Առաջին ՀՀ քաղաքացին Էվերեստի գագաթին. Իգոր Խալաթյան

am
arajin-hh-qaxaqacin-everesti-gagatin-igor-xalatyan

Իգոր Խալաթյանը Հայաստանի Հանրապետության առաջին քաղաքացին է, ով բարձրացել է աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթը: Armenian Geographic աշխարհագրական կայքը պատմում է Էվերեստը գրաված հայ լեռնագնացի մասին:

Իգոր Խալաթյանը ծնվել է 1964 թ.-ին: Մասնագիտությամբ ծրագրավորող է: 1992 թվականից բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Լեռնագնացությամբ սկսել է զբաղվել 29 տարեկանից` ընկերների խորհրդով: Ամեն ինչ սկսվել է Արագածից: Նրա խոսքերով առաջ չէր հասկանում, թե մարդիկ ինչու են սար բարձրանում, բայց երբ բարձրացել է Արագածը և գագաթից տեսել Արտաշատի լույսերը, այնպիսի զգացողություն է ապրել, ինչպիսին երբեք չէր ունեցել: Այդպես ամեն շաբաթ սկսում է լեռնագնացությամբ զբաղվել և ճամփորդել Կովկասով: Մինչ Էվերեստ բարձրանալը՝ 15 տարի ակտիվ զբաղվել է սպորտով, բայց ինչպես ինքն է ասել` միայն ֆիզիկական լավ տվյալները բավական չեն, լեռնագնացը պետք է ուենա նաև լրացուցիչ տվյալներ և նախատրամադրվածություն:

Լեռնագնացության փորձ

Որպես հայ` նրա համար մեծ նշանակություն է ունեցել Արարատի վերելքը, որը հաղթահարել է 1,5 օրում:

Մինչ Էվերեստ բարձրանալը, լեռնագնացության փորձ է ձեռք բերել տարբեր լեռներում: Դրանց թվում են Էլբրուսը՝ Եվրոպայի ամենաբարձր կետը, Մաք Քինլին և Ակոնկագուան՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ամենաբարձր գագաթները:

Էվերեստը ծովի մակարդակից հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մ։ Տեղակայված է Նեպալի և Տիբեթի միջև։ 2014 թվականի դրությամբ գրանցված է 6,871 վերելք, որոնցից 248-ը՝ մահվան ելքով: Պայմանները լեռան վրա այնքան դժվար են փրկարարների համար, որ մահացածների դիակների մեծ մասը մնում է այնտեղ: Էվերեստում գրեթե մշտապես ուժեղ քամի է (գագաթին` 55 մ/ր արագությամբ), ձմռան ամիսներին օդի ջերմաստիճանը հասնում է -36 °C (գիշերային ժամերին` -50…-60 °C):

Էվերեստը սկսվում է 5000 մետրից

Իգոր Խալաթյանի ճանապարհորդությունը տևել է 74 օր: Ըստ նրա նկարագրության` բուն լեռները սկսում են 5000 մետրից և այդտեղ սկսում են խնդիրներն ու թթվածնի պակասը: 8000 մետրից սկսվում է մահացու գոտին, որտեղից պիտի կամ արագ բարձրանաս կամ իջնես: Շատ մարդիկ այդ գոտում ուժեղ ցրտահարվում են, առաջանում են շնչառական խնդիրներ, թթվածինը չի բավականացնում:

Իմանալով այս ցուցանիշներն ու փաստերը` դժվար է պատկերացնել, թե ինչն է գրավում և «ստիպում»  մարդկանց բարձրանալ այս լեռը:

Ոչ թե ես եմ նվաճել լեռը, այլ նա է թույլ տվել իր գագաթը բարձրանալ

Իգոր Խալաթյանը գտել է իր պատասխանը և հարցազրույցներից մեկի ժամանակ ասել.

«Լեռները մարդկանց առջև բացում են անհավանական գեղեցիկ աշխարհ: Մեր կյանքը դարձել է քիչ թե շատ անվտանգ, քիչ մեթոդներ են մնացել իսկապես ստուգելու ինքդ քեզ, և լեռնագնացությունն օգնում  է, հնարավորություն է  տալիս հասկանալ և գիտակցել, թե ով ենք մենք իրականում: Բայց կա մի թերություն` սովորում ես սուր զգացողություններին: Երբ գտնվում ես ներքևում` ամեն բան խլանում է, և դու նոր զգացողություններ ես փնտրում: Էվերեստի գագաթը բարձրացա մայիսի 16-ին և այլևս չեմ փորձի կրկնել դա: Լեռնագնացներս ասում ենք. «ոչ թե ես եմ նվաճել լեռը, այլ նա է թույլ տվել իր գագաթը բարձրանալ: Էվերստը բարենպաստ էր տրամադրված իմ հանդեպ և այլևս երբեք չեմ չարաշահի նրան»:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ