Ինչպե՞ս ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի հայ պատվիրակներին հաջողվեց տապալել ադրբեջանական ծրագիրը

incpes-eahk-xorhrrdaranakan-vehajoxovi-hay-patviraknerin-hajoxvec-tapalel-adrbejanakan-cragire

Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ներկայացված զեկույցներից մեկում տեղ գտած հակահայկական ձևակերպումը հնարավոր է եղել չեզոքացնել: Այս մասին Ազգային ժողովում հրավիրված հանդիպման ժամանակ նշեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա ընդգծեց, որ իրենց պատվիրակության համար սա առաջին նստաշրջանն էր, և միջազգային կառույցում իրենց նորամուտը բավական հաջող ստացվեց: «Ինչպես արդեն գիտեք, Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովում իռլանդացի պատգամավորներից մեկի կողմից առաջարկված բանաձևում տեղ էին գտել հակահայկական դրույթներ: Մասնավորապես, կար «Ադրբեջանի 7 շրջաններ» ձևակերպումը, որը խայտառակ ձևակերպում է, և բանաձևի նախագծի մեջ հաշվի չէին առել կոնֆլիկտի կարգավորման շուրջ Մինսկի խմբի հայտարարությունները: Այսինքն, հակասության մեջ էին մտնում հիմնախնդրի կարգավորման ֆորմատի հետ»,- ասաց Կոնջորյանը:

Նա նշեց, որ իրենց առաջ խնդիր էր դրված այնպես անել, որ այդ խայտառակ ձևակերպումները չպահպանվեին բանաձևի վերջնական տեքստում: «Ինչպես ասացի, բանաձևի նախագծում ոչ մի խոսք չկար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին, ինչը Ադրբեջանի ցանկությունն է, որ հարցը դուրս բերվի համանախագահների ֆորմատից: Նախագծում նաև չէր նշվում, որ կա որոշակի առաջընթացց: Այսինքն, բավական վատ կազմված զեկույց էր: Մյուս կողմից, այս զեկույցը այս տեսքով որ բերվել էր հանձնաժողով, դա երկարաժամկետ աշխատանքի արդյունք էր պաշտոններ ձեռք բերելու, ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներին իրենց բարեկամական խմբերի մեջ մտցնելու և այլն»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ իրենք ԵԱՀԿ ԽՎ-ում աշխատանքը սկսել են այնպիսի ստարտային պայմաններից, որ չեն ուենցել հանձնաժողովների նախագահներ կամ փոխնախագհահներ, և հնարավորություն չեն ուենցել մինչև զեկույցների հրապարակումը ծանոթանալու դրանց տեքստին: Մյուս կողմից, զգալի թվով պատգամավորներ հանդիսանում են Ադրբեջանի կամ Թուրքիայի բարեկամական խմբի անդամներ, և այդ մարդկանց հետ տարիներով աշխատանք է  տարվել. «Այն կոմիտեն, որտեղ պետք է քննարկվեր զեկույցը, կոմիտեի նախագահն, օրինակ, շվեյցարա-ադրբեջանական բարեկամության խմբի անդամ է: Մենք երբ իմացանք, խորհրդարանական դիվանագիտության և ԱԳՆ-ի լծակներով հասանք նրան, որ մեզ համար ամենակարևոր 10-րդ կետը, որտեղ այդ խայտառակ ձևակերպումը տեղ էր գտել, դուրս մնաց բանաձևից»:

Դրանից անմիջապես հետո ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը առաջարկել է փոփոխություն, որ «7 շրջանների մասին» կետն այլ ձևակերպմամբ ներառվի բանաձևում, և հայկական պատվիրակությունը աշխատանքներ է տարել նրանց այդ նախաձեռնությունը չեզոքացնելու ուղղությամբ: «Ավելին, մեր պատվիրակության և ԱԳՆ ներկայացուցիչների երկար աշխատանքի շնորհիվ փաստաթղթում առանձին դրույթով ընդունվեց ֆրանսիացի պատգամավոր Ժան Բիզեի կողմից ներկայացված առաջարկը, որում արձանագրվել է, որ կոնֆլիկտը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների հիման վրա՝ թվարկելով դրանք և հստակ ներառելով նաև ինքնորոշման իրավունքը, որն ի դեպ, տվյալ բանաձևում որևէ տեղ ներառված չէր, ի տարբերություն տարածքային ամբողջականությունը սահմանող սկզբունքի, և վերջապես ընդունվեց մեկ այլ նոր դրույթ, որը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ձևավորված նոր բանակցային, կառուցողական գործընթացը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ