ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են

am
hh-petakan-byoujei-harkayin-ekamoutnern-avelacel-en

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019թ.-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտների (ներառյալ տուրքերի) կատարողականին: 

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը) 2019թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 59.80 մլրդ ՀՀ դրամով կամ 24.3%-ով՝ կազմելով 299.65 մլրդ ՀՀ դրամ: Բոլոր հիմնական հարկատե­սակների և տուրքերի գծով աճ է գրանցվել դիտարկվող ժամանակահատվածում:

 

2019թ.-ի առաջին եռամսյակում շահութահարկի գծով 137.3% աճ է գրանցվել 2018թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ, որի արդյունքում բյուջե է հավաքագրվել շուրջ 72.1 մլրդ ՀՀ դրամ, որից միայն մարտին՝ 71.3 մլրդ ՀՀ դրամ, որը որոշակիորեն կարող է պայմանավորված լինել տարեկան ցուցանիշների ճշգրտմամբ, որի արդյունքում ավելացել է բյուջե փոխանցվող շահութահարկը: Այսպիսի աճի պատճառ կարող է հանդիսանալ միայն տնտեսության բավականին բարձր տեմպերի հասնող աշխուժացումը, որն իր հերթին կարող է պայմանավորված լինել ներքոնշվածներից որևէ մեկով՝

  • տնտեսության գրեթե բոլոր ոլորտները աճ են արձանագրում,
  • կամ էլ աճը պայմանավորված է շատ բարձր աճի տեմպեր գրանցող որոշակի ոլորտների հաշվին, որը եղավ Հայաստանի պարագայում:

Մտահոգիչ է, որ ՀՀ պարագայում աճը հիմնականում պայմանավորված է եղել տնտեսության սահմանափակ քանակությամբ ոլորտների աճով, որտեղ ամենաբարձր աճն արձանագրել է շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեու­թյունը (40.9% աճ  2019թ.-ի առաջին եռամսյակում): Դրան հաջորդել է հանրային սննդի կազմակերպումը (29.8% աճ), ֆինանսական և ապահովագրական գործունեությունը (20.3%) և այլ:

Նմանատիպ պատկեր է արձանագրվել նաև ակցիզային, եկամտային հարկի և ԱԱՀ-ի կտրված­քով: Ակցիզային հարկի պարագայում դա հիմնականում պայմա­նավորված է այն հանգամանքով, որ 2019թ.-ի հունվարի 1-ից ալկոհոլային խմիչքների և ծխախոտի ակզիցային հարկի դրույքաչափերի բարձրացում է տեղի ունեցել:

Եկամտային հարկի պարագայում 2019թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ 50.7% աճ է արձանագրվել՝ կազմելով 126.6 մլրդ ՀՀ դրամ: 2019թ. հունվար-փետրվարի համեմատ մարտ ամսին որպես եկամտային հարկ հավաքագրվել է  61.55 մլրդ ՀՀ դրամ՝ 94.6%-ով ավել քան 2019թ.-ի առաջին երկու ամիսներին:

ԱԱՀ-ի պարագայում, 2019թ.-ի առաջին եռամսյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 37.3% աճ է գրանցվել: ԱԱՀ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի շրջանառության աճով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ, որոնք ավելի մեծ թափանցիկություն են ապահվում: Մյուս կողմից, մտահոգիչ է ԱԱՀ-ի տեսակարար կշիռը հարկային եկամուտների (ներառյալ տուրքերը) մեջ՝ 47.46%, ինչը նշանակում է, որ տնտեսական աճը հիմնականում խթանում է սպառման մակարդակը: Նշված ժամանակահատվածում իրականացվել է մեծ չափերի է հասնող հարկերի անցումային գերավճարների վերադարձ:

Այսպիսով՝ հարկային եկամուտների աճ է արձանագրվել, որը պայմանավորված է եղել վարչարարությամբ, ակցիզային հարկերի բարձրացմամբ և նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման պահանջով: Տնտեսական աճը, որը հիմնականում ապահովել է չարտահանվող հատվածը, խթանել է սպառման մակարդակի աճին, ինչ էլ իր հերթին հանգեցրել է հավաքագրվող հարկային եկամուտների աճին:

Սակայն,  անհնար է թվարկել այն տնտեսական գործոնները, որոնք 2019թ.-ի առաջին եռամսյակում կարող էին նպաստել շահութահարկի գծով արձանագրված այսպիսի բարձր աճի տեմպին: Նաև հարց է ծագում, թե ու՞ր է անհետացել բյուջեի հաստատագրված վճարների տողը բյուջեի եկամտային մասի կառուցվածքից, երբ 2019թ.-ի հունվար-փետրվար ամիսների վերաբերյալ ՀՀ ՎԿ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն բյուջե էր հավաքագրվել 22.2 մլն ՀՀ դրամ: Ուստի, ՀՀ ՎԿ-ի  (Վիճակագրական կոմիտե) կողմից ներկայացված ցուցանիշները, մեղմ ասած, արժանահավատ չեն:   

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ