Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Արագածոտնի մարզում ներդրողներ կան, աշխատող չկա. մարզպետ (տեսանյութ)

aragacotni-marzoum-nerdroxner-kan--asxatox-cka-marzpet-tesanyout

Արագածոտնի մարզը բազմաթիվ առումներով շատ յուրահատուկ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Դավիթ Գևորգյանը և թվարկեց այն առանձնահատկությունները, որոնցով Արագածոտնն առանձնանում է երկրի մյուս մարզերից. «Մեր մարզում հանգրվանած ժողովուրդն այստեղ է եկել պատմական հայրենիքի տարբեր անկյուններից, դա արդեն բարդացնում է մեր աշխատանքը, որովհետև ամեն մեկի հետ մի ձևով պետք է աշխատել: Բացի այդ, մեզ մոտ նաև բնակլիմայական պայմաններն են շատ տարբեր՝ եթե մարզի մի համայնքում կարճաթևով են ման գալիս, մյուս տեղում դեռ ձյուն է...»:

Մարզը նաև մեկ այլ յուրահատկությունն ունի, որը ամենագլխավորն է՝ այստեղ ավելի քիչ աղքատներ կան, քան Հայաստանի մյուս մարզերում. «Հիմա հանձնարարել եմ աղքատության քարտեզ գծել, ճիշտ է մեր մարզում աղքատության տոկոսը քիչ է, բայց, բնականաբար, դա բավարար չէ և պետք է ավելին անել»:

Իսկ ավելին անելու համար, մարզպետի խոսքով, պետք է հստակ գործնական գործողությունների գնալ. «Նախ պետք է զուգորդել պետական ծրագրերը մասնավոր ներդրումների հետ, օրինակ՝ նոր հիմնադրամներ բացել, ներդրումներ բերել մարզ»:

Ներդրումների մասով, սակայն, մարզպետը նշում է, որ աշխատուժի հետ կապված խնդիր կա՝ մարզում բնակիչների մի մասն աշխատել չի սիրում. «Հենց հիմա աշխատող են փնտրում, չեն կարողանում գտնել, որովհետև մարդիկ չեն համաձայնում 5000-8000-ով աշխատել: Հիմա էլ ներդրումների մասին խոսելիս  գործարարներն առաջինը հարցնում են՝ աշխատողներով կապահովե՞նք»:

Չնայած դժվարություններին, Դավիթ Գևորգյանն ասում է, որ պարտավոր են մոտիվացված աշխատել, որովհետև եթե մի օր կորի այդ մոտիվացիան, ուրեմն հաջորդ օրվանից պետք է հրաժարվի պաշտոնից. «Այսօր շատ բաներ կան, որոնցով պետք է մարզպետարանը չզբաղվի, բայց մենք չենք նստելու սպասենք, թե երբ կանեն»:

Մարզպետը նաև անդրադարձավ անասնապահությանն ու գյուղատնտեսությանը՝ մասնավորապես այգեգործությանը, որը մարզում բնակիչների հիմնական զբաղմունքներից մեկն է. «Օրինակ, անասնապահությունը պետք է զարգացնել: Այսօր պետք է կարգավորել կաթի շուկան, որը խնդրահարույց է: Դրա համար էլ պետությունն առաջարկում է խելացի գոմերի ծրագիրը և ասում, որ եթե սարքվեն այդպիսի գոմեր, 50 տոկսը հետ կվերադարձվի բնակչին: Երբ ես լինում եմ համայնքներում և խոսում եմ այս ծրագրի մասին, չի լինում մի տեղ, որտեղ հետաքրքրություն չլինի: Հիմնականում դրսից եկածներն են այս ծրագրով հետաքրքրված և արդեն տնտեսվարողներ կան, որոնք տարածքներ են գնել և դիմել նախարարություն, որպեսզի այդ գոմերից սարքեն: Ի վերջո որակյալ կաթ արտադրող որևէ տնտեսվարող կաթի իրացման խնդիր չունի»:

Ինչ վերաբերում է այգեգործությանը, մարզպետն ընդգծում է, որ այս մասով ևս անելիքներ կան և շատ բան պետք է մասնավորն անի:

 

Ավելին՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ