Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:
Ավետիք Իսահակյան

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հանդիպումները Հունաստանի արտաքին գերատեսչությունում

am
hh-agn-glxavor-qartouxar-vahagn-meliqyani-handipoumnere-hounastani-artaqin-geratescoutyounoum

Հունիսի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի հետ (Terens-Nikolaos Quick):

Ողջունելով միմյանց՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալը գերազանց գնահատեցին հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակը՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների մյուս ոլորտներում ևս արդյունավետ համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը:

Կողմերն ընդգծեցին ս.թ. հունիսի 4-ին կայացած Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ նախարարական հանդիպման արդյունքները՝ նշելով, որ այն նոր՝ ավելի բարձր մակարդակի համագործակցության հնարավորություններ է ընձեռում մասնակից երկրների համար: Վահագն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց փոխնախարար Քուիքին՝ որպես Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության առաջամարտիկի, ով կանգնած է սփյուռքի բնագավառում դրա ձևավորման ակունքներում: Անդրադարձ կատարվեց այդ ոլորտում երեք բարեկամ երկրների համագործակցության ձևաչափի վերականգնման և համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հանդիպման կազմակերպման հարցերին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Նույն օրը տեղի ունեցավ Վահագն Մելիքյանի հանդիպումը Հունաստանի ԱԳՆ անձնակազմի, վարչարարության կազմակերպման և ֆինանսական կառավարման գլխավոր տնօրինության ղեկավար, դեսպան Դիոնիսսիոս Զոիսի (Dyonissios Zois) հետ: Կողմերն անդրադարձան փորձի փոխանակման և արդյունավետ կառավարման բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերին:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում ունեցավ նաև Հունաստանի ԱԳՆ տնտեսական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար, դեսպան Կոնստանտինա Աթանասիադուի (Konstantina Athanasiadou) հետ: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-հունական քաղաքական համագործակցության բարձր մակարդակը լայն հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի խորացման համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործնական քայլերով և կոնկրետ ծրագրերով նպաստել ոլորտային համագործակցության զարգացմանը: Ընդգծվեց նաև տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների և դրա հերթական՝ 6-րդ նիստի կազմակերպման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ