Մեծ քաղաքականության ստվերները

mec-qaxaqakanoutyan-stvernere

Անշնորհակալ բան է, այնուամենայնիվ, քաղաքականությունը: Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի և նրա կողմից հասցված ավերածությունների վերաբերյալ տեղեկանալուց հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես իր շատ և շատ արտասահմանցի գործընկերներ, իր և հայրենակիցների անունից ցավակցություն հայտնեց ֆրանսիցի ժողովրդին՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով օժանդակել «եվրոպական և համաշխարհային մշակույթի այդ եզակի կառույցի և քրիստոնեության կարևորագույն սրբավայրերից մեկի» վերականգնման հարցում: Մասնավորապես, նա առաջարկեց Փարիզ գործուղել Ռուսաստանի լավագույն ռեստավրատորներին:

Դեռևս պարզ չէ, թե ինչպիսին կլինի այս հարցում պաշտոնական Փարիզի արձագանքը: Հուսանք, որ այն կլինի դրական, քանզի մենք՝ հայերս, լավ ենք հասկանում արհավիրքի պահին մեկնած բարեկամական ձեռքի արժեքը և գնահատում ենք այն: Ինչևէ, ասօր առավոտյան հայտնի դարձավ, որ ապրիլի 23-ին ՆԱՏՕ-ի կողմից բալթյան երկրներում և Լեհաստանում իրականացվող FRA-EFP LYNX առաքելության շրջանակներում երեք հարյուր ֆրանսիացի զինծառայող համապատասխան տեխնիկայով կժամանի Ռուսաստանի մերձբալթյան հարևան Էստոնիա: Նրանք կտեղակայվեն ՌԴ սահմանից ընդամենը 140 կիլոմետրի վրա գտնվող Տապա քաղաքում և մինչև այս տարվա օգոստոսի վերջը կօգնեն էստոնացի գործընկերներին ոչ ավել, ոչ պակաս «զսպել ռուսական ագրեսիան»:

Հետաքրքիրը սակայն այն է, որ ապրիլի 18-ին պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել Էստոնիայի նախագահ տիկին Կերստի Կալյուլայդը: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին բավական սառն են ՌԴ և մերձբալթյան պետությունների, հատկապես՝ Էստոնիայի և Լիտվայի հետ հարաբերությունները: Ուստի, զարմանալի չէ, որ սա Էստոնիայի ղեկավարի առաջին այցելությունն էր Ռուսաստան վերջին ութ տարիների ընթացքում (2011-ին նախագահ Իլվեսը մասնավոր հրավերով ժամանել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սուրբ Հովնանի եկեղեցու սրբացման արարողությանը): Իսկ պետությունների ղեկավարների մակարդակով պաշտոնական նախորդ հանդիպումը կայացել է արդեն հեռավոր 2008 թվականին:

Լրագրողների հետ հանդիպմանը տիկին Կալյուլայդը նշել է, որ բանակցությունների ընթացքում արծարծվել են երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջաններում, մասնավորապես՝ Ուկրաինայում և Վրաստանում: Անդրադարձ է կատարվել նաև «Հյուսիսային հոսք-2» նախագծին: Ըստ էության, չթաքցնելով, որ Էստոնիան շարունակելու է իր մասնակցությունը հակառուսական պատժամիջոցներին, նա հույս է հայտնել, որ կան ոլորտներ, որոնցում երկու երկրները կարող են արդյունավետ համագործակցել: Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով ռուս գործընկերոջ հետ ունեցած բանակցությունների արդյունքներից՝ Էստոնիայի նախագահն ընդգծեց, որ «Պուտինի հետ հանդիպումը շատ լավն էր»: Տիկին Կալյուլայդը նաև հավելել է, որ ՌԴ նախագահին հրավիրել է մասնակցել 2020 թ. Տարտու քաղաքում տեղի ունենալիք ֆին-ուգորական ժողովուրդների կոնգրեսին: Ինչ խոսք, միայն ողջունել կարելի է երբեմնի խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունների՝ թեկուզ այդ չափով ջերմացումը: Հուսով ենք նաև, որ ֆրանս-էստոնական համատեղ ուժերը ռուսական ագրեսիան զսպելու առիթներ ուղղակի չեն ունենա:

Միևնույն ժամանակ վերջին երեք օրերում ինքնաբերաբար ձևավորված Ռուսաստան-Ֆրանսիա-Էստոնիա այս յուրատեսակ եռանկյունին ևս մեկ անգամ եկավ փաստելու հետևյալը՝ ցավոք սրտի, ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ համամարդկային արժեքները, մշակույթը, գթասրտությունը, փոխադարձ դրական սպասումները կրկին ստորադասվեցին Նորին գերազանցություն քաղաքականությանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ