Էրդողանի տպավորիչ պարտությունը ՏԻՄ ընտրություններում

erdoxani-tpavoric-partoutyoune-tim-entroutyounneroum

Թուրքիայում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները: Ավարտվեցին նաև իշխող քաղաքական ուժի սպասելիքները: Համոզիչ հաղթանակ տանելու փոխարեն նախագահ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժը կրեց տպավորիչ պարտություն: Ընտրություններն ուղեկցվեցին բռնաճնշումներով և վարչական լծակների կիրառմամբ: Սպանվեց 4 քաղաքացի, իսկ ավելի քան 8 տասնյակը հոսպիտալացվեց:

Ընտրապայքարին մասնակցող քաղաքական կուսակցությունների ներկապնակը բազմատոն էր. իսլամական, ազգայնական, սոցիալիստական, քեմալական, քրդական: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը դաշինք էր կազմել «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, չկարողացավ գրանցել այն արդյունքները, որոնց սպասում էր: Ընտրությունների արդյունքում Էրդողանի թիմը կորցրեց մայրաքաղաք Անկարան ու խոշոր քաղաքներ Ստամբուլը, Իզմիրը, Անթալիան և Ադանան: Երկրի հարավ-արևելյան շրջաններում ևս Էրդողանի թիմի պարտությունն աննախադեպ էր: Նշված տեղերում ժողովրդի քվեի մեծամասնությունը ստացան ընդդիմության թեկնածուները: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ստամբուլում ավելի քան 4 մլն ձայն հավաքած իշխանության թեկնածուն պարտվեց դարձյալ ավելի քան 4 մլն ձայն հավաքած ընդդիմադիր մրցակցին ընդամենը 23 հազար ձայնի տարբերությամբ: Առավելապես դեպի ընդդիմություն կողմնորոշված պոլսահայ համայնքի քվեները, փաստորեն, այս համապատկերում զգացնել տվեցին իրենց վճռորոշ նշանակությունը:

Սա մի կողմից հայկական համայնքի հետ հաշվի նստելու և նրա փոքրաքանակությունը չանտեսելու բավականին լուրջ ազդակ կարող է լինել, բայց մյուս կողմից էլ կարող է թուրքական իշխանությունների կողմից ռևանշիստական դրսևորումների վտանգ ստեղծել: Առաջիկա գործողությունները ցույց կտան, թե Էրդողանի վարչակազմը ինչ հետևություն կանի և որ տարբերակը կընտրի: Մանավանդ առջևում Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման հարցն է:

Թուրքիայում անցկացված ընտրությունների արդյունքները մեզ համար նշանավորվեցին նաև այն փաստով, որ Հայաստանին սահմանակից նահանգներում հաղթեցին քրդամետ կուսակցության թեկնածուները, այն կուսակցության, որի անդամ է մեր հայրենակից, մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը: Մասնավորապես Կարսում և Իգդիրում ընդդիմադիր թեկնածուները հավաքեցին շուրջ 30 և 50 տոկոս ձայներ՝ մրցապայքարից դուրս թողնելով Էրդողանի թիմի ներկայացուցիչներին: Եվ սա այն պարագայում, երբ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ղեկավարների մի մասը բանտերում է, մի մասի նկատմամբ էլ իրականացվում են քաղաքական հալածանքներ ու քրեական հետապնդումներ, ինչպես օրինակ հենց Կարո Փայլանի դեպքում:

Հարկ է նկատի ունենալ, որ Կարսում և Իգդիրում հայերի հանդեպ կառուցողական տրամադրված քաղաքական ուժի հաղթանակը մեզ համար արժեքավոր նշանակություն ունի, քանի որ այդպիսով ադրբեջանամետ ու ազգայնամոլական շրջանակներն, ըստ էության, զրկվում են Հայաստանին սահմանակից նահանգներում հակահայկական տրամադրություններ բորբոքելու նախկին լայն հնարավորություններից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ