Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը 25 տարեկան է

am es
haraberakan-zinadadare-25-tarekan-e

Ուղիղ 25 տարի առաջ, 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ է մտել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը: Այս համաձայնագիրը և դրան նախորդած բիշքեկյան արձանագրությունը (1994թ. մայիսի 5) գործնականում հիմք դարձան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հրադադարի հաստատման համար, որոնց շնորհիվ մինչև 2016թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունները և դրանից հետո կողմերի միջև հարաբերական խաղաղություն է պահպանվում:

Բիշքեկյան արձանագրությունն ընդունվել է 1994թ. մայիսի 4-5-ը ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնային ժողովի և արտգործնախարարության ներկայացուցիչների նախաձեռնությամբ, ինչը բարձրացնում է նման քաղաքական փաստաթղթի կարգավիճակը, հատկապես, որ այն ստորագրվել է ԱՀ, ՀՀ և ԼՂՀ ազգային ժողովների նախագահների կողմից:

Բիշքեկյան արձանագրությանը հասնելու համար բավական աշխատանք է պահանջվել: Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դադարեցնելու համար 1991-94թթ. անընդմեջ միջնորդական ջանքեր էին գործադրվում: Սակայն դրանք արդյունք չէին տալիս, քանի որ Բաքվում, հույսեր կապելով հիմնախնդրի ուժային լուծման հետ, անտեսում էին բոլոր առաջարկությունները:

Անշուշտ, այս գործընթացում ՌԴ-ն ունեցել է կարևոր դերակատարում, սակայն որպեսզի ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ մտնեին, միայն ռուսաստանյան միջնորդությունը բավարար չէր: Դրա համար համապատասխան նախադրյալներ էին անհրաժեշտ, որոնք ի հայտ եկան նախևառաջ ԼՂՀ ՊԲ վճռորոշ գործողությունների շնորհիվ:

1994թ. գարնանային ռազմական գործողությունների արդյունքում նոր տարածքային կորուստների հավանականությունն Ադրբեջանի համար վտանգավոր էին դարձրել պատերազմի շարունակումը: Մարտակերտի և Ակնայի (Աղդամ) շրջաններում ՊԲ հաղթարշավի և հակառակորդի հենակետերից մեկի՝ Միրբաշիրի կորստյան սպառնալիքի տակ Բաքվում հասունացել էր նաև ներքաղաքական ճգնաժամ, ինչը ստիպեց վերջինիս ընդունել կրակը դադարեցնելու մասին Ռուսաստանի առաջարկը:

Փաստաթղթի հիմնական նպատակը կրակի դադարեցումն ու նրա ամրապնդումն է: Դրան նախորդել էր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ապրիլի 15-ին ընդունված հայտարարությունը, որի հիմնական աոաջնահերթությունը և կարգավորման նպատակը բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն ու դրա հուսալի ամրապնդումը էր:

Հրադադարի համաձայնագրի նախապատրաստական փուլում մտավախություն կար, որ այն չի ստորագրվի, հատկապես, որ վերջին պահին Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը մերժել էր ստորագրել բիշքեկյան արձանագրությունը: Բնականաբար Ադրբեջանը չէր համակերպվում այն հանգամանքի հետ, որ Արցախը ճանաչվում էր որպես բանակցությունների, հետևաբար նաև հակամարտության լիիրավ կողմ: Ադրբեջանի խորհրդարանի այն ժամանակավա արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էֆենդիևը հայտարարել էր, թե բիշքեկյան արձանագրություններն անընդունելի են, քանի որ բանակցություններ վարելով Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղը որպես հակամարտության կողմ: Սակայն ակնհայտ էր, որ առանց Լեռնային Ղարաբաղի՝ հրադադարի հասնելն անհնար էր: Այնուամենայնիվ, 1994թ. մայիսի 8-ին միլի մեջլիսի նախագահ Ռասուլ Գուլիևը ստորագրում է բիշքեկյան արձանագրությունը:

Որպես բիշքեկյան արձանագրությունը չստորագրելու պատճառ էր նշվում այդ օրերին Բրյուսելում Ալիևի մասնակցությունը ՆԱՏՕ խորհրդի նիստին և այնտեղ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթղթի ստորագրումը: 1993թ. Ռուսաստանի օգնությամբ իշխանության գալով Հեյդար Ալիևը սկզբնական շրջանում վարում էր ռուսամետ քաղաքականություն, հուսալով, որ նրա օգնությամբ կլուծի հիմնախնդիրը: Այնուհետև, իր համաձայնությունը տալով ՆԱՏՕ-ի ծրագրին նա հայտարարել էր, որ Ադրբեջանը հույս ունի ՆԱՏՕ-ի աջակցությունը ստանալ Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու հարցում: Սակայն ՆԱՏՕ-ին ևս անհրաժեշտ էր համագործակցել Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների հետ, հատկապես, որ առանց Հայաստանի մասնակցության անհնար է ապահովել հաղորդակցության ուղիների անվտանգությունը:

Հրադադարի համաձայնագիրն իր փաստաթղթային ձևակերպումը ստացավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի (համապատասխանաբար ստորագրել են մայիսի 9-ին, 10-ին և 11-ին) կողմից՝ ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին և ԱԳ նախարար Անատոլի Կոզիրևին ուղղված համատեղ նամակում, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնել 1994թ. մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը դադարեցնել կրակը:

Հատկանշական է փաստաթղթի երրորդ կետը, որով նախատեսում էր, որ կողմերը տասնօրյա ժամկետում' ոչ ուշ, քան մայիսի 20-ը, պետք է ստորագրեն զինադադարի մասին համաձայնագիրը, ինչը, սակայն, նշված ժամկետում չկատարեց ադրբեջանական կողմը:

1994թ. մայիսի սկզբին Ադրբեջանի ղեկավարությունն արդեն շահագրգռված էր հրադադարով և միջնորդների ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե Ալիևի դրությունը անելանելի չլիներ: Նա կանգնած էր ոչ միայն նոր տարածքներ, այլ նաև իշխանությունը կորցնելու վտանգի առաջ: Բացի այդ, հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ այն կապված էր նաև Ալիևի վարչակարգի կողմից տարվող նավթային դիվանագիտության հետ: Անհրաժեշտ էին պատերազմը չվերսկսելու երաշխիքներ, որի դեպքում միայն նավթային ընկերությունները ներդրումներ կկատարեին: Նաև դա էր պատճառներից մեկը, որ մինչ այդ Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ չճանաչող Ադրբեջանը ստիպված եղավ ստորագրել համաձայնագիրը:

Փաստաթղթի առանձնահատկություններից մեկն այն է, որ 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության համաձայն, կողմերն իրավունք ունեն անվտանգության գոտիներում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման դեպքում կիրառել ներգործության բոլոր միջոցառումները՝ ընդհուպ ռազմական միջամտությունը:

Բիշքեկյան արձանագրության և դրան հաջորդած ԶՈՒ ղեկավարների ստորագրած փաստաթղթերի նշանակությունն այն է, որ դրանցից առաջինի օգնությամբ հաստատվեց հրադադարը, իսկ մյուսով կողմերը պարտավորվեցին ապահովել կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը՝ զինադադարի մասին համաձայնագրի կնքման նպատակով:

Չնայած ընդունված փաստաթղթերի դրույթներն ամբողջությամբ իրականություն չդարձան, այդուհանդերձ, դրանք իրենց ուժը չեն կորցրել առ այսօր: Հետևաբար, ՀՀ-ն և Արցախն իրավունք ունեն պահանջելու վերադառնալ հենց այդ ձևաչափին:
Ադրբեջանական կողմի մեկնաբանություններում բիշքեկյան արձանագրությունն ու դրան հաջորդած զինադադարի հաստատումը ներկայացվել են որպես պատերազմի ոչ բարենպաստ ընթացքի կասեցում և ժամանակ շահելու գործիք, թեպետ Բաքվում հասկանում էին, որ բիշքեկյան արձանագրությունն Ադրբեջանի պարտության ընդունումն ու Հայաստանի դիրքերի ամրապնդումն էր: Բացի այդ, բիշքեկյան խաղաղարար առաքելությունը նպաստել է Լեռնային Ղարաբաղում պետականության զարգացմանը: Անց են կացվել նախագահական և խորհրդարանական ընտություններ, ձևավորվել են պետական կառույցները՝ հիմք դնելով փաստացի անկախացման գործընթացին:

1994թ. մայիսի վերջին շրջանառության մեջ դրվեցին հակամարտության կարգավորման երկու տարբերակներ՝ մեկը ՌԴ, մյուսը ԵԱՀԽ հեղինակությամբ: Երկու տարբերակներն էլ նախատեսում էին խաղաղության վերահսկման նպատակով բաժանարար ուժերի տեղակայում, փախստականների վերադարձ, կապուղիների վերագործարկում, շրջափակման վերացում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում հակամարտության վերջին փուլում: Սակայն ԵԱՀԽ անդամ պետություններից ոչ մեկը պատրաստ չէր խաղաղարար ուժեր տեղակայել հակամարտության գոտում և պայմանագրերից որևէ մեկի ընդունումից հետո տարածաշրջան պետք է ուղարկվեին ռուսական խաղաղապահները: Բնական է, որ խաղաղապահ զորքերի տեղակայման հարցից է կախված, որևէ կողմի գերակշիռ ազդեցությունը Հարավային Կովկասում: Այս հանգամանքից ելնելով ԱՄՆ-ը և Եվրոպան չէին ցանկանում թույլ տալ, որ հակամարտության գոտում տեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր, ինչի համար մշտապես ճնշում էին գործադրում Ադրբեջանի վրա:

1995թ. փետրվարի 6-ից՝ միջնորդների առաջարկությամբ, հակամարտող կողմերը պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ստորագրությամբ, եռակողմ ձևաչափով միջազգային-իրավական պարտավորություն են ստանձնել հրադադարի ռեժիմի ամրապնդման և միջադեպերի ուսումնասիրության վերաբերյալ՝ կրկին փաստելով, որ հակամարտության կողմեր են հանդիսանում Ադրբեջանը, Հայաստանը և ԼՂՀ-ն:

1994թ. Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղղակի բանակցությունների, ինչպես նաև միջնորդների մասնակցությամբ հրադադարի հաստատման և հակամարտության կարգավորման նպատակով ընդունված բազմաթիվ փաստաթղթերում Ադրբեջանի հետ համատեղ առկա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների ստորագրությունները: Այդ բանակցությունները տեղի էին ունենում ոչ միայն միջնորդ երկրների տարածքներում, այլև բուն ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վրա: Դրա շնորհիվ էր նաև հնարավոր դարձել հակամարտության գոտում այսքան ժամանակ պահպանել հարաբերական խաղաղությունը, ինչը միջազգային հակամարտությունների պրակտիկայում բացառիկ երևույթ է:

2016 թ. քառօրյա մարտական գործողություններից անմիջապես հետո ապրիլի 14-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ էր արվում ռազմական գործողությունների սանձազերծման պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով՝ միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը։ Դա նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունները 1994թ. մայիսի 12-ի հրադադարի փաստաթղթերում, որոնցում կա նաև Արցախի Հանրապետության ներկայացուցչի ստորագրությունը, ԼՂՀ միջազգային ճանաչման իրենց համար անընդունելի սպառնալիք են տեսնում:

2016թ. ապրիլի 2-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողություններն ու 1994թ. հրադարարի եռակողմ համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու և նոր պայմանագիր կնքելու Բաքվի փորձերն անցան ապարդյուն: Բաքվի նկրտումները վկայում են, որ 25 տարի անց չի փոխվել հրադադարի հաստատման և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նախապայմանը:

Արտակ Զաքարյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ