Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Մարտավարական շտկումների կարիք՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում

martavarakan-stkoumneri-kariq-hayoc-cexaspanoutyan-mijazgayin-janacman-harcoum

Ապրիլի 24-ին ընդառաջ ակտիվանում են Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգային արշավի տեմպերը: Ակտիվանում են նաև ընդդիմանալու փորձերը Թուրքիայի ժխտողական ճակատից: Ընդ որում ոչ միայն Թուրքիայի իշխանական ու մերձիշխանական օղակներից, այլ նաև ընդդիմադիր ճակատից: Խոսքը տվյալ դեպքում քեմալական կուսակցության մասին է, որը համարվում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը: Ի դեպ, հարկ է նկատել, որ Էրդողանի ռեժիմին և ընդդիմադիր քեմալականներին միավորող սակավաթիվ գործոններից մեկը հենց Հայոց ցեղասպանության ժխտողականությունն է:

Եվրոպական ու Եվրամիության երկու ազդեցիկ երկրներում կարևոր առաջընթաց տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացման ու դատապարտման գործում: Իտալիայի խոհրդարանի ստորին պալատն ընդունեց մի բանաձև, որով կոչ արեց երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ, հավատարիմ մնալով դեռևս նախընտրական քարոզարշավի շրջանում տված իր խոստմանը, ստորագրեց հրամանագիր, համաձայն որի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը հռչակվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր:

Իրարահաջորդ այս երկու գործողություններն իրարանցում առաջացրեցին Թուրքիայի կառավարությունում: Նախքան Թուրքիայի արտգործանախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգար, Թուրքիայի բարձրաստիճան տարատեսակ պաշտոնյաներ շտապեցին գրառումներ անել սոցցանցերում և քննադատել իտալացի պատգամավորների կողմից բանաձևի ընդունումը: Ուշագրավ է այն փաստը, որ քվեարկության դրված բանաձևին ոչ մի պատգամավոր դեմ չի քվեարկել:

Նշված եվրոպական երկրների բանաձևին ու հրամանագրին հակազդելու Թուրքիայի փորձերում ոճի փոփոխություն չնկատվեց: Ժխտողականության հին ձեռագիրը շարունակվում է: Նախ տվյալ երկրի դեսպանին հրավիրում են Թուրքիայի արտգործնախարարություն՝ պարզաբանումներ ստանալու և իրենց դժգոհությունը փոխանցելու համար: Զուգահեռաբար թուրք պաշտոնյաներն իրենց սոցցացնային գրառումներով արշավ են սկսում ցեղասպանության ճանաչման դեմ: Հետո Թուրքիայի ԱԳՆ-ն պարտադիր գրավոր հայտարարություն է տարածում՝ որպես կանոն պիտակավորելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած երկրներին: Օտարերկրյա իրենց գործընկերների հետ այդ ժամանակ տեղի ունեցող հանդիպումներում անկախ օրակարգից քննարկման թեմա են դարձնում ցեղասպանության հարցը: Երբեմն կիրառվում է նաև դեսպանի հետկանչի մեխանիզմը, բայց ոչինչ, ըստ էության, չի փոխվում, քանի որ Անկարայի այդ գործիքները վաղուց արդեն ոչ մի այլ ուժ չունեն, քան զուտ սովորույթի ուժը:

Ահա այն գործիքակազմը, որով Թուրքիան առաջնահերթ օգտագործում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների դեմ: Սա հարկավոր է ուշի ուշով արձանագրել և մարտավարական որոշ շտկումներ կատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մեր պայքարում: Աչքի առաջ ունենալով Թուրքիայի քայլերի հաջորդականությունը՝ անհրաժեշտ ենք համարում տեխնիկապես ավելի հմուտ գտնվել և մեկ քայլ առաջ անցնել նրանից: Այսինքն, դրսևորել այնպիսի արագաշարժություն, որպեսզի օրինակ Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի շուտ չդատապարտեր Իտալիայի խորհրդարանի ընդունած բանաձևը, քան ՀՀ արտգործնախարարությունը կողջուներ ու գոհունակություն կհայտներ: Կամ եթե թուրք պաշտոնյաներն օպերատիվ արագությամբ օգտագործում են սոցմեդիայի հարթակը ու գրառումներ կատարում, ապա ինչո՞ւ ՀՀ պաշտոնյաները չօգտագործեն սոցցանցային արշավը որպես ժամանակակից գործիք և ավելի շուտ արձագանքեն, քան թուրք գործընկերները:

Սրանք հարցեր են, որոնք պահանջում են ոչ թե ֆինանսներ, այլ դիվանագիտական նրբանկատություն և արագաշարժություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ