Դա խայտառակություն է Թուրքիայի համար. թուրքագետը Արթուրի իսլամացման հեռուստաշոուի մասին 

am
da-xaytarakoutyoun-e-tourqiayi-hamar-tourqagete-artouri-islamacman-heroustasoouimasin

Հայ և թուրք տարբեր շրջանակներում լուրջ քննարկումների առիթ է դարձել Թուրքիայում ապրող 13-ամյա հայի՝ Արթուրի իսլամացումը հեռուստաշոուի  ուղիղ եթերում։ Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը (İHD) հայտարարել է, որ մայիսի 11-ին Արթուր անունով հայ պատանուն կրոնափոխ արած իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց են ներկայացնելու։ Դատական հայց ներկայացնելու մտադրության մասին խոսել է նաև Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը։ Հենց նրան է զանգահարել Արթուրի մայրն ու  հայտնել, որ ինքը համաձայնություն չի տվել, և այդ ամենը տեղի է ունեցել իր իմացությունից դուրս։ Հիշեցնենք՝ հաղորդավարը նշել էր, որ ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը:

168.am–ը թեմայի մասով  մեկնաբանություն խնդրեց նաև թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից։

«Դա խայտառակություն է։  Խայտառակություն է Թուրքիայի համար՝ որպես պետության, որպես հասարակության, որ նման բան է թույլ տալիս, իսլամի տեսակետից էլ, որովհետև իսլամն արգելում է բռնի իսլամացումը»,- մեզ հետ զրույցում նշեց Սաֆրաստյանը։

Ըստ նրա՝ միջադեպը Թուրքիայում տիրող մթնոլորտի արտահայտումն է. «Ինչո՞ւ, որովհետև Թուրիքայում հաստատվել է ներքին լարվածություն՝ կախված այն քաղաքականությունից, որը վարում է Էրդողանը։ 100 հազար մարդ է  հետապնդվում Թուրքիայում»։

Թուրքագետը նմանատիպ երևույթների կրկնությունը չբացառեց՝ հաշվի առնելով նաև, որ իշխանության է գտնվում իսլմամամետ կառավարությունը։

Ռուբեն Սաֆրաստյանը ողջունեց Թուրքիայի խորհրդարանի (Մեջլիս) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի նախաձեռնությունը՝ միջադեպին լայն հնչեղություն տալու հարցում՝ հույս հայտնելով նաև, որ թուրք հասարակությունը նույնպես կդատապարտի այն։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ