Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Կատարվեց հոգեհանգիստ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի համար

am
katarvec-hogehangist-kostandnoupolsi-hayoc-patriarq-t-mesrop-arqepikopos-moutafyani-hamar

Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի համար: Արարողությանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պետական այրեր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ:


Ներկա հոգևոր դասը և հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված հոգելույս Մեսրոպ Բ Պատրիարքի հոգու խաղաղության և հանգստության համար:
Հոգեհանգստից հետո Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի վախճանման առիթով իր հայրական խոսքն ուղղեց ներկաներին: Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց.
«Հոգևոր հայրեր և սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այս պահին վիշտ է մեր հոգիներում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանման տխուր առիթով: Սգակիր մեր սրտերի համար ցավ է Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակյալ հոգևորականի մահը, մեկնումը այս տեսանելի աշխարհից:


«Հաւատովք ճանաչե՛լ զնա, եւ զզօրութիւն յարութեան նորա, եւ զհաղորդութիւն չարչարանաց նորա, կերպարանակի՛ց լինել մահու նորա» (Փիլիպ. 3.10),- ասում է առաքյալը: Մեր Տիրոջն ու Փրկչին` Հիսուս Քրիստոսին հավատացողներն աստվածանմանության ուղիով են ընթանում ոչ միայն այս երկրավոր կյանքի, այլև մահվան ճանապարհին, քանզի առաքելական խոսքի համաձայն կերպարանակից ենք լինում նաև Փրկչի մահվանը` հարության և հավիտենական կյանքի անխորտակելի հույսով: Հարության տերունական շնորհն է, որ պարտության է մատնում մահվանը և Երկնքի Արքայության դռները բացում նրանց առջև, «որք հաւատով և սրբութեամբ ի Քրիստոս ննջեցին»: Մխիթարական այս գիտակցությամբ ենք այսօր հրաժեշտ տալիս սիրելի Պատրիարք Սրբազանին:


Հիրավի, ծանր է կորուստը, և սուգի մեջ են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատմական Աթոռը, Պատրիարքության Մեր հավատավոր զավակները, համայն Մեր հավատավոր ժողովուրդը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Լուսահոգի Պատրիարքը մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին ամբողջանվեր ծառայության ուխտ կնքեց ավելի քան չորս տասնամյակներ առաջ` կուսակրոն քահանայության սպասավորությունը ստանձնելով: Նա բանիմաց հոգևորական էր, ով դեռևս երիտասարդ տարիներից իր ուսումնատենչ հոգում ամբարեց գիտելյաց պաշարներ և ուսանելով փիլիսոփայություն ու աստվածաբանություն Միացյալ Նահանգներում և ապա Երուսաղեմում` վերադարձավ նոր եռանդով ու կորովով ծառայություն բերելու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ավանդապահ և Քրիստոսասեր Մեր բարեպաշտ զավակներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` հայոց հոգևոր կենտրոնում եպիսկոպոսական ձեռնադրությունից տարիներ անց Մեսրոպ Սրբազանը ստանձնեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության նվիրական Աթոռի առաջին սպասավորը լինելու առաքելությունը: Պատրիարքական իր պատասխանատու և երբեմն դժվարին գործունեության ողջ ընթացքում նա եղավ ծառայանվեր մշակ, ով եռանդուն սպասավորությամբ ջանում էր զորեղ ու միասնական պահել Թուրքիո հայ համայնքը, աշխույժ` Պատրիարքության ազգային-եկեղեցական կյանքը, ազգային-մշակութային կազմակերպությունների և կրթական հաստատությունների կարևոր գործունեությունը: Ավա՜ղ, հիվանդությունը տկարացրեց սիրելի Պատրիարքին, տարաժամ բերեց «զհաղորդութիւն չարչարանաց», և վաղահաս մահվամբ իր վերջին հանգրվանը փոխադրվեց Պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանը:


Մենք այսօր աղոթական ոգով ուղեկցում ենք վախճանյալ Պատրիարքին դեպի հավերժական կյանքի ճանապարհ: Նա ննջեց այս աշխարհում, սակայն հառնելու է երկնային լուսեղեն օթևաններում, ուր պիտի լսի Աստծո նվիրյալ ծառաներին առ Քրիստոս կանչող ձայնը. «Արի՛ որ ննջեսդ, եւ կանգնեա՛ց ի մեռելոց, եւ լուսաւորեսցէ զքեզ Քրիստոս» (Եփ. 5.14):


Ի խորոց սրտի հայցում ենք առ Ամենողորմ Տերը, որ երկնային բարձունքներում խաղաղության և հանգստության մեջ ընդունի հոգին հավատարիմ Իր սպասավորի` Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանի, և Սուրբ Հոգու մխիթարությունը շնորհի մեզ ամենքիս, սգացյալ տիրամորը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության սիրելի Մեր զավակներին, մեր հոգևոր դասին, վշտացյալ հավատավոր Մեր ժողովրդին:
Աղոթք և օրհնություն Մեսրոպ Պատրիարքի լույս հիշատակին»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ