Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:
Ավետիք Իսահակյան

Ադրբեջանական քարոզչամիջոցը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, Իրանին, Ռուսաստանին և Վրաստանին

adrbejane-sahmanayin-xndir-couni-miayn-kaspic-covoum

Ֆեյսբուքում գրանցվել է «Բութով ազարբայջան օջախլարը» (Ադրբեջանական միասնական օջախներ) անվանումով օգտատեր, որը նաեւ վարում է www. Boa.az կայքը: Առաջին իսկ գրառումները եւ տարածած նյութերը վկայում են, որ մեդիա-տարածք է մտել ծայրահեղ ազգայնականություն եւ հարեւանների նկատմամբ անհանդուրժողականություն քարոզող մի սուբյեկտ, որի գործունեությունը խարսխվում է այն հենքի վրա, որ նախանցյալ դարի սկզբներին Ռուսաստանը եւ Իրանը «մասնատել են միասնական ադրբեջանական պետությունը` նրան պատճառելով ինքնիշխանության եւ պատմական տարածքների ահռելի կորուստներ»:

Ըստ այդմ, ներկայումս «միասնական Ադրբեջանից բռնազավթված են Երեւանը, Թավրիզը, Դերբենտը եւ Բորչալուն»:

Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական նշված քարոզչամիջոցը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, Իրանին, Ռուսաստանին եւ Վրաստանին: Ընդ որում, դա արվում է ոչ թե ներկայիս Ադրբեջանի հանրապետության, այլ «հիսուն միլիոնից ավելի ադրբեջանցի թուրքերի» անունից:

Ամենակատաղի հարձակման թիրախը երկուսն են` Հայաստանը եւ Իրանը: Վերջինս բնութագրված է որպես «պարսկական շովինիզմի» կրող, քաղաքականություն, որի հետեւանքով «երկրի բնակչության կեսից ավելի կազմով ադրբեջանցի թուրքերը զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու, իրենց մշակույթը զարգացնելու եւ ազգային ավանդույթները պահպանելու հնարավորությունից»:

Դիտարժան է, որ ֆեյսբուքյան այդ խումբը եւ համանուն կայքը ստեղծել են քննարկումների իրենց հարթակը, որը գործում է ամենշաբաթյա ռեժիմով: Կլոր սեղանի ձեւաչափով անցկացվող հանդիպումներին մասնակցում են պատմաբաններ, իրավունքի եւ միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետներ, մշակույթի եւ գրականության գործիչներ: Հիմնականում գեներացվում է «միասնական Ադրբեջանի» տեսլականը: Խոսքը վերաբերում է մի հավանական պետության, որի սահմանները հարավում հասնում են գրեթե Իրանի մայրաքաղաք Թեհրանին, հյուսիսում` ՌԴ Դաղստանի ինքնավար հանրապետության Դերբենտ քաղաքին, իսկ արեւմուտքում` Երեւանին եւ Թբիլիսիին:

Ըստ տեսլականի` այդ պետությունը պետք է միավորի տարածաշրջանում ապրող բոլոր թուրք-ադրբեջանցիներին եւ համադաշնային հարաբերությունների մեջ լինի Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների հետ: Խնդիրն ուշադրության է արժանի այն իմաստով, որ Ադրբեջանում ազատ մամուլ եւ սոցիալական ցանցեր գոյություն չունի: Ալիեւյան ռեժիմը վերահսկում է ամենավերջին օգտատիրոջ անգամ անձնական բնույթի գրառումները եւ ըստ հայեցողության արգելափակում կամ արտոնում դրանք: Նորահայտ ֆեյսբուքյան խումբը եւ, մանավանդ, նույնանուն կայքը չէին կարող ազատորեն մուտք գործել մեդիա-տիրույթ եւ ազատ գործունեություն ծավալել, եթե ամեն ինչ համաձայնեցված չլիներ իշխանությունների, առանձնապես` հատուկ ծառայությունների հետ:

Ելնելով այս իրողությունից, կարելի է եզրահանգել, որ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ սրված են ԱՄՆ-Իրան հարաբերությունները եւ աճում է Իրանի դեմ ռազմական գործողությունների հավանականությունը, Ադրբեջանի իշխող ռեժիմը սկսել է քարոզչական նախապատրաստությունը, որպեսզի ենթադրյալ ճգնաժամային իրավիճակում պատրաստ լինի առաջ մղելու հարեւան երկրների նկատմամբ սեփական տարածքային հավակնությունները: Ադրբեջանական մամուլի այդ թեմայով վերջին հրապարակումների մեծ մասի տոնայնությունը բացահայտ միլիտարիստական է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի հարավի նկատմամբ:

Վերջին օրերին խիստ սրվել են վրաց-ադրբեջանական հարաբերությունները` կապված սահմանի ճշտորոշման հետ: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Ադրբեջանում չեն կարողանում թաքցնել սպասումները, թե երբ կսկսվեն այդ երկրի դեմ ռազմական գործողությունները:

Բաքվի գործակալներն սկսել են Թավրիզում, Ուրմիայում, Արդեբիլում եւ իրանական այլ քաղաքներում քայքայիչ աշխատանքներ տանել` ուղղված թուրքախոս բնակչության շրջանում հակակառավարական տրամադրությունների եւ մոլեռանդ ազգայնականության տարածմանը եւ հնարավոր գեներացմանը: Նույն չափով տարածում են գտնում նաեւ հակառուսական հրապարակումները: Հատկապես, շեշտվում է, որ Ռուսաստանը «սկսել է անձնագրեր բաժանել Ադրբեջանի հյուսիսային շրջաններում»: Խոսքը լեզգիաբնակ շրջանների մասին է, որոնք ձգտում են միավորվել Դաղստանի ինքնավար հանրապետության հետ: Այս հատվածում Ադրբեջանը կարող է անցնել առաջանցիկ քայլերի` հրահրելով Դերբենտի եւ համանուն շրջանի էթնիկ ադրբեջանցիներին եւ նրանց մղելով անջատողական քայլերի:

Մամուլի հրապարակումներից դատելով` Ադրբեջանն առայժմ սահմանային խնդիրներ չունի միայն արեւելքում` Կասպից ծովում: Բայց դա կարող է դրսեւորվել ամեն պահի` Իրանի եւ Թուրքմենստանի հետ տարաձայնություններով: Պատահական չէ, որ Ադրբեջանը Կասպից ծովում արդիականացնում եւ վերազինում է իր ռազմական ուժերը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ