Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի արձագանքը՝ Սամվել Բաբայանի գրասենյակի կոչին

am
arcaxi-mip-artak-beglaryani-arcaganqe-samvel-babayani-grasenyaki-kocin

Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Սամվել Բաբայանի գրասենյակի կոչին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սամվել Բաբայանի գրասենյակը» երեկ իր մի հայտարարության մեջ կոչ է հղել նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ մասնավորապես հորդորելով ուսումնասիրել Քաշաթաղի շրջանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և հետևել իրենց հրապարակումներին:

Այդ կոչի առթիվ նշեմ.

1. Մարդու իրավունքների պաշտպանը դիմումներ է ստանում բոլոր շրջաններից, ներառյալ՝ Քաշաթաղից: Օրենքով սահմանված կարգով դիմումներն ուսումնասիրվում են և տրվում պատասխաններ: Երբ մեր ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առկա է մարդու իրավունքի խախտում, այդ ժամանակ պետական լիազոր մարմնին առաջարկում ենք վերացնել իրավունքի խախտումը: Այդպիսի դեպքեր արձանագրվել են նաև Քաշաթաղի շրջանում, և ՄԻՊ միջամտությամբ հարցը լուծվել է:

2. Եթե մարդիկ կարծում են, որ պետական մարմինների կողմից խախտվել են իրենց իրավունքները, ապա ազատ են օգտվելու Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքից՝ փոստով ուղարկելով դիմում մեզ (Ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1), զանգելով մեր թեժ գծին (116), կամ գրելով նամակ մեր էլեկտրոնային փոստի հասցեին (info@ombudsnkr.am):

3. Այլոց անունից կարող են ՄԻՊ-ին դիմում ներկայացնել նրանց ներկայացուցիչները, ժառանգները, իրավահաջորդները և խնամակալության ու հոգաբարձության մարմինները, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունները՝ նրանց գրավոր համաձայնության առկայության դեպքում: Իսկ եթե լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին, ՄԻՊ-ը կարող է սեփական նախաձեռնությամբ քննարկում սկսել տվյալ հրապարակման հիմքով: Այդ առումով մենք հնարավորինս հետևում ենք քիչ թե շատ վստահելի աղբյուրների հրապարակումներին և ՄԻՊ լիազորությունների շրջանակներում փորձում ենք արդյունավետորեն արձագանքել այդպիսի դեպքերի: Այնուամենայնիվ, ամենանախընտրելի տարբերակն այն է, երբ անձն ինքն է դիմում ՄԻՊ-ին՝ իր իրավունքի խախտումը վերացնելու համար, այդ դեպքում մեզ հաջողվում է ավելի արդյունավետորեն ուսումնասիրել գործը և տալ պատշաճ պատասխան:

ՈՒստի, եթե կան խնդիրներ Քաշաթաղում կամ այլ շրջանում և բնակավայրում, հորդորում եմ, որ մարդիկ դիմեն ՄԻՊ-ին՝ ներկայացնելով մարդու իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մանրամասները: Ես և ՄԻՊ ողջ աշխատակազմը պարտավորված ենք ամենայն պատասխանատվությամբ ուսումնասիրել այդ բողոքները և տալ համապատասխան գնահատական ու պատասխան:

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու և այդ փոփոխությունների ընդունման համար հանրաքվե նշանակելու խնդրանքով Արցախի Հանրապետության Ազգային ժողովին դիմելու նպատակով հունիսի 4—ին մեկնարկած Արցախի Հանրապետության քաղաքացիների ստորագրահավաքին, ապա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուշադրությամբ հետևում է գործընթացին: Ես լիահույս եմ, որ պետական մարմինները հավուր պատշաճի կկատարեն իրենց լիազորությունները՝ ապահովելու համար քաղաքացիների իրավունքների իրացումը, իսկ ստորագրահավաքի նախաձեռնող խումբն իր հերթին գործընթացը կկազմակերպի հարգելով այլոց իրավունքները և հետևելով ԱՀ օրենսդրությանը:

Միմյանց իրավունքների ու ազատությունների հանդեպ հարգանքը ժողովրդավարական պետության գլխավոր հենասյուներից մեկն է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ