Ամերիկա-իրանական ռազմական բախման վտանգը և Հայաստանը

amerika-iranakan-razmakan-baxman-vtange-e-hayastane

 Իրանի և Միացյալ Նահանգների միջև առկա լարվածությունն արագորեն աճում է: Թեհրանի շուրջ ճնշման օղակն օրըստօրե ավելի է սեղմվում: Առանց այդ էլ ապակայուն վիճակում գտնվող տարածաշրջանը նոր ավելի լայնամասշտաբ կոնֆլիկտի մեջ ներքաշվելու իրական և բացահայտ վտանգի մեջ է:

 Դեռևս մայիսի սկզբին ԱՄՆ-ն Պարսից ծոց էր ուղարկել ավիակիր և մեծ հեռահարության թևավոր հրթիռներ կրող ռմբակոծիչներ: Իսկ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր. «Մենք հստակ և անսխալ ազդակ ենք ուղարկում իրանական վարչակարգին առ այն, որ ԱՄՆ-ի կամ մեր դաշնակիցների շահերի դեմ ցանկացած հարձակում կկասեցվի անողոք ուժով»:

Եվ առայժմ ոչինչ չի արվում տարածաշրջանում լարվածության մակարդակը թուլացնելու համար: Այժմ էլ Վաշինգտոնը պատրաստվում է լրացուցիչ զորք ուղարկել Մերձավոր Արևելք ու այնտեղ տեղակայել տասնյակ կործանիչներ: Սպիտակ տան ղեկավարն էլ մեկնաբանել է, որ ուղարկվելիք 1500 հոգանոց զորակազմը միտված է հակադարձելու իրանական հնարավոր սպառնալիքներին: Պենտագոնում համոզված պնդում են, որ Իրանը մտադիր է հարձակում գործել ամերիկյան շահերի դեմ տարածաշրջանում: Կարծում են, որ Պարսից ծոցում նավթակիր նավերի և Սաուդյան Արաբիայի խողովակաշարերի դեմ իրականացված վերջին հարձակումները կազմակերպվել ու սանձազերծվել են Իրանի կողմից։

Ստեղծված իրավիճակը լրջորեն անհանգստացրել է Կոնգրեսի անդամներին: Մտավախություն կա, որ գործողությունների նման ընթացքով ԱՄՆ-ն գնում է Իրանի հետ բացահայտ ռազմական առճակատման: Անհանգստացած են ոչ միայն կոնգրեսականները. մի քանի տասնյակ ամերիկացի սպաներ նամակ են հղել նախագահ Թրամփին` կոչ անելով խուսափել Իրանի դեմ պատերազմի ռիսկից և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ:

«Իրանի հետ պատերազմը ներքաշելու է ԱՄՆ-ին չափազանց մեծ ֆինանսական, աշխարհաքաղաքական և հումանիտար արժողությամբ զինված կոնֆլիկտի մեջ», - շեշտվել է այդ նամակում:

Իսկապես իրավիճակը վտանգավոր լրջության է գնում, ճգնաժամի խորացումը կարող է տանել պատերազմի։ Ու եթե դա լինի, ապա կասկած չկա, որ այդ պատերազմը կտևի շատ երկար, քանի որ այս կոնֆլիկտում խաղացողները և ճակատները շատ են:

Ամերիկա-իրանական ռազմական բախման վտանգը, բնականաբար, չի կարող չանհանգստացնել ու անտարբեր թողնել Հայաստանին։ Արտաքին աշխարհի հետ կապող Հայաստանի չորս սահմաններից բաց են միայն իրանականը ու վրացականը։ Ուստի ավելի քան պարզ է, որ Իրանի դեմ ուղղված պատերազմը անտարակույս կազդի առաջին հերթին Հայաստանի վրա։ Մեր երկիրը միանգամից կարող է հայտնվել եռակողմ մեկուսացման մեջ, քանի որ իրանա-ամերիկյան լայնամասշտաբ պատերազմի դեպքում Իրան-Հայաստան սահմանը հնարավոր է փակվի: Սա արդեն տնտեսական ծանրագույն հարված կարող է լինել Հայաստանի համար: Բացի սոցիալ-տնտեսական աղետալի հետևանքներից սպառնալիք կա նաև ծայրահեղական ու ահաբեկչական խմբավորումների թիրախ դառնալը: Զինված հակամարտությունը իսլամական երկրում սովորաբար առիթ է ստեղծում տարատեսակ ահաբեկչական էլեմենտների ակտիվացման համար։ Այս առումով, հայ-իրանական սահմանը կարող է ուշադրության առնվել իսլամիստ ծայրահեղականների կողմից և նրանց գործողությունների հարթակ դառնալ: Ինչպե՞ս պիտի դիրքավորվի Հայաստանը ԱՄՆ-Իրան հակամարտության մեջ, եթե այն մտնի ռազմական փուլ:

Այս չափազանց կարևոր հարցը «սրի պես կախված է» ՀՀ արտաքին քաղաքականության վրա՝ տարածաշրջանային հարցերում: Իհարկե, Երևանը ԱՄՆ-ի գործոնով էապես կաշկանդված է Իրանի հետ հարաբերությունները խորացնելու գործում: Բայց եթե  նույնիսկ, մի կողմ թողնենք տնտեսականը, ապա անվտանգային հարցերը, իրոք, մնացել են անորոշ հեռանկարի մեջ: Մինչդեռ, հարկ է որոշակիացնել Հայաստանի անելիքները, գործողությունների պլանը, եթե Իրանի դեմ պատերազմ բռնկվի: Պետական ու փորձագիտական ներուժը համախմբելու և բերանպաստ կոնցեպտուալ լուծումներ գտնելու կարիք կա՝ իսկապես: Թե չէ շատ շուտով կարող է ուշ լինել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ