Բանաստեղծությանս մայր ակունքը մայրենի հողն է, մայրենի լեզուն է, ազգի մշտատևության մեծ խորհուրդը։ Սրանց ավելացրած համամարդկային չմեռնող զգացմունքները
Հովհաննես Շիրազ

Ի՞նչ փուլում է ՀՀ օրհներգի փոփոխության հարցը

inc-pouloum-e-hh-orhnergi-popoxoutyan-harce

Դեռևս տարեսկզբին բավական բուռն քննարկումներ էին ընթանում Հայաստանի Հանրապետության օրհներգի հնարավոր փոփոխության շուրջ: Կարծիքներն այս հարցում երկու մասին բաժանվեցին՝ ոմանք պնդում էին, որ այժմյան օրհներգը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության անկախ կարգավիճակին, խոսքերը ոգեղեն չեն, ոմանք էլ քննադատում էին այս մոտեցումներն ու ասում, որ օրհներգը չպետք է փոխել ինչ-որ մեկի ճաշակով և ցանկությամբ:

Այնուամենայնիվ, այս քննադատությունները մի կողմ դնելով՝ ամիսներ առաջ որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներառվեցին տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, Դանիել երաժիշտը, Արամ Սաթյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Նիկոլայ Կոստանյանը, Արմինե Գրիգորյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Ֆելիքս Բախշյանը, Վահագն Հայրապետյանը:

Կան առկախված հարցեր՝ այժմ ի՞նչ փուլում են գտնվում աշխատանքները, ի՞նչ քայլեր են արվել և դեռ ի՞նչ անելիքներ կան: Հարցերի վերաբերյալ ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցել է աշխատանքային խմբի համակարգող Լևոն Սահակյանի հետ: Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ Արամ Խաչատրյանի օրհներգի երաժշտության համար տեքստերի մրցույթն արդեն ավարտվել է, և իրենք ստացել են ավելի քան 100 հայտ:

«Մինչ այս, աշխատանքային խումբն ունեցել է երկու քննարկում, որի ժամանակ ուսումնասիրվել են ստացած հայտերը: Առաջիկայում նախատեսվում է ամփոփիչ փուլը, որի ժամանակ աշխատանքային խմբի անդամները յուրաքանչյուր հայտի վերաբերյալ կհայտնեն իրենց դիրքորոշումը»,- նշեց Սահակյանը:

Մեր զրուցակցի խոսքով, այս հարցում շտապողականություն ցուցաբերել պետք չէ, պարտադրված ընտրություն անելն էլ ճիշտ մոտեցում չի լինի. «Խմբում յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմունքներն ու չափորոշիչներն ունի, հնարավոր է լինի մեկ տարբերակ, մեկից ավելի, կամ որևէ մեկը չլինի: Սա այն հարցն է, երբ շտապել պետք չէ, պետք է հանգիստ քննարկում լինի»:

Լևոն Սահակյանը նաև ընդգծեց, որ ամփոփիչ հանդիպումը նախատեսվում է այս շաբաթ, սակայն պետք է համաձայնեցնեն, որպեսզի հանդիպմանը ներկա լինեն աշխատանքային խմբի բոլոր անդամները. «Կարևոր է, որ խմբի յուրաքանչյուր անդամ իր մասնակցությունն ունենա, որովհետև կարծում եմ, որ ոչ լիարժեք կազմով հանդիպումների ձևաչափը ճիշտ չէ: Ցանկալի է, որ բոլորը լինեն և հնարավորություն ունենան փոխանակվել մտքերով և դատողություններով»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ