ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքները շարունակվում են

am
eph-100-amyakin-nvirvac-mijocaroumneri-kazmakerpman-asxatanqnere-sarounakvoum-en

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող հոբելյանական հանձնաժողովի նիստը: 

Ինչպես տեղեկանում ենք ԵՊՀ-ի ֆեյսբուքյան էջից, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօրվա նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներին ներկայացրեց համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցը և դրանց կազմակերպմանն ուղղված աշխատանքները:

Մասնավորապես նա նշեց, որ ընթացքի մեջ են հրատարակչական աշխատանքները, և փաստեց, որ նախատեսված բոլոր գրքերը լույս կտեսնեն. «Գիտեք, որ լույս է տեսել «Երևանի պետական համալսարանի պատմությունից» գիրք-ալբոմը: Առաջիկայում կհրատարակվի նաև դրա անգլերեն տարբերակը՝ ավելի փոքր և առավել նկարազարդ»:

Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ Մշակույթի կենտրոնի կողմից բեմադրվել է Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետը, որը ցուցադրվելու է Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում. «Բացի դրանից՝ պատրաստ է ԵՊՀ 100-ամյակին նվիրված համերգային ծրագիրը, որը տեղի է ունենալու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում»:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հավաստմամբ, պատրաստ են նաև «Ես համալսարանական եմ» խորագրով պաստառների էսքիզները. «Այդ պաստառները, որոնց վրա լինելու են հայտնի համալսարանականների լուսանկարները, փակցվելու են համալսարանից դեպի Ազատության հրապարակ գնացող ճանապարհին»:

Ի թիվս նախատեսված ցուցահանդեսների՝ ԵՊՀ պրոֆեսոր Գրիգոր Ղարիբյանը կազմակերպելու է ևս երկու ցուցահանդես: Դրանցից մեկի ընթացքում ցուցադրվելու են պրոֆեսորի վրձնած նկարները, իսկ մյուսին՝ նրա հավաքածուի նկարները:

Գեղամ Գևորգյանը ներկայացրեց նաև սեպտեմբերի 26-28-ը նախատեսված պաշտոնական միջոցառումների ժամանակացույցը: Պաշտոնական միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 26-ին: Այդ օրը նախատեսվում է ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը, որի ժամանակ կընդունվի ակադեմիական ազատության մասին հռչակագիրը, ապա տեղի կունենան պարգևատրումներ:

Բացի դրանից՝ հյուրերը կայցելեն Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Ծիծեռնակաբերդի պուրակում հյուրերը կտնկեն եղևնիներ: Այդ օրը նրանք ներկա կլինեն նաև «Կարինե» օպերետի բեմադրությանը, իսկ երեկոյան կհյուրընկալվեն Բաղրամյան 26-ում:

Սեպտեմբերի 27-ին անցկացվելու է «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողով, որից հետո տեղի կունենա հանդիսավոր քայլերթ դեպի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ էլ կանցկացվի պաշտոնական հանդիսավոր արարողությունը:

Սեպտեմբերի 28-ին կկազմակերպվեն էքսկուրսիաներ դեպի Գառնիի հեթանոսական տաճար և Գեղարդի վանական համալիր: Երեկոյան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում էլ տեղի կունենա ուսանողական դիսկոտեկ:

Նիստի ավարտին Գեղամ Գևորգյանն ասաց, որ ֆակուլտետներում ևս կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ