Դատախազի կողմից բավարարվել է մեղադրյալի՝ ՀՀ-ից ելքը չսահմանափակելուն ուղղված նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի բողոքը

am
dataxazi-koxmic-bavararvel-e-mexadryali-hh-ic-elqe-csahmanapakeloun-ouxxvac-nra-pastpan-arayik-papikyani-boxoqe

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դատախազի կողմից բավարարվել է մեղադրյալի՝ ՀՀ-ից ելքը չսահմանափակելուն ուղղված նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի բողոքը

Փաստաբան Արայիկ Պապիկյանն օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ դժգոհելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված իր պաշտպանյալին ամսվա մեջ որոշ օրերի աշխատանքի կատարման նպատակով հանրապետությունից բացակայելու թույլտվություն ստանալու մասին իրենց միջնորդությունը Լոռու մարզի դատախազի և քննիչի կողմից մերժվելու վերաբերյալ:

Այդ կապակցությամբ մեր կողմից պարզաբանվել էր, որ դատախազությունը չէր կարող տվյալ պահին այդ մասին դիրքորոշում արտահայտած լինել, քանի որ դատավարության որևէ կողմից դեռևս տեղեկատվություն չէր ստացել միջնորդությունը մերժելու և դրա հիմքերի վերաբերյալ:

Հունիսի 3-ին Լոռու մարզի դատախազությունը նախաքննական մարմնից ստացել է համապատասխան որոշումը, ինչպես նաև ստացել էր քննիչի նշված որոշման դեմ գործով պաշտպան Արայիկ Պապիկյանի բողոքը:

Նշված դատավարական փաստաթղթերի, քրեական գործի նյութերի ուսումանսիրությամբ պարզվել է, որ 2019 թվականի մայիսի 15-ին նրա պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ, տվել խոստովանական ցուցմունք: 2019 թվականի մայիսի 22-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Պարզվել է, որ տվյալ անձը 2019թ. ապրիլի 23-ից Ա/Ձ-ում աշխատում է որպես վարորդ և կատարում է բեռնափոխադրումներ՝ ՀՀ-ից ՌԴ և հակառակ ուղղությամբ:
Բացի այդ, ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ նա քննության ողջ ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, քննիչի յուրաքանչյուր կանչով ներկայացել է վերջինիս, այդ թվում՝ ՀՀ-ից դուրս գտնվելու ընթացքում, և քրեական գործով ձեռք չեն բերվել փաստական այնպիսի տվյալներ, որ թույլ կտար կարծելու, թե ՀՀ-ից ելքի սահմանափակումը վերացնելու դեպքում վերջինս կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել քրեական գործով վարույթին:

Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանրապետությունից ելքի սահմանափակումը կարող է հանգեցնել աշխատանքի հնարավոր կորստով պայմանավորված նրա սոցիալական վիճակի վատթարացման՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է Արայիկ Պապիկյանի պաշտպանյալի՝ ՀՀ-ից ելքի սահմանափակումը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը, բավարարվել վերջինիս դեմ պաշտպանի բողոքը: Բացի այդ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ մեղադրյալի՝ ՀՀ-ից ելքի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ:

Այսինքն նրան հնարավորություն է տրվել պատշաճ վարքագծի հետագա շարունակման պայմանով անխափան շարունակել աշխատանքային պարտականությունների կատարումը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ