Ադրբեջանը խնդրում է Մխիթարյանին

adrbejane-xndroum-e-mxitaryanin

   Մայիսի 29-ին Բաքվում ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ` «Չելլսի»- «Արսենալ» մրցախաղին ընդառաջ չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե կմասնակցի՞ այդ մարզական միջոցառմանը «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

   Բրիտանական ֆուտբոլային ակումբին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել են, որ Մխիթարյանն անվտանգության նկատառումներով կմնա Լոնդոնում: Հնարավոր է, նման որոշում կայացվել է` հաշվի առնելով հանգամանքը, որ Մխիթարյանի ներկայությունը կարող է բացասական մթնոլորտ ստեղծել «Արսենալի» նկատմամբ առհասարակ` այդ կերպ դժվարացնելով ակումբի խաղը: Խնդիրը, երեւում է, Ադրբեջանի համար ձեռք է բերել խիստ սկզբունքային նշանակություն:

«Չելսի»- «Արսենալ» եզրափակիչ խաղի կապակցությամբ Բաքու են մեկնելու ոչ միայն մեծ թվով բրիտանացի մարզասերներ, այլեւ լրագրողներ եւ մեկնաբաններ: Եւ եթե Մխիթարյանը չմասնակցի խաղին, ապա տեղեկատվական բոլոր հոսքերում այդ փաստն, անկասկած, ընդգծվելու է, դրա շուրջ արվելու են տարաբնույթ մեկնաբանություններ: Եվրոպական մարզական աշխարհում, այդպիսով, ձեւավորվելու է Ադրբեջանի` որպես անհանդուրժողական եւ այլատյացությամբ վարակված  երկրի կայուն վարկանիշ:

 Բաքուն, մինչդեռ, ֆուտբոլի եվրոպական լիգային եզրափակիչ խաղը հյուրընկալելու համար ահռելի ջանքեր եւ միջոցներ է ծախսել հենց հակառակն ապացուցելու համար: Մխիթարյանի Բաքու մեկնել-չմեկնելու խնդիրն այս իմաստով Ադրբեջանի համար ստանում է քաղաքական մեծ նշանակություն: Իրավիճակը շտկելու համար Ալիեւի ռեժիմը գործի է դրել բոլոր հնարավորությունները: Ադրբեջանցի դիվանագետները հետեւողական աշխատանք են տանում «Արսենալի» պատասխանատուների հետ:

   Երեւում է, հարցի կարգավորման հանձնարարություն է ստացել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատունը: Օրերս բրիտանական մամուլին հարցազրույց է տվել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր  դեսպան Թաիր  Թաղիզադեն: Նա Հենրիխ Մխիթարյանին բաց տեքստով խնդրել է կապ հաստատել իր հետ եւ «պաշտոնական երաշխիքներ ստանալ, որ Բաքվում նրա անվտանգությունը կապահովվի ամենաբարձր մակարդակով»:

    Ադրբեջանցի դիվանագետը ստիպված է եղել խոստովանել, որ Մխիթարյանին մուտքի արտոնագիր տալու որոշումը բավական ծանր է եղել: Խնդիրն այն է, որ Մխիթարյանը ժամանակ առաջ այցելել է Արցախ: Ադրբեջանում հաստատված ավանդույթի համաձայն` նրա անունն ընդգրկվել է ԱԳՆ «սեւ ցուցակում»: Դա նշանակում է, որ նրա համար սկզբունքորեն փակ է Ադրբեջան մուտքի հնարավորությունը: Բայց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղն այնքան կարեւոր մարզական իրադարձություն է, որ Ադրբեջանը հարկադրված է եղել մի կողմ թողնել քաղաքական որոշումը եւ արտոնել Մխիթարյանի մուտքը: Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը, դիմելով Մխիթարյանին, ասել է, որ  նրան վարձատրում են որպես ֆուտբոլիստի, այլ ոչ թե` քաղաքական գործչի, հետեւաբար նա պետք է ներկա գտնվի «Չելսի»-«Արսենալ» խաղին: Ստացվում է, որ Ադրբեջանը Մխիթարյանին արդեն խնդրում է, որպեսզի նա մեկնի Բաքու եւ «Արսենալի» կազմում մասնակցի ֆուտբոլիԵվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Հակառակ պարագայում Ադրբեջանի ակնկալած տոնը չի ստացվի` անկախ եզրափակիչ խաղի կազմակերպման մակարդակից եւ վերջնարդյունքից: Մխիթարյանի բացակայությունը կդառնա  առիթ, որպեսզի եվրոպական մարզաշխարհում Ադրբեջանը վարկանիշային կորուստներ ունենա: Մանավանդ որ, խաղին ընդառաջ` բրիտանական ԱԳՆ-ն արդեն իսկ որոշակի բացասական երանգներով հայտարարություններ է տարածել:

  Խնդիրը ստացել է քաղաքական երանգավորում: Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թաղիզադեն տարակուսում է, թե նման հիմքեր չկան: Նրան զարմացրել է տեղեկությունը, որ «Արսենալը» պահանջել է Բաքվում մեծացնել անվտանգության աշխատակիցների թիվը եւ շուրջօրյա վերահսկողություն հաստատել հյուրանոցի նկատմամբ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանական կողմը պատրաստվում է Բաքու գործուղել անվտանգության եւ ոստիկանական ուժեր, որպեսզի ավելի երաշխավորված լինի բրիտանացի ֆուտբոլիստների եւ մարզասերների անվտանգությունը: Այս իրավիճակից միակ եզրակացությունն այն է, որ «Չելսի»- «Արսենալ» մրցախաղը Բաքվում անցկացնելու  որոշումը հիմնավորված չէ: Եւ եվրոպական մարզական կառույցները դրանից պետք է լրջագույն հետեւություններ անեն:

   Ադրբեջանը դեռեւս չափազանց հեռու է հանդուրժողականությունից: Այդ երկրում կարող են այլատյացության հողի վրա անակնկալներ մատուցել: Եւ միանգամայն արդարացված կլինի «Արսենալի» վերջնական որոշումը` Հենրիկ Մխիթարյանին Բաքու չտանելու մասին: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Մխիթարյանի ներկայությունը չի վերածվի «Արսենալի» դեմ տոտալ թշնամական վերաբերմունքի` կանխորոշելով մրցախաղի արդյունքը: Թեեւ բացառված չէ, որ առանց Մխիթարյանի էլ «Արսենալի» համար Բաքվում հանդես գալը ծանր լինի:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ