Եղիշե Չարենց - Շամիրամին

Նորից անմար կարոտով
գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու
քաղաքները Նաիրի:

Կարդալ Ամբողջը

Ծառ տնկող ամենահայտնի մարդը

car-tnkox-amenahaytni-marde

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի հարևանությամբ ստեղծվեց հերթական պուրակը: Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին տարիներից սկսած ստեղծվեց «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը, որի մի շարք կարևոր առաքելություններից է տարածքում պուրակներ և ծառուղիներ ստեղծելը:

Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Աղավնո-Բերձոր-Շուշի հատվածներում հիմնադրամի գործադիր տնօրեն, ԵՊՀ արևելագիտության նախկին դեկան Գուրգեն Մելիքյանի կնախաձեռնությամբ տարվա ընթացքում 3-5 անգամ ծառատունկ է իրականացվել: Բերձորում և մերձակա տարածքներում, Կովսականում ստեղծվել է 20-ից ավելի պուրակ ու ծառուղի: Այս հայրենանվեր գործում մշտապես մասնակից են Հայաստանի մայր բուհի ուսանողա-դասախոսական կազմը, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակիցները, բերձորցի աշակերտները: Ծառատունկերին երբեմն մասնակից են եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կառավարության անդամներ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ապրիլի 5-ին կայացավ հերթական պուրակի հիմնումն ու ծառատունկը: Այս տարի նշվում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը, և նոր պուրակի հիմնումն այս կարևոր հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում էր: Մինչ ընկուզենիների տնկելը՝ կայացավ պուրակի ցուցանակի բացումը, որն իրականացրեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, Գուրգեն Մելիքյանն ու Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը: Ռեկտոր Սիմոնյանը, դիմելով ներկաներին, բարձր գնահատեց Մելիքյանի դերը՝ նրան կոչելով «Ծառ տնկող ամենահայտնի մարդ»:

«Մեծագույն բարիք է, երջանկություն ծառ տնկելը, -ասաց Սիմոնյանը և հավելեց. -Մեկական ծառ տնկելով՝ ընդմիշտ կապվում եք այս չքնաղ ու սրբազան բնաշխարհի հետ: Սիրելի ուսանողներ, վերադառնալով Երևան՝ դուք ձեզ արդեն այլ մարդ եք զգալու, արդեն գիտեք՝ Արցախը ձեր տունն է, այնտեղ դուք հետք եք թողել»:

Խոսելով Հայոց մայր բուհի մասին՝ Սիմոնյանն ասաց. «Երևանի պետական համալսարանը գիտամշակութային այն կառույցն է, որը 100 տարիների ընթացքում տվել է 130000-ից ավելի շրջանավարտ, ովքեր մեծ դեր են ունեցել մեր երկրի կայացման, զարգացման գործում»:

Գուրգոն Մելիքյանը նույնպես դիմեց ուսանողներին՝ ասելով, որ ծառ տնկելով՝ օրհնում ենք այս հողը, բերկրանք զգում, կրկնակի ուժ առնում:

«Ծառը տնկում է հողի իսկական տերը, քոչվորն այն կտրում է»,- ասաց բարերարը և, ինչպես ընդունված է՝ առաջին ծառը տնկելիս գինեթասը ձեռքին, արտասանեց Լևոն-Զավեն Սյուրմելյանի «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությունը.

Տէր, օրհնէ՛ ծառն այս մատղաշ։

Ես կը տնկեմ զայն ահա Փխրուն եւ սեւ հողին մէջ ուր պապերս կը պառկին,

Ես՝ անոնց թոռը հսկայ, այս հողին տէրն եմ կրկին,

Ու արևուն տակ կաճիմ՝ անունն իրենց շուրթիս վրայ...

Այնուհետև ուսանողներն ու դասախոսները, հյուրերը, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակիցներն սկսեցին ծառատունկը: ԵՊՀ ուսխորհրդի նախագահը տեղեկացրեց, որ 70-ից ավելի ուսանող է մասնակցում ծառատունկին: 3-օրյա այցը ԵՊՀ 100 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում է: Այցելելու են Ստեփանակերտ և ապրիլի 6-ին մասնակից լինելու գիտաժողովի, որը նվիրված է տարածաշրջանի անվտանգության խնդիրներին: Կիրակի օրը կմասնակցեն Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բացման արարողությանը, այնուհետև կմեկնեն Երևան: Կայցելեն Գանձասար, Դադիվանք և զորամասեր:

«Ուսանողների մասնակցությամբ ծառատունկերը պարտավորեցնող են», -ասաց Դ. Ափոյանը և հավելեց. «Ծառ տնկելով՝ ուսանողները կկապվեն այս հողին: Կցանկանան կրկին այցելել, տեսնել իրենց հիմնած պուրակը»:

Ընթացքում Մելիքյանը ԵՊՀ նախկին դասախոս, երջանկահիշատակ Խորեն Պալյանի եղբոր դստերը՝ Մարալ Պալյանին ուղեկցեց Խորեն Պալյանին և Լուսինե Զաքարյանին նվիրված պուրակ, որտեղ ծառերն արդեն ծաղկել են: «Այստեղ նույնպես հուշաքար ենք տեղադրելու», -ասաց Մելիքյանը:

Մ. Պալյանը մի ընկուզենի տնկեց: Զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ բնակվում է ԱՄՆ-ում, զբաղվում է ճարտարապետությամբ, դիզայնով:

«Հայաստան եմ եկել Խորեն Պալյանին և Լուսինե Զաքարյանին նվիրված թանգարանի բացման նպատակով, որը տեղի կունենա այս տարվա հուլիսին»,- ասաց Մարալը: «Արցախ առաջին անգամ եմ այցելում: Հպարտ եմ, որ հարազատիս անվան պուրակում ծառ տնկեցի: Անգնահատելի եմ համարում ծառատունկը, հրաշալի է: Հպարտ եմ, որ այս հողի վրա եմ»:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սամվել Մուրադյանը, ով մշտապես ուղեկցում է ուսանողներին արցախյան այցերի ժամանակ, տեղեկացրեց, որ ծառատունկին մասնակից են ռեկտորատի աշխատակիցներ, ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ: Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նույնպես շատ է եղել Արցախում, նաև այս ծրագրի շրջանակներում: Վերջինս կարևորեց ուսանողների այցը հատկապես այս օրերին:

Ուսանողները խմբերով են աշխատում: Զրուցում եմ նրանց հետ: Եղեգնի Բաբայանն ուսանում է իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսում: Մեծ սիրով է աշխատում: Արցախ մի քանի անգամ այցելել է, սակայն առաջին անգամ է ծառատունկի մասնակցում: «Պարզապես չեմ հավատում, որ ազատագրված հայրենիքում եմ ծառ տնկում»-, ասաց ուսանողուհին:

Երևանցի Լաուրա Մարտիրոսյանը Սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի վերջին կուրսում է ուսանում: 2016-ից սկսած այցելել է Արցախ, մասնակցել ծառատունկերի և միշտ անհամբերությամբ է սպասում հաջորդ այցին: «Շատ եմ կարևորում այս հայրենանվեր երևույթը: Ծառ տնկելու ծրագիրը մեզ կապում է այս հողի հետ»,- նշեց Լաուրան:

Պերճուհի Մամիկոնյանն Արևելագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի թուրքագիտության բաժնի ուսանողուհի է: Առաջին անգամ է մասնակցում ծառատունկի: Հույս հայտնեց, որ նորից կգա: «Մեր նախկին դեկան Գ. Մելիքյանը շատ է պատմել Արցախի, Քաշաթաղի և ծառատունկի մասին, ուստի շատերս ենք ցանկություն հայտնել մասնակից լինել հայրենաճանաչ այս ծրագրին», -ասաց Պերճուհին:

Օրվա ընթացքում ծառատունկ տեղի ունեցավ նաև Հայոց Մեծ Եղեռնինի 100-ամյակին նվիրված պուրակում: Երեք ուսանողներ՝ Արշակ Պողոսյանը՝ Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրս, իրավագիտականից Գոհար Ավագյանը (4-րդ կուրս) և Եղեգնի Բաբայանը ձեռքով էին հողը տնկիի արմատին լցնում: «Մեր սերն ենք նվիրում հայրենի հողին», -ասացին ուսանողները:

Ծառատունկից հետո տեղի ունեցավ տոնական խնջույք, որից հետո համալսարանականները մեկնեցին Ստեփանակերտ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ