Արցախը հռչակելով անկախ հանրապետություն՝ մենք հայտնվել ենք ծուղակի մեջ. Արմեն Այվազյան

am
arcaxe-hrcakelov-ankax-hanrapetoutyoun-menq-haytnvel-enq-couxaki-mej-armen-ayvazyan

«Մենք ընկել ենք մեր ստեղծած ծուղակի մեջ, այսինքն, 1990-ականների սկզբին կատարեցինք պատմական սխալ, համաձայնվեցինք ոչ թե Արցախի ու Հայաստանի միացման գաղափարին, որը 1989 դեկտեմբերի 1-ին ընդունվել է ՀՀ Գերագույն խորհրդի ու ԼՂ Ազգային խորհրդի համատեղ նիստում, այլ այն ժամանակ մեզ համոզեցին, թե լավ կլինի գնալ ինքնորոշման իրավունքի ճանապարհով, որպեսզի Հայաստանը չմեղադրվի անեքսիայի մեջ, մենք էլ համաձայնվեցին, բայց կարծում եմ խաբվեցինք»,- ասում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Այվազյանը:

Պրոֆեսոր Այվազյանը նկատում է՝ եթե այդ խաղը դրսի համար աշխատում ու աշխատել է, ապա ներսի համար ավելի մեծ վտանգներ է ստեղծում, մի բան ինչը ժամանակին հաշվի չենք առել

«Այն ժամանակ աչքաթող ենք արել, ոչ ոք չէր պատկերացնում, որ Արցախը հռչակելով անկախ հանրապետություն մենք պետք է հավատանք այդ անկախությանն ու գիշեր-ցերեկ խոսենք հայկական երկու պետություն ունենալու մասին, ի դեպ, խոսենք հպարտանալով: Իսկ դա դանդաղ գործողության ական է, ծուղակ է, թակարդ, որի մեջ ընկել ենք և որից հեշտ չէ հրաժարվելը:Այն, որ այսօր Արցախն անկախ պետություն է կոչվում, դա խնդիրներ է ծնում նախ մեր գիտակցության մեջ: Եթե դրսում ոչ ոք դրան չի հավատում, ապա այն անդրադառնում է մեր գիտակցության վրա: Խոսում են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին ու այդ տերմինն ազդում է մեր գիտակցության վրա»:

Քաղաքագետը նկատում է, թե այսօր խոշոր պետությունները շահում են պատերազմները՝ աշխատելով զանգվածների գիտակցության վրա, նրանք նախ աշխատում են թուլացնել, կազմալուծել այս կամ այն պետական կազմավորման գիտակցությունը, պառակտում մտցնել, իսկ հետո սկսում են ռազմական հարված հասցնել: Նույնը կարող է լինել մեր պարագայում.

«Ադրբեջանը գիտի, որ չի կարող այսօր ուժեղ հարված հասցնել մեզ, քանի որ կարող է տրոհվել մի քանի կազմավորումների, բայց եթե տեսնի, որ մեզանում կան նման պառակտման միտումները՝ ղարաբաղցի, հայաստանցի, ապա կարող է դիմել պատերազմի»,-զգուշացնում է Արմեն Այվազյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ