Հավանաբար Ադրբեջանն այդ օրերին պատրաստվում է պատերազմի. Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանական զորավարժությունների մասին

havanabar-adrbejannayd-orerin-patrastvoum-e-paterazmi-arcroun-hovhannisyane-adrbejanakan-zoravarjoutyounneri-masin

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մայիսի 20-24լայնածավալ զորավարժություններ կիրականացնի, որին կմասնակցեն 10 հազար զինծառայող:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող հաճախակի բնույթ կրող զորավարժություններին, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Հավանաբար Ադրբեջանն այդ օրերին պատրաստվում է պատերազմի, ինչը չի թաքցնում: Զորավարժություն անելն էլ դրա չթաքցնելու իրական գործընթացներից մեկն է»:

Նշենք, որ այս անգամ ադրբեջանական զորավարժությունների նպատակը՝ ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հակառակորդի գիշերային հարձակման ընթացքում, դժվարին կլիմայական պայմաններում տարբեր ուղղություններով հակահարված հասցնելն է:

Արծրուն Հովհաննսիյանի խոսքով՝ զորավարժություններն այս կամ այն թեմայով անցկացնելը պայմանավորված է նրանով, որ իրենք փորձում են հետևել համաշխարհային միտումներին և միշտ մնալ դինամիկայի մեջ, զարգացնել իրենց զինված ուժերը. «Այստեղ ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում, որովհետև իրենց հայտարարությունները, ցանկությունները, պլաններն ու գործողությունները մեկ շղթայի մեջ են»:

Իսկ մեր Զինված ուժերը, ինչպես ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հակառակորդի գործողություններին մշտապես հետևում է և պատրաստ է ցանկացած զարգացման:

Նշենք, որ սա վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի արդեն 2-րդ զորավարժությունն է լինելու, որին բացի մեծաքանակ զինվորական անձնակազմից, կներգրավվեն նաև 150 միավոր տանկ և այլ զինտեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային զինատեսակ, ականանետներ ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մինչև 35 միավոր ուղղաթիռ և ինքնաթիռ:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ