• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Գլխավոր լուր, Աշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս
12.09.2018 | 19:45

ԱՄՆ պարտադրա՞նքը

Հեղինակ՝ Վահրամ Աթանեսյան

Socar պետական նավթային ընկերության ներկայացուցիչն օրերս Վաշինգտոնում հայտարարել է, որ Հարավային գազային միջանցքը չի կարող լինել ռուսական Գազպրոմի մրցակիցը գազի եվրոպական շուկայում, քանի որ լավագույն դեպքում այդ խողովակաշարով Եվրոպայի հարավային երկրներին տարեկան կարող է մատակարարվել ոչ ավելի, քան 20 միլիարդ խորանարդ մետր գազ: Դա այն դեպքում, երբ Գազպրոմը տարեկան 200 միլիարդ խորանարդ մետր գազ է վաճառում եվրոպական երկրներին, եւ ծավալները գնալով ավելի են աճում:https://minval.az/news/123822577 Այս հայտարարությունը կարելի է ազդանշանային համարել: Ըստ երեւույթին, խնդիրը քննարկվել է ամենաբարձր մակարդակով, եւ ադրբեջանական կողմին ուղղակի ասվել է, որպեսզի ձեռնպահ մնա Եվրամիության էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացման ամերիկյան նախագծումներին մասնակցությունից:

Ռուսաստանը փաստացի Ադրբեջանին պարտադրել է հրաժարվել ամերիկյան էներգետիկ հավակնություններին օժանդակելու մտադրությունից: Հատկանշական է այս առթիվ ՌԴ նախագահ Պուտինի գնահատականը, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը գործում են խիստ ինտեգրվածությամբ: Այդ գնահատականը հնչել է Ադրբեջանի նախագահի հետ սեպտեմբերի 1-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում եւ փաստացի նշանակում է, որ Ռուսաստանը վերահսկում է ադրբեջանական էներգետիկ ծրագրերը, դրանք չեն կարող հակասել ռուսական կողմի թե տնտեսական, թե, մանավանդ, աշխարհաքաղաքական շահերին: Թեմայի շուրջ քաղաքական մեկնաբանություններում գերիշխում է տեսակետը, որ Ադրբեջանը հետեւողականորեն նախընտրում է Ռուսաստանի առաջնորդությամբ եվրասիական կառույցներին ինտեգրվելու ռազմավարությունը, ինչը կարող է բերել այդ երկրի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման փոփոխության: Իրավիճակն այնպիսին է, որ Վաշինգտոնը բավական տեւական ժամանակ աչք է փակում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի դեմ՝ կարեւորելով Բաքվի դերը Եվրոպայում գազի ռուսական մենաշնորհի դեմ մրցակցությունում: Եւ եթե Ադրբեջանը չի կատարում այն դերը, որ վերապահված է նրան ամերիկյան կանխածրագրով, ապա, ինչպես շատ փորձագետներ են արդարացիորեն նկատում, հետեւելու է Վաշինգտոնի կոշտ անդրադարձը: Առայժմ ամերիկյան կողմը սպասողական դիրք է պահպանում:

Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը եւս մեկ անգամ, բայց արդեն չափազանց լուրջ փորձ է անելու, որպեսզի ճշտի Ադրբեջանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջան է այցելում Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: Ինչպես տեղեկացնում են իսրայելական աղբյուրները, Լիբերմանը Բաքվում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:https://minval.az/news/123822577 Դա տեղի է ունենում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրումից հետո: Այդ փաստաթուղթն Ադրբեջանին եւ Իրանին հնարավորություն է տալիս Կասպից ավազանում համատեղ էներգետիկ ծրագրեր իրականացնել: Ըստ երեւույթին, նման հեռանկարն անհանգստացնում է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, որոնք Իրանի հարցում չափազանց արմատական վերաբերմունք ունեն եւ բացառված չէ, որ Լիբերմանը Բաքվում ներկայացնելու է նաեւ պաշտոնական Վաշինգտոնի մտահոգությունները: Մանավանդ որ տեղեկություն է տարածվել, որ մինչեւ տարեվերջ Մոսկվայում նախատեսվում է անցկացնել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողով: Միացյալ Նահանգները, այսպիսով, Ադրբեջանին կանգնեցնում են ընտրության առջեւ:

Ռուսական Regnum-ի մեկնաբանը ենթադրում է, որ սեպտեմբերի վերջին ՌԴ նախագահ Պուտինը Բաքու է այցելում, որպեսզի ճշտորոշի Ադրբեջանի հավանական դերակատարությունը՝ կապված Մերձավոր Արեւելքում հնարավոր զարգացումների հետ: Կարելի է մեծ հավանականությամբ եզրակացնել, որ Ադրբեջանի ընտրությունը կլինի հօգուտ անվտանգության եւ տնտեսական այն կառույցների, որոնք գլխավորում է Ռուսաստանը: Ո՞րն է լինելու Վաշինգտոնի պատասխանը: Ըստ երեւույթին, Սպիտակ տունը շրջանառության է դնելու Ադրբեջանում հակաժողովրդավարական իշխանության թեման՝ դրանից բխող քայլերով հանդերձ:

 



 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /