Երբ «Արթուրը» դառնում է «Նիհաթ». օտար խաղեր Թուրքիայում

erb-artoure-darnoum-e-nihat-otar-xaxer-tourqiayoum

Թուրքական հեռուստաեթերով ցուցադրվում է հայ պատանու կամավոր կրոնափոխությունը: Արդյո՞ք տղայի արարքը հոժար կամքով էր արված, թե՞ ուղղակի այդպես ներկայացվում էր: Դժվար է, իհարկե, ստույգ որևէ բան պնդելը, բայց քանի որ այդ տղան սոցիալական խոցելի խավից է, ապա չի բացառվում, որ նրան պարզապես օգտագործել են իսլամի հրապարակային քարոզի համար՝ հայ-թուրքական քաղաքական տողատակերով հանդերձ:

Նախ նկատենք, որ հայ պատանու դավանափոխությունն ուղիղ եթերով ցուցադրվում է իսլամական պահքի՝ ռամադանի ընթացքում:  Բացի այն, որ 13-ամյա տղան հրաժարվել է քրիստոնեությունից և ընդունել իսլամ, նա նաև հրաժարվել է իր «Արթուր» անունից և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը: Այդ ամենը տեղի է ունեցել իսլամի հանրահայտ քարոզիչ, Գազիանթեփի իսլամագիտության համալսարանի ռեկտոր Հաթիփօղլուի հաղորդման շրջանակներում: Հաղորդավարը նշել է, որ  նախապես ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը: Իսկ նրա ծնողների մասին հաղորդման ժամանակ նշվել է, որ մայրը ազգությամբ հայ է ու քրիստոնյա: Իսկ հայրը խորթ է, հետևաբար չի բացառվում, որ կարող է լինել տեղացի թուրք, քուրդ կամ այլազգի:

  Արթուրը պատմել է, որ 1 տարեկանից է ապրել ու մեծացել Թուրքիայում: Մայրը զավակի հետ Հայաստանից է տեղափոխվել Թուրքիա: Սա մի հանգամանք է, որն իրականում բավական մտահոգիչ է: Նախ այն առումով, որ Թուրքիա տեղափոխված հայաստանցիների մեծ մասը ունի սոցիալական պատճառ. ապրուստի ու աշխատանքի միջոց գտնելու համար են հայտնվում թուրքական միջավայրում: Այս առումով, հենց նրանք են բավական խոցելի թե’ թուրքական հատուկ ծառայությունների և, թե’ իսլամացման գործընթացի համար: Ինչո՞ւ է մահմեդականություն ընդունող հայերի կրոնափոխությունը հրապարակայնացվում: Պարզ է, որ հանրային հնչեղություն ապահովելու ու իսլամի քարոզչության միջոցով հայաստանցի հայերի մեջ կրոնափոխության խմորումներ առաջացնելու համար, hարկ է շեշտել, որ Արթուրը ոչ առաջինն էր, ոչ էլ ենթադրաբար կլինի վերջին հայը, որն ուղիղ եթերում դավանափոխ է լինում՝ դառնալով քարոզչական գործիք բավական կասկածելի նպատակների համար: Տարիներ առաջ նույնպես լայն հնչեղություն ստացավ երկու դեպք, երբ հայ կանայք հրապարակայնորեն ընդունեցին իսլամ:

Ժողովրդավարական հասարակությունում և պետությունում խղճի և դավանանքի ազատությունը, անշուշտ, հիմնարար արժեք է, ու կրոնափոխությունը ինքնին որպես երևույթ չի կարող համարվել դատապարտելի: Բայց երբ գործ ունենք ամենևին ոչ ժողովրդավարական պետության հետ (իմա՝ Թուրքիա), որը թշնամական գործողություններ է կատարում հայերի ու հարևան Հայաստանի հանդեպ, ապա պարզորոշ ուրվագծվում է այն վտանգավոր խաղը, որի մեջ ներքաշում են Թուրքիա մեկնած հայաստանցիներին:

   Փափուկ ուժի կիրառմամբ հայերին հրապարակայնորեն իսլամ ընդունել տալը չի կարող դիտվել խղճի ազատության դրսևորում: Ակնհայտ է, որ այդ կրոնափոխությունը կազմակերպելու մեջ հատուկ տեղ է տրված քարոզչական բաղադրիչին: Դա վկայում է թիրախային ազդեցության նպատակ ունենալու մասին, մշակված ու հաշվարկված ծրագրի մասին: Ի դեպ, կրոնափոխությունը միակ գործիքը չէ, որ կիրառվում է: Խառնամուսնությունների հանգամանքը ևս կարող է ուղղորդվել ու ամենևին չլինել անձնական շարժառիթներով:

  Այս խնդիրների հասցեատերերը, բնականաբար, Հայաստանի Հանրապետությունն ու Պոլսո հայոց պատրիարքարանն են: Հասկանալի է, որ հայկական պետությունը ներկա պայմաններում չունի համապատասխան մեխանիզմներ Թուրքիայում հայտնված իր քաղաքացիներին տարատեսակ վտանգներից զերծ պահելու համար: Ուստի, այս ուղղությամբ անհրաժեշտ քայլն այն է, որ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմամբ մեր երկիրը հնարավորինս կասեցնի հայաստանցիների հոսքը դեպի Թուրքիա: Հոսք ասելով, բնավ նկատի չունենք, թե դա զանգվածային բնույթ է կրում, բայց ոչ ոք չի էլ կարող երաշխավորել, որ գայթակղությունը չի խորանա ու թուրքական միջավայրում չեն ներգրավվի սոցիալապես անապահով նորանոր հայաստանցիներ:

   Իսկ եթե, այնուամենայնիվ, նրանք արդեն մեկնել են Թուրքիա, ապա այս պարագայում Պոլսո հայոց պատրիարքարանն է մնում որպես միակ հույս ու հենարան: Պատրիարքարանը պիտի արդյունավետ ջանք թափի, որպեսզի հայաստանցիները մեկուսացած չմնան ավանդական համայնքից: Ինտեգրմանը նպաստելը պետք է դիտվի չափազանց կարևոր գործ: Բայց եթե դեռ չկա ակտիվ կապ Թուրքիայում գտնվող հայաստանցի հայերի ու պատրիարքարանի միջև, ապա միշտ էլ կգտնվեն տարատեսակ մութ ուժեր, որոնք կօգտվեն այդ բացթողումից ու կխաղան իրենց խաղը՝ ամենավերջում դա ներկայացնելով ուղիղ եթերով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ