• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
13.09.2018 | 12:02

«Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել». «Մեդիամաքս»

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Մեդիամաքս»գործակալությանը:

Հարցազրույցն արվել է 2018թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան՝ մինչ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը:

Հարցազրույցից որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորև.

- Պարոն Քոչարյան, Ձեր կալանավորումից հետո Ձեր դեմ հանդես եկող որոշ լրատվամիջոցներ փողոցներում հարցումներ անցկացրին, որոնց մասնակիցների մեծ մասը կտրուկ բացասական արտահայտվեց Ձեր մասին: Ձեզ լոյալ լրատվամիջոցներն էլ իրենց հարցումներն արեցին, եւ պատկերը լրիվ հակառակն էր: Պատրա՞ստ եք դուրս գալ եւ քայլել Երեւանի, Գյումրիի, Վանաձորի փողոցներով, խոսել մարդկանց հետ՝ Ձեր նկատմամբ նրանց իրական վերաբերմունքը հասկանալու համար:

- Կարծում եմ, որ նման կերպով հանրության մեջ հայտնվելը դժվար թե ռեպրեզենտատիվ լինի: Հանրային կարծիքի գնահատման ավելի ճիշտ մեթոդներ կան, եւ իմ թիմն այժմ զբաղվում է դրանով: Փողոց դուրս գալու առումով երբեք խնդիր չեմ ունեցել: Վերջին տարիներին միշտ միայնակ եմ ճանապարհորդել, հանդիպել բազմաթիվ մարդկանց եւ երբեք բացասական վերաբերմունք չեմ զգացել իմ նկատմամբ: Հակառակը՝ մարդիկ մոտենում են, լուսանկարվում, ինչ-որ բան հարցնում:  

Էյֆորիան, որ կա Հայաստանում, իհարկե, որոշ չափով դեֆորմացրել է իրավիճակը, բայց, կարծում եմ, որ լավ հիմք ունեմ, որի վրա կարելի է կառուցել հետագա գործողությունները

- Դուք հիշատակեցիք էյֆորիան: Այն եկավ փոխարինելու ապատիան, որը, ինչպես Դուք էիք ասում վերջին տարիների հարցազրույցներում, իշխում էր հասարակությունում: Ապրիլին տեղի ունեցածը Ձեզ զարմացրե՞ց

- Ո՛չ: 2016թ.-ին ոստիկանության գնդի գրավումից հետո ես ասել էի, որ դա «դեղին քարտ» էր Հայաստանի քաղաքական համակարգին: Ինձ ապշեցրել էր, որ հասարակության մի մասը, ըստ էության, դրական գնահատական տվեց ահաբեկչական գործողություններին: Զոհվեց երեք ոստիկան, բայց, չնայած դրան, հանցավոր գործողություններ կատարած մարդիկ բավական լայն հանրային աջակցություն ստացան: Այնպես որ, քանի որ գիտակցում էի հասարակության մեջ կուտակված դժգոհության աստիճանը, այս գարնան իրադարձություններն ինձ համար մեծ անակնկալ չեղան: Զարմացրեց այն, թե ինչպես դրանք այսպես կոչված «թավշյա հեղափոխության» վերաճեցին:

- Իսկ Ձեզ զարմացրե՞ց, որ հենց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց համախմբել մարդկանց եւ նրանց բողոքն իրացնել անարյուն ճանապարհով:   

- Կարծում եմ, որ իրադարձություններն անարյուն սցենարով զարգացան ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրության շնորհիվ, այլ այն պատճառով, որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել: Առկա էր իշխանության պասիվ հակազդեցությունը ընդդիմադիրների կողմից կիրառվող մեթոդներին:

Մյուս կողմից, այո՛, ինձ զարմացրեց այն, որ գործընթացի ղեկին կանգնեց Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող դաշինքի ղեկավարը: Կարծում եմ՝ նրանց հաջողվեց որսալ պահի «պատմականությունը», «ալիքը բռնել» ու ցնցող հաջողության հասնել:    

- Այս հարցազրույցին պատրաստվելիս կարդացի վերջին 10 տարվա Ձեր հարցազրույցների մեծ մասը եւ հայտնաբերեցի, որ իշխանությունների հասցեին Ձեր հնչեցրած քննադատությունը, եթե ոչ ձեւով, ապա բովանդակությամբ շատ նման էր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը: Եվ այսօր որոշակի հեգնանք կա նրանում, որ այն ռեժիմը, որը երկուսդ էլ քննադատում էիք, այլեւս չկա, բայց հիմա սուր դիմակայություն է ծավալվում Ձեր եւ Փաշինյանի միջեւ

-Ես միշտ ասել եմ, որ հայտնելու եմ տեսակետս հանրությանը անհանգստացնող բոլոր հարցերի վերաբերյալ՝ լինի դա կենսաթոշակային բարեփոխումը, սահմանադրական փոփոխությունները, տնտեսական քաղաքականությունը: Եվ կարծիքս հայտնում էի

Ինչո՞ւ ենք այսօր ես եւ Նիկոլ Փաշինյանը տարբեր բեւեռներում: Ես միանշանակ պատասխան չունեմ: Հավանական է, որ նա իմ մեջ ինչ-որ սպառնալիք է տեսնում

- Այսինքն, ամեն ինչ նորից տեղափոխվո՞ւմ է ոչ թե գաղափարական, այլ անձնական դիմակայության դաշտ: Դուք Նիկոլ Փաշինյանին թշնամի՞ եք համարում:

- Ես սովոր չեմ այդպիսի եզրույթներ օգտագործել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացներին: Սակայն կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»: Չեմ կարծում, որ առաջին ատյանի վախեցած դատավորը, որը քննում էր գործս, ինձ այնքան էր ատում, որ դատավարությունը նշանակեց գիշերը ժամը 01:30-ին: Ես հասկանում եմ, թե ում էր դա պետք:  

- Պատմեք Պուտինի հետ Ձեր հարաբերությունների մասին: Գործընկերների հարաբերությունները ընկերության վերածվեցին Ձեր կողմից նախագահի աթոռը  թողնելուց հետո, թե՞ այն ժամանակ, երբ դեռ գործող նախագահ էիք

- Մենք լավ ընկերական հարաբերություններ ունեինք, երբ ես նախագահ էի եւ դրանք շարունակվեցին իմ կողմից պաշտոնը թողնելուց հետո: Բայց ես երբեք չեմ ցուցադրել այդ հարաբերությունները եւ դրանց մասին երբեք չեմ խոսել

- Ձեր ընդդիմախոսների կողմից առաջ քաշվող մեկ այլ թեման Ձեր ունեցվածքն է: 4 մլրդ դոլարի մասին պնդումները Դուք անհեթեթություն անվանեցիք: Ակտիվ քաղաքականություն վերադառնալով, պատրա՞ստ եք բացահայտել Ձեր իրական ֆինանսական կարողությունը եւ եկամտի  աղբյուրները

- Անկասկած,պատրաստ եմ: Հիմա երկու լրագրողական հետաքննությունների վրա աշխատանք է տարվում, եւ արդյունքները մոտ ապագայում կհրապարակվեն: Կարծում եմ, իշխանությունները իրականում լավ գիտեն՝ ինչ ունի եւ ինչ չունի մեր ընտանիքը: Բայց պարադոքսը նրանում է, որ 4 մլրդ դոլարի մասին առասպելը՝ բացարձակ հիմարություն լինելով, այնուամենայնիվ, ուժեղ հարվածում է հեղինակությանը:  

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /