Հայաստանը տարածաշրջանում. 2 մարտահրավեր և 1 գործիք

hayastane-taracasrjanoum-2-martahraver-e-1-gorciq

Պարզ է, որ մեր երկիրը չի կարող գոհ լինել իր աշխարհագրական դիրքից ու դրանից բխող տարածաքաղաքական հանգամանքներից, քանի որ սահմանակից 4 հարևաններից 2-ը ցամաքային շրջափակման իրենց քաղաքականությամբ կաշկանդում են Հայաստանի ելքերը դեպի արտաքին աշխարհ արևելյան ու արևմտյան ուղղություններով: Նույնքան պարզ է, որ մեր երկիրը գոհ լինելու պատճառ չունի նաև իր բնական ռեսուրսներից, քանի որ դրանք այն տեսակներն ու ծավալները չունեն, որպեսզի կարողանանք ինքնաբավ պետության դերին հավակնել ու դեռ մի բան էլ հարևաններին ստիպել մեր ձեռքին նայել:

Եվ ուրեմն միանգամայն պարզ է այն իրողությունը, որ Հայաստանը չափազանց զգայուն է դառնում (կարող եք կարդալ նաև խոցելի), երբ իր սահմանակից հարևանները քաղաքական կամ տնտեսական ցնցումների մեջ են ընկնում: Պայմանականորեն ասած՝ նման դեպքերում վտանգվում է Հայաստանին արտաքին աշխարհի հետ կապող երկու առողջ «երակ»: Վրաստանում կամ Իրանում խորացող ցանկացած ապակայունացում անխուսափելիորեն իր բացասական հետևանքներն է ունենում Հայաստանի վրա ու ստեղծում բազմաթիվ ռիսկեր: Եվ հիմա հենց նման ռիսկեր հաղթահարելու անհրաժեշտության առաջ է կանգնած մեր երկիրը, քանի որ թե՛ Վրաստանում, թե՛ Իրանում արշալույսները խաղաղություն ու վստահություն չեն ներշնչում:

Իրավիճակը ՀՀ-ի համար բարդ է այն առումով, որ մեր երկու բարեկամ հարևանները թշնամական հակասությունների մեջ են դարձյալ մեր բարեկամ երկրների հետ: Դժբախտաբար այդ են վկայում Իրանի հակաամերիկյան տրամադրությունները և Վրաստանում հակառուսական տրամադրությունները: Իրադարձությունները ընթացել և ընթանում են մեզ համար այնքան անցանկալի հունով, որ Հայաստանի պետական շահը ստիպված կանգնում է երկու խոշոր մարտահրավերի դեմ հանդիման:

Ակնհայտ է, որ իրանա-ամերիկյան կամ ռուս-վրացական սրացումները հղի են ռազմական, տնտեսական և այլ տիպի հետևանքներով: Ու եթե այդ կոնֆլիկտները հասունացել են առանց Հայաստանի մասնակցության, դա դեռ չի նշանակում, որ դրանց հնարավոր մեղմումը ևս պիտի լինի դարձյալ առանց Հայաստանի մասնակցության: Ի վերջո, դիվանագիտությունը հնարավորություններից օգտվելու արվեստ է: Այս դեպքում հակամարտող բոլոր կողմերի հետ ՀՀ-ի ունեցած ամուր բարեկամական հարաբերությունները կարող են լինել մարտահրավերները դիմագրավելու օժանդակ գործիք, որի ներուժից Հայաստանը պարզապես պարտավոր է օգտվել: Պասիվությունն այս դեպքում գրեթե ոչնչից չի ապահովագրի մեր երկիրը:

Իհարկե, մարտահրավերներից խուսափելու համար չես կարող տեղափոխել աշխարհագրական դիրքդ ավելի ապահով գոտի, բայց փոխարենը կարող ես տեղափոխել դերակատարությունդ տարածաշրջանի ավելի ակտիվ հարթակներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ