Եկեղեցական օրացույց. Մայիսի 19

am
ekexecakan-oracouyc-mayisi-19

Մայիսի 19 † Կիր. Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

 

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 11.33-12.12։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17.1-15։ Ա Յովհաննէս 1.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.14-23։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.53-58։  ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 6.30-44։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

33Արդ, զգո՛յշ եղիր, գուցէ այն լոյսը, որ քո մէջ է, խաւար լինի։ 34Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրա մէջ խաւարի մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կը լինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»։ 35Եւ մինչդեռ նա խօսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մօտ ճաշի։ Եւ նա մտնելով՝ սեղան նստեց։ 36Երբ փարիսեցին տեսաւ, զարմացաւ, որովհետեւ Յիսուս ճաշից առաջ չլուացուեց։ 37Տէրը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի եւ պնակի արտաքինն էք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է յափշտակութեամբ եւ չարութեամբ։ 38Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց։ 39Բայց տեսէ՛ք, թէ ինչն է իսկապէս արժան. ողորմութի՛ւն տուէք, եւ ահա ձեր ամէն ինչը մաքուր կը լինի։ 40Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ էք տալիս անանուխի, փեգենայի եւ ամէն տեսակ բանջարեղէնի, բայց զանց էք անում Աստծու արդարութիւնն ու սէրը. այս բաները պէտք էր անել, բայց միւսները զանց չանել։ 41Վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն էք սիրում եւ հրապարակներում՝ առաջին ողջոյնները ստանալ։ 42Վա՜յ ձեզ, որ անյայտ գերեզմանների պէս էք. մարդիկ քայլում են նրանց վրայով եւ չգիտեն»։ 43Օրէնսգէտներից մէկը պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բաներն ասելով՝ մեզ էլ ես նախատում»։ 44Եւ նա ասաց. «Վա՜յ ձե՛զ եւս, օրէնսգէտնե՛ր, որ մարդկանց դժուարակիր բեռներ էք բարձում, բայց դուք ինքներդ մէկ մատով իսկ բեռներին չէք դիպչում։ 45Վա՜յ ձեզ, որ մարգարէներին շիրիմներ էք շինում, իսկ ձեր հայրերը նրանց սպանեցին։ 46Դրանով իսկ դուք վկայում էք, թէ կամակից էք ձեր հայրերի գործերին, որովհետեւ նրանք կոտորեցին մարգարէներին, իսկ դուք նրանց գերեզմաններ էք շինում։ 47Դրա համար Աստծու իմաստութիւնն ասաց. նրանց մէջ մարգարէներ եւ առաքեալներ կ՚ուղարկեմ, եւ նրանցից ոմանց պիտի սպանեն եւ հալածեն, 48որպէսզի այդ սերնդից պահանջուի արիւնը բոլոր մարգարէների՝ թափուած աշխարհի սկզբից՝ 49Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Զաքարիայի, որը կորստեան մատնուեց խորանի եւ տաճարի միջեւ. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջուի՛ այդ սերնդից։ 50Վա՜յ ձեզ՝ օրէնսգէտների՛դ, որ թաքցնում էք գիտութեան բանալիները. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ արգելում էք»։ 51Եւ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամօթահար եղան. եւ օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ եւ բանավէճի բռնուել նրա հետ՝ շատ բաների համար։ 52Եւ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խօսքեր որսալ, որպէսզի չարախօսեն նրա մասին։
12 Մինչ Յիսուսի շուրջը բիւրաւոր ժողովուրդ հաւաքուեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛յշ պահեցէք փարիսեցիների խմորից, որ կեղծաւորութիւնն է, 2որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ։ 4Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք։ Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից։ 6Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ։ 7Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»։ 8«Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ 9Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի։ 10Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի։ 11Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների եւ իշխանաւորների առաջ, մի՛ մտահոգուէք, թէ ինչպէս կամ ինչ պատասխան պիտի տաք եւ կամ ինչ պիտի ասէք:

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

17 Եւ Ամփիպոլիս ու Ապողոնիա քաղաքների միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկէ, ուր հրեաների ժողովարան կար։ 2Եւ ըստ իր սովորութեան, Պօղոսը մտաւ նրանց մօտ եւ երեք շաբաթ օրեր նրանց հետ խօսեց Գրքերից։ 3Բաց էր անում Գրքերը եւ նրանց ապացուցում, թէ Քրիստոս պէտք է չարչարուէր եւ մեռելներից յարութիւն առնէր. եւ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Յիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։ 4Եւ նրանցից ոմանք համոզուեցին ու յարեցին Պօղոսին եւ Շիղային։ Բացի դրանցից, կային նաեւ աստուածապաշտ հեթանոսներ եւ թուով ոչ սակաւ երեւելի կանայք։ 5Իսկ հրեաները նախանձեցին եւ վերցնելով գռեհիկ, անօրէն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին եւ քաղաքը յուզեցին. եւ Յասոնի տան առաջ կուտակուելով՝ ուզում էին Պօղոսին եւ Շիղային հրապարակ տանել։ 6Եւ երբ նրանց չգտան, Յասոնին եւ եղբայրներից ոմանց քարշ տուին քաղաքապետների մօտ՝ բողոք բարձրացնելով, թէ՝ «Սրանք, որ աշխարհը յուզեցին, այստեղ էլ են հասել, 7եւ Յասոնը նրանց ընդունել է. եւ սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում. մի ոմն Յիսուսի մասին ասում են, թէ թագաւոր է»։ 8Եւ գրգռեցին ժողովրդին ու քաղաքապետներին, որ այս բաները լսում էին։ 9Բայց երաշխիք ստանալով Յասոնից եւ ուրիշներից՝ արձակեցին նրանց։ 10Բայց եղբայրները գիշերով շտապ ճանապարհ դրեցին դէպի Բերիա Պօղոսին եւ Շիղային, որոնք, երբ այստեղ հասան, գնացին հրեաների ժողովարանը, 11քանի որ սրանք աւելի ազնիւ մարդիկ էին, քան թէ Թեսաղոնիկէում եղածները։ Սրանք ամենայն յօժարութեամբ ընդունեցին խօսքը. ամբողջ ժամանակ քննում էին գրուածքները՝ իմանալու, թէ այդ բաները այդպէ՞ս են։ 12Նրանցից շատերը հաւատացին, ինչպէս նաեւ թուով ոչ սակաւ յոյն երեւելի կանայք եւ տղամարդիկ։ 13Բայց Թեսաղոնիկէի հրեաները երբ իմացան, թէ Բերիայում էլ Պօղոսի կողմից քարոզուեց Աստծու խօսքը, այնտեղ էլ եկան՝ ժողովրդի բազմութիւնը յուզելու ու գրգռելու։ 14Այն ժամանակ եղբայրները Պօղոսին իսկոյն ուղարկեցին, որ գնայ մինչեւ ծովեզր, իսկ Շիղան եւ Տիմոթէոսը մնացին այնտեղ։ 15Եւ ովքեր Պօղոսին տանում էին, նրան հասցրին մինչեւ Աթէնք եւ, Շիղային ու Տիմոթէոսին ուղղուած պատուէր ստանալով, որ շտապ նրա մօտ գան, իրենք վերադարձան։

Ա Յովհաննէս

1 Խօսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շօշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը։ 2Նա նոյն ինքը կեանք էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին, որ Հօր մօտ էր եւ յայտնուեց մեզ։ 3Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դուք էլ հաղորդակից լինէք Նրան մեզ հետ, ինչպէս որ մենք հաղորդութիւն ունենք Հօր հետ եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ։ 4Եւ այս բանը գրում ենք ձեզ, որպէսզի ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։ 5Եւ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ։ 6Եթէ ասենք, թէ հաղորդութեան մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում։ 7Իսկ եթէ լոյսի մէջ ենք քայլում, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից։ 8Եթէ ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, եւ ճշմարտութիւն չկայ մեր մէջ։ 9Իսկ եթէ խոստովանենք մեր մեղքերը, հաւատարիմ է նա եւ արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու եւ մաքրելու համար մեզ ամէն անիրաւութիւնից։ 10Եթէ ասենք՝ «Չենք մեղանչել», սուտ ենք հանում Նրան, եւ Նրա խօսքը մեր մէջ չէ։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

14Տօնակատարութեան կէսին Յիսուս տաճար ելաւ եւ ուսուցանում էր։ 15Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս գիտէ Գրուածքները, քանի որ բնաւ չի սովորել»։ 16Յիսուս նրանց պատասխան տուեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց։ 17Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կ՚իմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում։ 18Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտռում, իսկ ով փնտռում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մէջ սուտ բան չկայ։ 19Օրէնքը ձեզ Մովսէսը չտուե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրէնքը չի կատարում։ 20Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել»։ Ժողովուրդը պատասխան տուեց ու ասաց. «Քո մէջ դեւ կայ, ո՞վ է ուզում քեզ սպանել»։ 21Յիսուս պատասխան տուեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, եւ ամէնքդ զարմացել էք։ 22Մովսէսը դրա համար ձեզ տուեց թլփատութիւնը (թէեւ այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից)։ 23Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում։ Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի Օրէնքը չխախտուի, իմ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

53Երբ Յիսուս այս առակները վերջացրեց, այնտեղից մեկնեց։ 54Եւ գալով իր գաւառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպէս որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղի՞ց են այս իմաստութիւնը եւ զօրութեան գործերը։ 55Սա հիւսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչւում. եւ սրա եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն եւ Յուդա։ 56Եւ սրա քոյրերը բոլորը մեզ մօտ չե՞ն. եւ արդ, որտեղի՞ց է սրան այս բոլորը»։ 57Եւ նրանով գայթակղւում էին։ Իսկ Յիսուս նրանց ասաց. «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն՝ իր գաւառում եւ իր տանը»։ 58Եւ նրանց անհաւատութեան պատճառով այնտեղ զօրաւոր շատ գործեր չարեց։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

30Երբ Յովհաննէսի աշակերտները լսեցին, եկան վերցրին մարմինը եւ դրեցին գերեզմանի մէջ։ 31Առաքեալները հաւաքուեցին Յիսուսի մօտ ու նրան պատմեցին այն ամէնը, ինչ որ արել էին եւ ուսուցանել։ 32Եւ Յիսուս նրանց ասաց. «Եկէ՛ք դուք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգստացէ՛ք». որովհետեւ եկող-գնացողները շատ էին. եւ հաց ուտելու անգամ ժամանակ չունէին։ 33Եւ նաւակով գնացին մի ամայի տեղ՝ առանձին։ 34Սակայն մարդիկ տեսան նրանց, որ գնում էին, եւ շատերը ճանաչեցին նրանց ու բոլոր քաղաքներից հետիոտն, խուռներամ այնտեղ վազեցին եւ մօտեցան նրանց։ 35Եւ նա նաւակից դուրս ելնելով՝ մեծ ամբոխ տեսաւ ու գթաց նրանց, որովհետեւ նման էին ոչխարների, որոնք հովիւ չունեն. եւ սկսեց նրանց ուսուցանել շատ բաներ։ 36Երբ շատ ժամեր անցան, աշակերտները, մօտենալով, ասացին. «Սա ամայի տեղ է, մինչ օրը դեռ չի վերջացել, 37արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայքի ագարակներում եւ գիւղերում իրենց համար ուտելիք գնեն, որովհետեւ այստեղ ուտելու բան չունեն»։ 38Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»։ Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց եւ նրանց տանք ուտելու»։ 39Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունէք, գնացէք տեսէ՛ք»։ Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ եւ երկու ձուկ»։ 40Եւ նա հրամայեց խումբ-խումբ նստեցնել նրանց դալար խոտի վրայ։ 41Եւ դաս-դաս նստեցին, տեղ-տեղ՝ հարիւր, տեղ-տեղ՝ յիսուն։ 42Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, մանրեց նկանակները եւ տուեց աշակերտներին, որպէսզի դնեն նրանց առաջ։ Եւ երկու ձկներն էլ բաժանեց բոլորին։ 43Կերան եւ յագեցան 44եւ տասներկու սակառ լիքը կտորտանքները վերցրին, ինչպէս նաեւ՝ ձկներից։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ