Ադրբեջանի «գիտական» էքսպանսիան

adrbejani-gitakan-eqspansian

Բաքվի պաշտոնական քարոզչությունը մշտապես շեշտադրում է, որ Ադրբեջանը հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջությունը եւ «ի տարբերություն Հայաստանի` հարեւաններից եւ ոչ մեկին հողային պահանջներ չի ներկայացնում»:

 Բայց իրականությունը բոլորովին այլ է: Բավական էր, որ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին բարձրաձայներ վրաց-ադրբեջանական սահմանազատման մասին, իսկ վրաց հասարակական-քաղաքական շրջանակները կենտրոնանային վաղ միջնադարյան Դավիթ Գարեջիի վանական համալիրի ճակատագրի վրա, որպեսզի Ադրբեջանն անցնի «գիտական» էքսպանսիայի: Այդ երկրի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական խորհուրդն օրերս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Դավիթ Գարեջիի համալիրն անվանված է «աղվանական մշակույթի կոթող»: Այդ դեռ բավական չէ, ադրբեջանցի պատմաբանների համոզմամբ` Վրաստանի ներկայիս տարածքի մի շատ զգալի մասը` ներառյան Թբիլիսին, պատմականորեն «եղել են թյուրքական էթնոսի հողեր... »: Ադրբեջանցի պատմաբանները չեն զլացել վարկածել, որ «վրացական պետության կայացման գործում» անգնահատելի ներդրում են ունեցել թյուրքերը, որոնք կազմել են Թամար թագուհու զորքերի միջուկը»:

 Այսպիսով, ադրբեջանական կողմը «գիտական հիմք» է նախապատրաստում, որպեսզի սահմանազատման հարցով բանակցություններում օգտագործի որպես կռվան: Տեղեկություն կա, որ խնդրի շուրջ նախնական խորհրդատվություններ են անցկացրել Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ փոխնախարարները: Մոտ ապագայում սպասվում է սահմանազատման հարցով հանձնաժողովների նիստ: Ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, որ հիմնական բանավեճ ծավալվելու է Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ: Վաղ միջնադարյան այդ կառույցը մի մասով ներկայումս գտնվում է Վրաստանի, մյուսով` Ադրբեջանի վերահսկողության ենթակա տարածքում:

 Դատելով մամուլի հրապարակումներից, Թբիլիսին առաջարկում է փոխզիջումային տարբերակ` տարածքային փոխանակություն կատարել եւ վերջնականապես փակել հարցը: Ինչպես ցույց է տալիս ադրբեջանցի պատմաբանների տարածած հայտարարությունը, Բաքվում հարցին նայում են ազգային ինքնության տեսանկյունից եւ մտադիր չեն զիջումների գնալ: Ադրբեջանը փաստացի գտնում է, որ եթե Դավիթ Գարեջիի վանական համալիրի նկատմամբ ամբողջական վերահսկողությունն անցնի Վրաստանին, ապա դրանով ի դերեւ է ելնում Հարավային Կովկասում ադրբեջանցիների նախաբնիկ  էթնոս լինելու  տեսությունը, որը Բաքվում մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել դեռեւս անցյալ դարի երկրորդ կեսերից ի վեր: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ այդ հարցում Ադրբեջանի շահերն սպասարկել են նաեւ որոշ վրացի պատմաբաններ` ի վնաս Հայաստանի եւ հայ ժողովրդի: Այժմ եկել է սեփական մեղքերի համար տարածաշրջանում վրացական ինքնության շուրջ ադրբեջանցիների հետ ծանր բանավեճով վճարելու ժամանակը: Ըստ երեւույթին, Վրաստանում սկսել են հասկանալ, թե ինչ հեռագնա նպատակների հիման վրա է կառուցվել «վաղնջական աղվանական պետության ադրբեջանական իրավահաջորդության,, գաղափարախոսությունը:

Պետք է հուսալ, որ վրացական կողմին կհաջողվի ոչ միայն դիմակայել, այլեւ պաշտպանել սեփական ազգային ինքնությունը: Մինչ այդ, սակայն, Ադրբեջանը «գիտական» բանավեճի մեջ է մտել Իրանի հետ: Բաքվում «հայտնագործել են» Իրանի հյուսիսում Քրիստոսից երեք հազար տարի առաջ գոյություն ունեցած «թյուրքական պետություն»` կոչելով այն «Մաննա,,: Աչքի է զարնում, որ այդ «գիտական թեզը» շրջանառության է դրվել Իրանի դեմ ԱՄՆ հավանական գործողությունների վերաբերյալ տեղեկատվության հետ զուգահեռ: Դրանից միայն մի հետեւություն կարելի է անել` Բաքվում նախապատրաստվում են Իրանի ենթադրյալ մասնատման դեպքում ակտուալացնել Ադրբեջանի «վերամիավորման» իրենց վաղեմի տեսլականը: Բաքվում եւս մի «գիտական» տեսակետ է ձեւավորվել` որ թյուրքերն Իրանում «ոչ թե ազգային փոքրամասնություն, այլ տիտղոսակիր ազգ են»:

  Ենթատեքստը պարզ է` Իրանը կարող է մասնատվել, եւ թյուրքերն իրավունք կունենան հռչակելու իրենց պետությունը` Թավրիզ մայրաքաղաքով, որից հետո կգա «միասնական Ադրբեջանի» հերթը: Հայտնի է, որ պետություններն իրենց ապագա քայլերը կանխածրագրում են գաղափարախոսությամբ: Այս տեսակետից Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ մասամբ Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի «գիտական» էքսպանսիայից կարելի է լուրջ հետեւություն անել, որ Բաքվում օրակարգային է դիտվում տարածաշրջանում հզոր թյուրքական պետություն ստեղծելու գաղափարը:

 Այդ ծրագրին առայժմ իրական ռեժիմում միայն Հայաստանն է դիմայակում: Կմիանան մյուսներն այդ քաղաքականությանը: Թվում է` այո: Հակառակ պարագայում կարող ենք ականատես լինել տարածաշրջանային մեծ անկայունության:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ