Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Ի՞նչն է խանգարում տուրիզմի զարգացմանը Շիրակի մարզում

incn-e-xangaroum-tourizmi-zargmane-siraki-marzoum

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականն իր դիտակետում է պահել հանրապետության երկրորդ քաղաքի ու  Շիրակի մարզի զբոսաշրջային գրավչությունների, հետաքրքիր ու կոլորիտով մարդկանց մասին լուսաբանումը:

Տուրիզմն այս մարզում դեռևս առաջին քայլերն է անում, ոլորտում առկա են մի շարք մարտահրավերներ՝ նախ քաղաքը դեռ ինքնաբավ չէ գյումրեցիների համար, այստեղ կան ենթակառուցվածքների չլուծված խնդիրներներ, սպասարկման ոլորտի խնդիրներ և տուրիստական ‹‹պրոդուկտի›› բացահայտման հարց: Այս և այլ հարցերի շուրջ Երկխոսության մեդիա լսարանում քննարկում էր կազմակերպվել, որտեղ ոլորտի փորձագետներն ու մասնագետները փորձեցին հասկանալ, թե դեռևս ի՞նչ արգելքներ կան, որպեսզի այս մարզում տուրիզմը բարձր ցուցանիշներ ապահովի:

Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Արսեն Վարդանյանը նկատում է, որ ավելացող հոսքերի և ներդրումային ծրագրերի առումով պետք է վերանայել մոտեցումները. ‹‹Շիրակի մարզի ենթակառուցվածքները զարգանում են միայն Գյումրիի և Գյումրիի շուրջ, բայց պետք է նաև գյուղական համայնքներին ևս ուշադրություն դարձնել, քանի որ վերջիններս մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն: Զբոսաշրջությունը միանշանակ պետք է կապել բիզնեսի զարգացման հետ, այսինքն՝ ներդրումային ծրագրերի ուղղությամբ, կարևոր ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ››:

 Ի՞նչ ռեսուրսներ ունի Շիրակի մարզը, արդյո՞ք դրանք բավարար կերպով բացահայտված  են: «Տիգրան Տուր» զբոսաշրջային ընկերության նախագահ, ՇՊՀ աշխարհագրության ամբիոնի վարիչ Լևոն Մարտիրոսյանը բացահայտում է, որ դեռևս ամբողջապես բացահայտված ու գնահատված չեն. ‹‹Շիրակի մարզի, Գյումրու համար հատկանշական է միակողմանի զբոսաշրջային վեկտորի զարգացումը, դա պատմամշակութային ուղղությունն է, ինչը շատ վատ է: Լիարժեքորեն գնահատված չէ ձմեռային զբոսաշրջությունը: Մեզ մոտ գոյություն ունի սեզոնային դիսբալանս և զարգացած է ամառային զբոսաշրջությունը: Սա զգալի գիտական աշխատանք է պահանջում, այդ աշխատանքը շատ քիչ է կատարվում և եղածն էլ կարելի է ասել չի օգտագործվում: Քանի որ ես ներկայացնում եմ ակադեմիական ոլորտը և այն ամբիոնը, որտեղ ես աշխատում եմ, տեսնում ենք, թե  կատարված հետազոտությունը որքանով է օգտագործվում, և դա շատ ցածր մակարդակի վրա է››:

PR մասնագետ Լիզա Գասպարյանն էլ բացահայտեց, թե որքանով գրագետ ու տեղին է արվում քաղաքի բրենդավորումը: Ըստ մասնագետի՝ այն կարելի է ասել չի արվում կամ արվում է բացառապես անհատների մակարդակում. ‹‹Բավականին ուշացել ենք, բայց երբեք ուշ չէ, քանի որ արդեն սայլը տեղից շարժված է անհատների  ջանքերով: Ցավալի է, որ այս ամենը պետք է արվեր պետական մակարդակով և էլ ավելի լուրջ առաջխաղացում լիներ, որպեսզի մեր մարզն ավելի ճանաչելի լիներ իր ողջ պոտենիցիալով: Յուրահատուկ շերտեր ունենք, յուրահատուկ պորդուկտ ունենք, որը գեղեցիկ վաճառել չգիտենք››:

ՇՄ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը խոսում է  ենթակառուցվածքների զարգացման տեմպերի մասին. ‹‹Զբոսաշրջության ոլորտը գրեթե բոլոր ոլորտների հետ կապ ունի և այս առումով ճանապարհաշինության մասով համայնքը 45 տոկոս է ներդնում, իսկ պետությունը տալիս  է 55 տոկոսը, 2019թ-ին գյուղական համայնքներում մենք կունենանք 16,6կմ ասֆալտապատ, բարեկարգ ճանապարհ, այս ենթակառուցվածնքների շրջանում պետությունը լուրջ քայլեր է իրակացնում››:

Պետական միջամտության կարիք կա  ‹‹Շիրակ›› օդնավակայանում, Գյումրու ավտոկայարանում և երկաթգծի կայարանում: Այս կարևորագույն տրանսպորտային հագույցներում վերջին լրջագույն փոփոխությունների մասին ամենահնաբնակ աշխատակիցներն անգամ վարանում են որևէ տարեթիվ հիշատակել: Բացի ենթակառուցվածքներից  տեղացիների ստեղծարարության պակաս կա, նկատում է  «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը. ‹‹Մեզ հիմա պետք է ուղղակի մարդկանց ոգեշնչել,  մոտիվացնել, որ այդ մարդիկ գործ անեն: Մեր ուսումնասիրությունները բերեցին այնտեղ, որ մենք հասկացանք, որ տեղը կա, մարդը չկա: Այսինքն, կարող ես ունենալ ռեսուրս, բայց էդ ռեսուրսը մատուցող, հրամցնող չկա, մեզ մոտ խնդիրը մարդն է››:

Շիրակում տուրիզմի ոլորտը դեռ սպասում է, որպեսզի մարզում և քաղաքում ճանապարհաշինարարությունն ավարտվի, սպասարկման ոլորտը բարելավվի, քաղաքի ու մարզի մասին տեղեկացվածության մակարդակը բարձրանա և էլի ու էլի մարտահրավերներ կան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ