Շատ կուզեի, որ մեր հեռուստատեսությունն ավելի ճաշակով ու որակյալ լիներ. պատգամավոր

am
es-sat-kouzei--or-mer-heroustatesoutyounn-aveli-jasakov-ou-orakyal-liner-patgamavor

Այսօր հայկական հեռուստաեթերի վերաբերյալ հանրային ի՞նչ բողոքներ կան և ի՞նչ քայլեր են արվում Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում խնդիրների լուծման համար: Նշված հարցերին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը:

Պատգամավորի խոսքով, բողոքների զգալի մասը պայմանավորված է լինում կոնկրետ այդ մարդու արժեհամակարգային և մշակութաբանական ընկալումներով, իսկ իրավական տեսակետից դրանց մեծ մասը, որպես կանոն, հասկանալի և ընդունելի չեն: «Ես որպես ԱԺ պատգամավոր պարտավոր եմ համապատասխան արձագանք տալ այդ երևույթին` պայմանավորված դրա իրավական նորմերի կիրառմամբ կամ չկիրառմամբ: Կամ եթե հասկանում ենք, որ այդ խնդիրն իրոք գոյություն ունի, բայց իրավական նորմերի խնդիր կա, հանդես գալ համապատասխան փոփոխությունների նախաձեռնությամբ»,- նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է բողոքներին, մեր զրուցակիցը նշեց. «Ընդհանարապես բողոքը համատարած է լինում: Ամենաշատ բողոքները լսում եմ հնդկական սերիալների մասին, բայց հնդկական սերիալները գոյություն ունեն միայն այն պատճառով, որ դրանք դիտվում են, հակառակ դեպքում մասնավոր հեռուստաընկերությունները դրանք կփակեին, որովհետև ձեռնտու չէր լինի ցուցադրելը: Այդ դեպքում բացատրեք ինձ` ի՞նչ է նշանակում բողոք հնդկական սերիալներից, եթե դրանք նայվում են»:

Դիտարկմանը՝ արդյո՞ք պահանջարկի առկայությունն արդարացում է հեռուստաեթերում անորակ ու անճաշակ արտադրանքի գոյությունը, պատգամավորը նշեց. «Մասնավոր հեռուստաընկերության պարագայում հնարավոր է միայն որակի պայմանավորվածություն ունենալ՝ ինչ-ինչ հանգամանքների բերումով: Չնայած Հանրային հեռուստաընկերությունն էլ պետք է բազմատարր եթեր ապահովվի: Հանրայինը պարտավոր է դա անել, որովհետև հանրությունն էլ տարբեր շերտեր ունի, այն միայն մի շերտ չէ, որը մենք կամ դուք եք ներկայացնում, ովքեր դժգոհ են սերիալներից»:

Պատգամավորից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ինքն անձամբ դիտում է հայկական հեռուստատեսությունների առաջարկած եթերը և արդյո՞ք դիտողություններ ունի: Թևոսյանն այս առումով ասաց. «Աչքի տակով անցկացնում եմ՝ ի պատշոնե: Ես շատ կուզեի, որ մեր հեռուստատեսությունն ավելի ճաշակով լիներ, ավելի որակյալ, որովհետև գոյություն ունեցող կոնտենտը՝ ֆորմայի առումով, հեռարձակում են ամբողջ աշխարհի TV-ները, այլ հարց է այդ կոնտենտի բովանդակային մակարդակը: Նույն պարագայում ես չեմ կարող նախաձեռնել, որ ռաբիսն արգելվի տաքսիներում կամ ինչ-որ ռադիոկայան արգելի ռաբիս լսել: Կներեք, բայց դա այս պահին մեր մշակույթն է»: Պատգամավորը հավելեց, որ իրենց աշխատանքը պետք է լինի հենց այդ մշակույթը փոխելը:

Ոլորտում փոփոխություններին էին միտված նաև մշակութային գործիչների հետ հանդիպում-քննարկումները, որոնց արդյունքը, ըստ պատգամավորի, պետք է աստիճանաբար լինի. «Մարդկանց նախասիրությունները, գոյություն ունեցող կարծրատիպերը  փոխելու խնդիր կա: Այդ խնդիրները սերունդե սերունդ փոխանցվել են, արդյունքում հասել ենք այս վիճակին, նույն տրամբանությամբ պետք է շարունակենք հակառակ ուղղությամբ: Այդ քննարկումների արդյունքում պետք է հասկանալ՝ ինչ միջոցառումներ նախաձեռնել, որպեսզի ինչ-որ բան փոխվի: Եթե նկատում եք այժմ շատացել են ռոք, ջազ համերգները: Մենք զգում ենք, որ հանրության մեջ որոշակի փոփոխություններ եղել են: Նախասիրությունները փոխվում են, օրինակ՝ կար ժամանակ, երբ փաբային կուլտուրան էր, հետո գինետնայինը և այսպես շարունակ:  Կարող է անընդհատ փոփոխություններ արվել մինչև պայմանականորեն մարգինալ հատվածները հասկանան, որ բարեկեցիկ կյանքի, երջանիկ զգալու և համարժեք երևույթների գրավականը լավ կրթությունն է, որակով տեղեկատվությունը` երաժշտության, գրականության, ճարտարապետության, կերպարվեստի և այլնի մասին: Սրան միտված տևական աշխատանք է պետք անել, որը մեր ուժերի ներածին չափով փորձում ենք անել մեր աշխատանքի ընթացքում »:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ