Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Ադրբեջանում աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

adrbejanoum-aj-cerqe-cgiti-inc-e-anoum-caxe

Օրերս Լյուքսենբուրգում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որն ընդունել է ամփոփիչ բանաձև: Ադրբեջանական քարոզչությունը համարում է, որ հաջողվել է Հայաստանի նկատմամբ հասնել «դիվանագիտական ևս մեկ հաղթանակի»: Փաստաթղթում տեղ է գտել ձևակերպում, ըստ որի՝ ԵԱՀԿ ԽՎ-ն աջակցում է Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Կառույցում հայաստանյան պատվիրակությունը, մինչդեռ, մեկնաբանել է, որ բանաձևի նախնական տարբերակում խոսք է եղել Լեռնային Ղարաբաղի  և հարակից յոթ շրջանների «օկուպացիայի» մասին, որը հաջողվել է հանել վերջնական տեքստից: Բացի այդ, բանաձևի նախընթաց կետում շեշտված է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ-բանակցային ճանապարհով՝ համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքի, սկզբունքների հիման վրա:

Ադրբեջանի իշխանությունները և փորձագիտական հանրությունը համառորեն անտեսում են ԵԱՀԿ ԽՎ բանաձևի այդ կետը, շեշտադրում հաջորդը, որտեղ, ինչպես ասացինք, խոսվում է հետխորհրդային չորս երկրի՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու մասին: Բայց Ադրբեջանը, որպես կանոն, հայտնվում է իր իսկ ստեղծած քարոզչական ծուղակներում և ցուցաբերում անհետևողականություն: Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ուկրաինայի Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել խորհրդարանական ընտրությունները դիտարկելու մասին ԵԽԽՎ-ին իր դիմումը, և Կիև մեկնած դիտորդական առաքելությունն ստիպված է եղել ընդհատել իր գործունեությունը: Այդ առաքելության կազմում ներկայացուցիչներ կային նաև Ադրբեջանից: Մեկնաբանները գտնում են, որ ուկրաինական կողմի այդ որոշումը պայմանավորված է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության մանդատը ճանաչելու մասին որոշմամբ: Ուկրաինան որոշել է սառեցնել անդամակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին՝ մինչև Վենետիկի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հրապարակումը:

Կիևում գտնում են, որ ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակությունը չի կարող աշխատել, քանի որ ՌԴ պետդումայի ընտրություններ անցկացվել են նաև օկուպացված Ղրիմում: Այս առթիվ մեկնաբանություն է արել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սամադ Սեիդովը: Նա ԵԽԽՎ-ին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ և մասնավորեցրել, թե ինչու՞ պիտի Ղրիմի հարցում Ռուսաստանը ճանաչվի օկուպանտ, իսկ Հայաստանը ԼՂ դեպքում՝ ոչ:

Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության մանդատը վերականգնելու հարցով քվեարկությանն Ադրբեջանը միաձայն կողմ է քվեարկել, ինչը հասկանալիորեն բարդացրել է հարաբերություններն Ուկրաինայի հետ: Ադրբեջանը և Ուկրաինան ՎՈՒԱՄ կազմակերպության հիմնադիր անդամներ են, համարվում են ռազմավարական գործընկերներ: Միջազգային հարթակներում ուկրաինական պատվիրակությունները մշտապես սատարել են Ադրբեջանին, պաշտպանել վերջինիս նախաձեռնությունները, և պաշտոնական Կիևը բոլոր հիմքերն ուներ հուսալու, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը Ռուսաստանի հետ կապված քվեարկության ժամանակ առնվազն ձեռնպահ կմնա: Ադրբեջանի համար, պարզվում է, թանկ են ոչ թե ավանդական հարաբերությունները, այլ՝ առարկայական շահերը և նպատակահարմարությունը:

Ադրբեջանը, ինչպես Վրաստանի պարագայում, հանուն Ուկրաինայի ևս պատրաստ չէ հարաբերությունները բարդացնել Ռուսաստանի հետ: Դա հասկանալի է, որովհետև միջազգային ասպարեզում Ադրբեջանի ներկայիս ռեժիմի գրեթե միակ ակնհայտ աջակիցը պաշտոնական Մոսկվան է: Բայց առավել հետաքրքրական է, որ Բաքուն մի ձեռքով հիացական մեկնաբանություններ է անում ԵԱՀԿ ԽՎ հասցեին, մյուսով քարկոծում ԵԽԽՎ-ին, որը, չնայած Ադրբեջանի գործադրած ահռելի ջանքերին և ներդրած հսկայական միջոցներին, այդպես էլ Հայաստանին չի ճանաչում «օկուպանտ» և պատժամիջոցներ չի կիրառում: «Եթե Հայաստանը չի պատժվում, ինչու՞ Ռուսաստանը պետք է պատժվի»- հռետորական հարցադրում է անում ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամը:

Հարցադրդման ենթատեքստն, ամենայն հավանականությամբ, պետք է հասկանալ այսպես. «Եթե ԵԽԽՎ-ում Ուկրաինան հանդես չի գալիս հօգուտ Հայաստանին օկուպանտ ճանաչելու ադրբեջանական նախաձեռնությանը, ապա ինչու՞ պիտի Ադրբեջանը պաշտպանի ուկրաինական շահերը և բարդացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ»:

Ահա սա է ադրբեջանական «ռազմավարական համագործակցությունը»: Այսպես է Բաքուն «պաշտպանում» գործընկեր երկրի շահերը: Այսպիսին է եվրոպական խորհրդարանական կառույցների նկատմամբ ադրբեջանական կողմի «սկզբունքային» մոտեցումը: Մի դեպքում Բաքուն «օվսաննա» է ասում ԵԱՀԿ ԽՎ-ին, իսկ հաջորդ պահին՝ «անարգանքի սյունին գամում» ԵԽԽՎ-ին: Եվ այդպես էլ Ադրբեջանն ընդհանուր հայտարարի չի գալիս, չի կարողանում վերջնականապես կողմնորոշվել՝ Եվրոպայի հետ արժե՞ համագործակցել, թե՞՝ ոչ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ