Ալիևի «տնտեսական հրաշքը»

aliei-tntesakan-hrasqe

Սեպտեմբերի 1-ից Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը կկազմի  250 մանաթ կամ մոտ  130 ԱՄՆ դոլար: Կառավարության որոշմամբ այն հավասար կլինի սպառողական նվազագույն զամբյուղին, որի մեջ մտնում են միայն կենսամթերքները և դեղորայքը: Այլ ցուցանիշներ, ինչպես օրինակ՝ տրանսպորտային կամ կոմունալ ծախսերը, հաշվարկային հիմք չեն հանդիսացել: Այս իմաստով հետաքրքրական տեղեկություններ է հրապարակել Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն: Ըստ այդմ, պաշտոնական տվյալներով ավելլի քան 10 միլիոն բնակչություն ունեցող երկրում աշխատանք ունի ոչ ավելի, քան 1.55 միլիոն մարդ: Ընդ որում, 885.4 հազար մարդ զբաղված է պետական ծառայության մեջ, իրական տնտեսության մեջ՝ 667.2 հազարը: Ստացվում է, որ Ադրբեջանում տասը բնակչից միայն մեկն է, որ մշտական աշխատանք ունի, մյուսները կամ գործազուրկ են, կամ զբաղված են սեզոնային աշխատանքներով: Ըստ պետական վիճակագրության՝ անցյալ տարի Ադրբեջանում միջին անվանական աշխատավարձը կազմել է 544.6 մանաթ կամ շուրջ 280 ԱՄՆ դոլար: Ընդսմին, նման միջին ցուցանիշի վրա մեծ է նավթագազային ոլորտում զբաղվածների աշխատավարձի ազդեցությունը: Նավթի և գազի արդյունահանման ոլորտում զբաղվածներն անհամեմատ բարձր աշխատավարձ են ստանում, բայց նրանք կազմում են աշխատողների ընդամենը 4.6 տոկոսը:

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը մշտապես տարփողում է Հարավային Կովկասում «տնտեսական լոկոմոտիվի» մասին: Իրականում, ինչպես ցույց են տալիս տնտեսագիտական և վիճակագրական ուսումնասիրությունները, սոցիալական իրավիճակն Ադրբեջանում գրեթե նույնական է հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի հետ: Իսկ եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանը հարուստ է էներգակիրներով, ապա կստացվի, որ նավթի և գազի արդյունահանումը որևէ կերպ բնակչության կենսամակարդակի աճի վրա ազդեցություն չունի: Անկախ տնտեսագետներն ավելի քան մեկ տասնամյակ է՝ ահազանգում են, որ իշխանությունները չունեն տնտեսության դիվերսիֆիկացման ծրագիր: Նավթի և գազի արդյունահանումից ստացվող ահռելի եկամուտները չեն ներդրվում տնտեսության առողջացման ծրագրերում, չի իրականացվում հասցեական սոցիալական քաղաքականություն: Վերլուծաբանները դա բացատրում են քաղաքական համակարգի անկատարությամբ, որը ծնում է ահռելի չափերի կոռուպցիա:

Գանձագողությունն Ադրբեջանում գրեթե օրինակացված և քվոտավորված է: Յուրաքանչյուր չինովնիկ ունի պետական-ազգային հարստությունից իր բաժինը և այն տնօրինում է սեփական հայեցողությամբ: Ճիշտ է, պատկան մարմինները երբեմն աղմկոտ «բացահայտումներ» են անում, բայց դա գերազանցապես այն ժամանակ է տեղի ունենում, երբ այս կամ այն չինովնիկը խախտում է խաղի սահմանված կանոնները և փորձում կառուցել սեփական տնտեսական «կայսրությունը»: Իշխանությունն այդ դեպքում շտապում է պատժել կարգազանցին, բայց ոչ թե հանուն սոցիալական արդարության հաստատման, այլ որպեսզի ի վերուստ հաստատված ստատուս-քվոն չխաթարվի: Նման դեպքերում չինովնիկի նկատմամբ ընդունվում է այսպես կոչված «կարգապահական պատժի» որոշում, նա դուրս է մղվում համակարգից, և ամեն ինչ դրանով էլ ավարտվում է: Այս իմաստով հատկապես խոսուն է պաշտպանության և ԱԱ նախկին նախարարներ Աբիևի և Մահմուդովի օրինակը: Այն դեպքում, երբ այդ երկուսն ունեն կոռուպցիոներ-միլիարդատերերի կայուն համարում, պաշտոնաթողությունից հետո նրանց նկատմամբ որևէ իրավական գործընթաց այդպես էլ չսկսվեց: Տեղեկություններ կան, որ հատկապես ԱԱ նախկին նախարար Մահմուդովը ոչ պաշտոնապես ենթարկված է տնային կալանքի և ապրում է Բաքվին մերձակա սեփական ամառանոցում՝ շարունակելով տնօրինել ահռելի հարստության: Նույն վիճակում է նաև պաշտպանության նախկին նախարար Աբիևը, որին արգելված է երկրի սահմաններից հեռանալ: Ինչ վերաբերում է գործող պաշտոնյաներին, ապա նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն մեծ հարստության տեր է, այլև բարձրագույն իշխանության հետ համաձայնությամբ վերահսկում է որևէ տեղաշրջան, որտեղ առանց նրա իմացության ոչինչ չի կատարվում: Ադրբեջանի «տնտեսական հրաշքն» այսպիսով վայելում է միայն իշխանությունը, որի ներկայացուցիչները բիզնեսկայսրություններ» են կառավարում:

Շարքային քաղաքացիների համար սահմանված է նվազագույն աշխատավարձ, որը անգամ անհրաժեշտ կենսամթերքների ձեռքբերմանը չի բավարարում: Տեղի է ունենում բնակչության զանգվածային տեղաշարժ: Մարդիկ հարյուր հազարներով աշխատանք են փնտրում Թուրքիայում և Ռուսաստանի հարավային շրջաններում: Իսկ ովքեր այդ հնարավորությունը չունեն, գյուղական բնակավայրերից տեղափոխվում են Բաքու, որտեղ կատարում են սևագործ աշխատանք: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Ադրբեջանի փաստացի բնակչության կեսից ավելին կենտրոնացած է Բաքվում և մերձակա ավաններում: Շրջաններում սոցիալական վիճակն ահավոր է: Ալիևի «տնտեսական հրաշքը» մնում է նրա ճառերում, պետական քարոզչամեքենայի հրապարակումներում: Իրական Ադրբեջանում սոցիալական բևեռացումը հասել է պայթյունավտանգ աստիճանի: Իրավիճակի ցանկացած փոփոխության դեպքում խռովությունն անխուսափելի է: Մեծ է հատկապես իսլամական «հեղափոխության» սպառնալիքը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ