Հոգեբանական առումով ստեղծված իրավիճակը շատ վտանգավոր է. հոգեբան

am es
hogebanakan-aroumov-stexcvac-iravijake-sat-vtangavor-e-hogeban

«Հոգեբանական առումով իրավիճակը համարում եմ շատ վտանգավոր»,-այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով այն իրավիճակին, որն այսօր ունենք՝ հասարակության մի մասի, երկրի ղեկավարության ու դատական համակարգի միջև:

«Այսօր մենք արձանագրում ենք, որ ժողովուրդը դուրս է եկել հեղափոխական տրամադրություններից,  անցել են այն ժամանակները, երբ վարչապետի մի խոսքով մեծ զանգվածներ վազելով դուրս էին գալիս փողոց: Այն ժամանակ կենսափորձը դեռ ցույց չէր տվել ինչպիսի վիճակ ունենք: Հիմա ժողովրդի մի հատվածը չի կամենում դուրս գալ փողոց՝ հների նկատմամբ ունեցած ատելությունից: Եվ իշխանությունը, իրավական տեսանկյունից, դիմում է  արտառոց քայլերի,- նշում է մեր զրուցակիցը:

Հոգեբանի խոսքով՝ հնարավոր է, որ այսօրվա իշխանությունները զգում են հենց այս մարդկանց կարիքը, որովհետև,  եթե ամեն ինչ իրավական դաշտում լինի, ապա  չեն կարողանա իրենց մտադրություններն իրականացնել. «Այնուամենայնիվ, այսօր մեր ժողովուրդը նորից լարվել է, նորից համացանցում հայհոյանքներ են, փոխադարձ վիրավորանքներ: Երբ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ այս կողմում կա փաստարկների բացակայություն, փոխարենը վիրավորական ֆոն է ստեղծվում, ու  վիրավորանքները որքան գռեհիկ են, այնքան ավելի հաղթական տոնով է դա ասվում, իսկ մյուս կողմն ավելի շատ հակված է փաստարկներ բերելուն»:

Այնուամենայնիվ՝ Կարինե Նալչաջյանն ընդգծում է, որ մարդկանց այս երկփեղկված վիճակը բավականին վտանգավոր է. «Եթե մենք հեռուն նայելու կարողություն ունենանք, կտեսնենք, որ Ադրբեջանը գործով է զբաղված, իսկ մենք, կարծես թե, մոռացել ենք, որ զավակներ ունենք սահմանին կանգնած, և այստեղից հասնող լուրերը կարող են  թուլացնել նրանց  մարտական ոգին»:

 Չնայած նրան, որ այսօր բազմիցս շեշտվեց, թե դատարանների մուտքերն ու ելքերը փակելը ժողովրդի ցանկությամբ ու պահանջով է արվել, Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ մարդկանց մասնակցության տեսանկյունից, այսօր իշխանությունները լուրջ կորուստներ ունեն. «Այդ կորուստները մարդկանց կենսափորձի, գնահատականների արդյունք են: Սա առաջընթաց է բոլոր դեպքերում, որովհետև այդ էյֆորիկ վիճակներից դիսֆորիա է եղել, և մարդիկ այնքան էլ հակված չեն փողոցային պայքարին: Մարդկանց մեծ մասն այսօր իր առօրյա գործերով է զբաղված: Հիմա այդքան շատ մարդիկ փողոցներ ու հրապարակներ չեն գնա: Ուղղակի վիճակն է վտանգավոր, որ սկսել են իրար հանդեպ թշնամանք տածել: Գիտեք, մի տեսակ ամոթ է Հայաստանի համար այն, ինչ կատարվում է»,- ասաց հոգեբանը:

 

   

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ