Ադրբեջանում խուճապ է

adrbejanum-xoujap-e

Արդեն մեկ շաբաթ է` նավթի համաշխարհային շուկայում արձանագրվում է գնանկում: Թե որոնք են պատճառները` փորձագետները տարբեր բացատրություն են տալիս: Առավել հիմնավոր է թվում վարկածը, որ ԱՄՆ-ն կտրուկ ավելացրել է սեփական նավթի արդյունահանման ծավալները, ինչը մի նպատակ է հետապնդում` հնարավորինս իջեցնել նավթի գները և դրանով հարվածի տակ դնել Իրանի տնտեսությունը: Տուժում է նաև Ռուսաստանը, իսկ ահա արաբական երկրների տնտեսությունների վրա նավթի գնանկումն էական ազդեցություն չի թողնում: Բոլորովին այլ է Ադրբեջանի դրությունը: Անցած չորս ամիսների տվյալներով, այդ երկրի արտահանման ընդհանուր հաշվեկշռում տնտեսության ոչ նավթային հատվածի բաժինը կազմում է ընդամենը ութ տոկոս: Դա վկայում է, որ տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին Իլհամ Ալիևի հայտարարությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ:

Ինչպես երկու տասնամյակ առաջ, այնպես էլ այսօր, Ադրբեջանը «նստած է նավթային ասեղի վրա»: Ընթացիկ տարվա պետական բյուջեն կազմված է նավթի բարելի դիմաց 60 դոլարի հաշվարկով: Անցյալ շաբաթավերջին ադրբեջանական նավթի գինը հասել է այդ եզրագծին: Միջազգային հեղինակավոր փորձագետները, մինչդեռ, կանխատեսում են, որ ամռանը նավթի բարելը կարժենա 40, բացառված չէ` նույնիսկ 30 դոլար: Եթե այդ կանխատեսումներն իրականություն դառնան, իսկ դրա հավանականությունը չափազանց մեծ է, ապա Ադրբեջանի բյուջեի եկամուտները գրեթե կիսով չափ կկրճատվեն: Իրավիճակն այնքան տագնապահարույց է, որ թեման արտոնվել է քննարկել մամուլում: Ադրբեջանական լրատվամիջոցները վիճակագրական բարդ տեղեկություններ են հրապարակում, բայց նույնիսկ այդ դեպքում չեն կարողանում թաքցնել իրենց երկրին պաշարած տագնապը: «Ի՞նչ է սպասվում մեզ, եթե նավթի բարելի գինն իջնի 40 դոլարի»,- հարցում է անում ադրբեջանական լրատվամիջոցը և կանխատեսում, որ այդ դեպքում անհնար կլինի խուսափել ցնցումներից:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանի կենտրոնական բանկը հրաժարվել է ազատ փոխարժեքի քաղաքականությունից և վերստին հսկողության տակ վերցրել ֆինանսական շուկան: Նպատակն ազգային մանաթի արժեզրկման զսպումն է: Ներկայումս դալար-մանաթ փոխարժեքը պաշտոնապես 1:1,7 է: Լավատեղյակ աղբյուրները, սակայն, պնդում են, որ մեկ ամերիկյան դոլարն իրականում արժե ադրբեջանական երեք մանաթ: Համենայնդեպս, ինչպես գործարար շրջանակներն են ասում, այդ փոխարժեքով են կատարվում իրական գործարքները: Դոլար-մանաթ փոխարժեքային իրական հարաբերակցությունն է նաև պայմանավորում սպառողական շուկայի գները: Տարեսկզբից դրանք արձանագրել են կայուն աճի միտումներ: Անկախ փորձագատները գտնում են, որ մանաթի արժեզրկման և դրանով պայմանավորված գնաճի համապատկերին չնչին են կառավարության կողմից տրամադրված սոցիալական երաշխիքները: Մասնավորապես, աշխատավարձերի, թոշակների և սոցիալական նպաստների տասը տոկոսով բարձրացումը մարդկանց կենսամակարդակի վրա դրական որևէ ազդեցություն չի գործել:

«Թուրան» գործակալության մեկնաբանության մեջ հստակ արձանագրվում է, որ այդ առումով Ադրբեջանում իրավիճակն ավելի վատ է, քան «հարևան Վրաստանում և անգամ Հայաստանում»: Այս եզրակացությունը, կարելի է ասել, դատավճիռ է Իլհամ Ալիևի համար, որը ներքին լսարանին ավելի քան մեկուկես տասնամյակ է` փորձում է ներշնչել, որ Ադրբեջանը «տարածաշրջանի առաջատարն է, սոցիալական համերաշխության և անհատական բարեկեցության օազիս»:

Իրականությունն, ինչպես տեսնում ենք, վերցնում է իրենը: Համաշխարհային տնտեսական վերափոխումներն Ադրբեջանում խուճապային տրամադրություններ են առաջացրել: Իր հերթին դա վկայում է ալիևյան քարոզչության ևս մի թեզի պսակազերծումը, թե Ադրբեջանի «համաշխարհային տնտեսության լիարժեք դերակատար է»:

Պարզվում է, Ադրբեջանը միայն էներգակիրների հումքային աղբյուր է: Եվ երբ միջազգային ազդեցիկ դերակատարները համաձայնության են գալիս նավթի գների իջեցման հարցում, ադրբեջանական տնտեսությունը մատնվում է տագնապի: Ի՞նչ է սպասվում նավթի համաշխարհային շուկային` զուտ մասնագիտական հարցադրում է: Քաղաքական առումով, այդուհանդերձ, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը շարունակելու է Իրանի և Ռուսաստանի տնտեսությունը թուլացնելու քաղաքականությունը: Իսկ դրա համար հարկ է լինելու հասնել նավթի գների գրեթե կրկնակի կրճատման: ԱՄՆ-ը չի կարող Ադրբեջանի համար բացառություն անել: Իլհամ Ալիևը մսխել է տնտեսության դիվերսիֆիկացման նյութական և քաղաքական ռեսուրսները և հայտնվել ցայնտնոտում: Տնտեսական տագնապը կարող է արձագանքվել սոցիալական խռովությամբ: Ադրբեջանին շատ դժվար ժամանակներ են սպասում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ