ԵՄ-Ադրբեջան. վերջակետը դրվե՞ց

em-adrbejan-verjakete-drvec

Հուլիսի 9-ին Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում էր: Նախ տեղի է ունեցել նրա առանձին հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ, ապա բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների ձևաչափով: Քննարկումների ավարտին կողմերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին՝ Բաքվի լրատվամիջոցները որոշ մանրամասնություններ են ներկայացնում Տուսկի և Ալիևի հայտարարություններից: Ադրբեջանի նախագահն իր խոսքում առանձնացրել է երկու թեմա՝ Եվրամիություն-Ադրբեջան տնտեսական հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի կարգավորումը: Ըստ Ալիևի՝ ինքը Եվրախորհրդի նախագահին ներկայացրել է ԼՂ հարցում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը՝ «հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերի հիման վրա»: Պատասխան խոսքում Տուսկն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում, Եվրամիությունն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ հակամարտությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա կարգավորելու ջանքերում:

Եթե Եվրախորհրդի նախագահի և Իլհամ Ալիևի հայտարարությունները դնենք կողք-կողքի, ապա պարզ կդառնա, որ Ալիև-Տուսկ դեմ առ դեմ բանակցություններում առանցքային է եղել ԼՂ կարգավորման թեման, և կողմերն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել: Ալիևը փորձել է Տուսկին համոզել, որ Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության մասին համաձայնագրում պետք է հատուկ շեշտադրում արվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին, իսկ Եվրախորհրդի նախագահը հակադարձել է, որ Եվրամիությունը չի կարող Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը կանխորոշող դրույթ ներառնել Ադրբեջանի հետ համագործակցության մասին համաձայնագրում, ԵՄ-ն այդ հարցում լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Կարելի է, այսպիսով, արձանագրել, որ Եվրամիություն-Ադրբեջան բանակցություններում դրվել է սկզբունքային վերջակետ: Եվրախորհրդի նախագահը դիվանագիտորեն հասկացրել է, որ Բրյուսելը չի պատրաստվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դրույթ ներառնել ապագա համաձայնագրում: Սա նշանակում է, որ Ադրբեջանը լիովին կորցնում է այդ փաստաթղթի նկատմամբ հետաքրքրությունը: Ադրբեջանական քարոզչությունն, ինչ խոսք, շահարկում է Եվրախորհրդի նախագահի հայտարարությունն առ Ադրբեջանի ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն, բայց դա միայն դիվանագիտական տուրք է հավուրպատշաճությանը: Տուսկի հիմնական ասելիքն այն էր, որ Եվրամիությունը չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, քանի դեռ խնդրով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք խնդրի կարգավորումը փորձում են առաջ մղել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա: Պատահական չէ, որ Իլհամ Ալիևն իր խոսքում ոչ թե այդ փաստաթղթին է հղում արել, այլ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք ԼՂ կարգավորման՝ կողմերին ներկայացված հայեցակարգում որևէ արտացոլում չեն գտել, իսկ Միավորված ազգերի կազմակերպությունն էլ ԼՂ կարգավորման մանդատը վերապահել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Եվրախորհրդի նախագահի խոսքում առկա էր նաև մեկ այլ կարևոր շեշտադրում: Նա հայտարարել է, որ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները կարող են արդյունավետ լինել, եթե ապահովվի հասարակությունների ազատությունը: Նա ակնհայտորեն նկատի ուներ, որ Եվրամիությունն Ադրբեջանից ակնկալում է ժողովրդավարական բարեփոխումներ և պետական ու հանրային կյանքի ազատականացում: Սա Ադրբեջանի համար ծանրագույն նախապայման է, որովհետև պաշտոնական Բաքուն մշտապես պատճառաբանում է, որ չի կարող գնալ բարեփոխումների, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, երկրում «կան մեկ միլիոնից ավելի փախստականներ, որոնց իրավունքները խախտված են, և միջազգային հանրությունը պետք է աշխատի դրանք վերականգնել, այն է՝ օկուպացված տարածքներից հայկական զինուժը դուրս բերելու և փախստականներին նախկին բնակության վայրեր վերադարձի հնարավորություն տալու ուղղությամբ»:

Եվրախորհրդի նախագահը հասկացրել է, որ ԼՂ խնդրի չկարգավորվածությունը հիմք չէ, որ Ադրբեջանում ոտնահարվեն խոսքի, հավաքների ազատությունը, քաղաքական գործունեության իրավունքը:

Այսպիսով, կարելի է փաստել, որ Ալիև-Տուսկ բանակցությունները չափազանց ծանր մթնոլորտում են անցել, սկզբունքային համաձայնություն չի կայացել: Դա է, թերևս, պատճառը, որ Ադրբեջանի փորձագիտական հանրությունը ոգևորության որևէ նշան ցույց չի տալիս: Ըստ երևույթին, ԵՄ-Ադրբեջան համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները տևական ժամանակով կառկախվեն: Այստեղ Ադրբեջանին չեն օգնի ոչ միայն բնական գազի պաշարները, այլև կոմունիկացիոն հնարավորությունները: Եվրամիությունը քաջ գիտի, որ Ադրբեջանն ստիպված է վաճառահանել իր էներգակիրները և տրամադրել տրանսպորտային ու լոգիստիկ ենթակառուցվածքները և շատ սառնասրտորեն չի տրվում որևէ քաղաքական գայթակղության:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ