Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:
Ավետիք Իսահակյան

Բեյրութում հայ ճարտարապետ Մարտիրոս Ալթունյանի անունով փողոց է անվանակոչվել

am es
beyroutoum-haytni-hay-jartarapet-martiros-altounyani-anounov-poxoc-e-anvanakocvel

Բեյրութի կենտրոնական փողոցներից մեկը նախօրեին անվանակոչվել է հայտնի հայ ճարտարապետ Մարտիրոս Ալթունյանի անունով:

Մարտիրոս Ալթունյանին հաջողվել է հայրենիքից հեռու՝ սփյուռքում, ստեղծել անգնահատելի ու անկրկնելի ճարտարապետական կոթողներ: Վերջինս նախագծել և կառուցել է Լիբանանի Խորհրդարանի շենքը, Միքել Աբդ քաղաքի կենտրոնական ժամացույցը, Անթիլիասի Ս․ Գրիգոր Լուսավորիչ տաճարը (1940), Երուսաղեմի Ս․ Հռիփսիմե մատուռը (1946), Բաղդադի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1957) և այլ եկեղեցիներ, Լիբանանի մայրաքաղաքում բազմաթիվ հասարակական շենքեր և առանձնատներ:

Բազմավաստակ ճարտարապետի անվամբ փողոց կոչելու գաղափարը պատկանում է Բեյրութի թաղապետ Պետրոս Թոփչյանին:

Ինչպես ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նշեց Թոփչյանը, գաղափարը կյանքի կոչելու համար 3.5 տարի է պահանջվել: «Մարտիրոս Ալթունյանի անունով փողոց կոչելու առաջարկ-ծրագիրը ներկայացվել է Բեյրութի քաղաքապետին և նահանգապետին, ներքին գործերի նախարարությանը: Կառույցները բարձր գնահատեցին առաջարկը՝ այն ուրախությամբ ընդունելով: Գործընթացը տևել է 3.5 տարի, և վերջապես օրեր առաջ տեղի ունեցավ փողոցի անվանակոչությունը»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հայ ճարտարապետի անվան փողոցը գտնվում է մայրաքաղաք Բեյրութի կենտրոնական հատվածում, ինչը լավ առիթ է, որպեսզի հայերից բացի այլ ազգերի ներկայացուցիչները ևս իմանան մեր հայրենակցի մասին:

Հատկանշական է, որ Պետրոս Թոփչյանը արդեն երկար ժամանակ է ուսումնասիրում է Մարտիրոս Ալթունյանի՝ շուրջ 85 տարվա ժառանգությունը՝ փորձելով այն փրկել մոռացությունից: Դրա վառ ապացույցն էլ փողոցի անվանակոչությունն է:

Նշենք, որ Մարտիրոս Ալթունյանը ծնվել է Բուրսայում (Թուրքիա)։ Կրթություն է ստացել Փարիզի Գեղարվեստի Ազգային բարձրագույն դպրոցում, զուգահեռաբար ուսանել է նկարչություն։ Որպես նկարիչ, Ալթունյանը հեղինակել է Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի «Տրդատի թագադրումը», Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց մայր տաճարի «Տրդատ թագավորի մկրտությունը», «Էջմիածնի տաճարի շինությունը» որմնապատկերները։

Ճարտարապետ Մարտիրոս Ալթունյանը բազմիցս պարգևատրվել է Լիբանանի նախագահի Պատվո արծաթե մեդալի։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ