Աննա Հակոբյանն այցելել է Ապրիլյան պատերազմի հերոս Ժորա Եսայանի անվան դպրոց

am en
anna-hakobyann-aycelel-e-aprilyan-paterazmi-heros-jora-esayani-anvan-dproc

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 20-ին այցելել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող, Ապրիլյան պատերազմում մարտական գործողությունների ժամանակ զոհված Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոց:

Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի գրասենյակից, Ժորա Եսայանի մոր՝ Մարինե Հակոբյանի, Դարբնիկ գյուղի գյուղապետ Դավիթ Գզիրյանի, դպրոցի տնօրեն Նելլի Զիրոյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է դպրոցում, Ժորա Եսայանի անվան դասարանում մասնակցել Ապրիլյան պատերազմի հերոսին նվիրված հիշատակի միջոցառմանը: Այցի ընթացքում Աննա Հակոբյանը ներկա է գտնվել դպրոցի միակ 4-րդ տարրական դասարանի աշակերտների ավարտական հանդեսին:

«Շատ հուզված եմ, որ գտնվում եմ այստեղ: Շատ կարևոր է, որ ունենք Ժորայի նման տղաներ: Մենք պարտական ենք Ժորային և պարտք ենք այս երեխաներին, որպեսզի զարգացնենք ու պաշտպանենք մեր երկիրը, որպեսզի մեր սահմանները լինեն անառիկ և այլևս երբեք սահմանին կորուստներ չունենանք»,- ասել է Աննա Հակոբյանը՝ դպրոցի աշակերտներին խորհուրդ տալով լավ սովորել, որպեսզի ապագայում նրանք դառնան հայրենիքի համար պիտանի մարդ:

«Դուք պետք է լավ սովորեք, ամեն օր կրթվեք ու զարգանաք: Մեր երկրի հզորացումը կախված է յուրաքանչյուրիցս: Յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում և իր գործով նպաստի հայրենիքի զարգացմանը: Շնորհակալ եմ այս օրը պարգևելու համար»,- եզրափակել է խոսքը Աննա Հակոբյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ