Մենք լավն ենք, մեր շրջապատը լավը չէ. Ազատ Արշակյանը՝ Փաշինյանին բռնապետ անվանողներին

menq-lavn-enq--mer-srjapate-lave-ci-azat-arsakyane-pasinyanin-brnapet-anvanoxnerin

Նոր իշխանությունների հայտարարած պայքարը ֆեյքերի դեմ ոչ թե պաքար է այլակարծության դեմ, այլ Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգությունների կանխարգելում: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ նկատելով, որ Փաշինյանի հայտարարությունը բոլորովին այլ ենթատեքստ ուներ. «Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե իշխանության նկատմամբ գաղափարական և հոգեբանական պայքար է ընթանում մեր հակառակորդների կողմից: Ես այդպես եմ հասկացել, որ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում Ազգային անվտանգության ծառայությանը կատարել իր ֆունկցիաները ավելի խիստ, զգոն և ինչու չէ՝ ավելի հետևողական, որպեսզի Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգությունները թափ չառնեն»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե դա չի՞ վտանգում, արդյոք, խոսքի և խղճի ազատությունը մեր երկրում, Արշակյանը նկատեց. «Ես կարծում եմ՝ առայժմ ոչ, որովհետև մինչև հիմա իշխանությունը շատ զուսպ է մամուլի նկատմամբ: Հենց ինքը՝ վարչապետը համացանցով է սովորաբար դիմում քաղաքացիներին, նույնիսկ Հանրային հեռուստաընկերությունը, Հանրային ռադիոն և մասնավոր հեռուստաընկերությունները չեն օգտագործվում իշխանության կողմից: Քանի որ ես հաճախ եմ հրավիրվում հարցազրույցների, կարող եմ փաստել, որ հիմնական հրավիրողները ընդդիմախոս են: Ընդդիմախոսությունը շատ ուժող է: Իսկ իշխանության կողմից ես անձամբ երբեք հրավեր չեմ ստացել: Ես պաշտպանում եմ հեղափոխությունը, չնայած ինքս հեղափոխական չեմ: Կարծում եմ, որ մենք ընտրության հնարավորություն ունենք՝ կա՛մ հետ գնանք դեպի բռնապետություն, կա՛մ առաջ գնանք: Ես ընտրել եմ առաջ գնալու ճանապարհը»,- ասաց մեր զրուցակիցը:

Ազատ Արշակյանի կարծիքով՝ իշխանությունը չի սպառնում ընդդիմախոսությանը կամ խոսքի ազատությանը, և այն, ինչ հայտարարել էր վարչապետը, վերաբերում էր դրսից եկող հակապետական քարոզչությանը, որը ԱԱԾ-ի գործն է: «Երբ կանոնավոր ձևով հայկական պետության դեմ գաղափարական պայքար է գնում, դա խնդիր է: Այդ ամենը Նիկոլ Փաշինյանի օրոք չի սկսվել, նախկինում ևս Հայաստանի Հանրապետության դեմ դիվերսիոն ակիցա էր գնում: Օրինակ՝ կազմակերպվում էր որևէ հովանավոր պետությանը միանալու ստորագրահավաք, ասենք, Բելառուսին միանալու ստորագրահավաք էին կազմակերպում Հայաստանի երկու ոչ քաղաքացիներ:

Հիմա էլ է նույն գործընթացն ընթանում, և իշխությունը փորձում է հակապետական դիվերսիաներից պաշտպանել Հայաստանը: Իսկ խոսքի ազատության սահմանափակում չկա. չեն փակվում կայքեր, չեն փակվում հեռուստատեսային ծրագրեր, կուսակցական հեռուստաալիքներ կան: Աշխարհում դա այլևս մոդա չէ, կուսակցական հեռուստատեսություն և մամուլ այլևս չկա: Արգելված չէ, սակայն դա համարվում է վնասաբեր, քանի որ միակողմանի է: Իսկ մեզ մոտ դեռևս կան կուսակցական հեռուստաընկերություններ, կայքեր: Մենք ոչ թե հանդուրժող ենք, այլ հետամնաց»,- նշեց նա:

Իսկ այն դիտարկմանը, թե շատերը Նիկոլ Փաշինյանին համեմատում են Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ հիմնվելով նրա վարած քաղաքականության վրա, Արշակյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ համեմատությունը տեղին չէ: Լուկաշենկոն բռնակալ է, այնտեղ բազմակարծությունն արգելված է, մամուլն ազատ չէ, խղճի ազատություն չկա, իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով չի լինում, և դրա գնահատականը տվել են միջազգային կառույցները: Իսկ Հայաստանի մասին նրանք փաստում են, որ ժողովրդավարական երկիր է, այստեղ իշխանությունը ժողովրդի կողմից է ընտրված:

Մենք ունենք ուրիշ պրոբլեմ. մենք բռնապետների հետ հաճախակի ենք շփվում: Այսինքն, մեր շրջապատը լավը չէ, մենք լավն ենք, իսկ մեր շրջապատը լավը չէ: Մեզ դրանում են մեղադրում»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ