմ ասել` ով էր Վալենտին Պոդպոմոգովը իմ կյանքում. իմ ուսուցի՞չը: Գուցե: Դժվարանում եմ, բայց նա այն մարդն էր, որի հետ հեշտ էր շփվելը, հեշտ էր աշխատելը... Նա անսահման կենսախինդ էր, կատակասեր, պատմություններ էր հորինում` իրական, ոչ իրական... Լավ զրուցակից էր, լավ խորհրդատու: Նա այն մարդն էր, որ ցանկացավ մուլտ նկարել` նկարեց: Եվ վերածնեց հայկական մուլտիպլիկացիան: Ու երբ որոշեց թողնել, թողեց այնպես հանգիստ, ինչպես հանգիստ սկսել էր... Նա իսկական արվեստագետ էր, եւ ես հպարտ եմ, որ ինձ մուլտիպլիկացիա է բերել Պոդպոմոգովը: Մենք նրանից սովորեցինք թե մուլտ նկարահանելու գաղտնիքները, թե առողջ կատակն ու ուրախ հումորը: Մեր խումբը մինչեւ այսօր էլ ապրում եւ աշխատում է այդպիսի մթնոլորտում: Դա մեզ օգնում է լավ աշխատել եւ լավ հասկանալ միմյանց»:

***

«
Ի՞նչ է ինձ համար մուլտիպլիկացիան... Իմ մտքերը, ասելիքը պարզապես արտահայտելու միջոց: Ես ցանկություն չունեմ նկարչությամբ կամ իմ ռեժիսուրայով զուտ արվեստ ցուցադրել, իմ պարզ ցանկությունն է ասելիքս հասցնել հանդիսատեսին: Իմ մուլտիպլիկացիան մոտ է ժուռնալիստիկային կամ գրականությանը: Եթե գրել կարողանայի այնպես, ինչպես նկարում եմ, ապա կգրեի հրապարակախոսական հոդվածներ կամ պատմվածքներ, հեքիաթներ` իմ մտքերը կկիսեի ընթերցողներիս հետ:

Կգտնվեն մարդիկ, հատկապես մուլտարվեստով չզբաղվող «մասնագետներ», որոնք կմեղադրեն ինձ. իրենց գործն է... Ես գտնում եմ, որ իմ ստեղծածի մեծ մասը հրապարակախոսական ֆիլմեր են: Գրիչի փոխարեն իմ ձեռքին մատիտն է: Ես քայլում եմ ժամանակի հետ` ժամանակի զարկերակը ափիս մեջ»:

***

«
Խորհրդային մեծ կայսրության փլուզում, Ղարաբաղյան շարժում, երկրաշարժ, պատերազմ, պուտչ.. Ես չէի կարող մատիտ բանեցնել ու նկարել նապաստակներ, արջուկներ ու շտապել փառատոների: Ինչ արած, որ իմ այդ ժանրի ֆիլմերը մոռացվում են.. Բայց չէ որ դրանց գոյությունը խիստ անհրաժեշտ է հենց այդ- կոնկրետ ժամանակաշրջանում: «Ամեն ինչ լավ է» ֆիլմը նկարել եւ ավարտել էի նախքան պուտչը: Կինոյի տանը այն ցուցադրվեց բառիս բուն իմաստով պուտչի նախօրեին: Ոմանք չէին հավատում եւ պնդում էին, որ նկարել եմ դրանից հետո, ոմանք էլ հիացած էին իմ կանխատեսումով...

«
Ընտրություններ» ֆիլմով, նկարված Ռուբեն Հախվերդյանի «Նախագահական ընտրություններ» հայտնի երգի մոտիվներով, ես իմ վերաբերմունքը ցուցադրեցի անխուսափելի կործանման գնացող ՀՀՇ-ական դատարկ, սնամեջ «գաղափարախոսության» հանդեպ: Եվ մենք ունեցանք ՀՀՇ-ականության տապալումը»:

Ըստ Սերգեյ Գալստյանի «Կախարդական գորգ» գրքի


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /