Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

Ոստիկանություն-դեսպանատուն համագործակցություն. Հարցազրույց ԱՄՆ հյուպատոսի հետ

am
ostikanoutyoun-despanatoun-hamagorcakcoutyoun-harcazrouyc-amn-hyoupatosi-het

 

Փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է: Դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կա սահմանված համապատասխան հոդված: Այս հանցատեսակի դեմ ոստիկաններն ամենօրյա պայքար են մղում: 
Թվում է, թե բոլորը գիտեն, որ փաստաթուղթ կեղծել պարզապես չի կարելի, բայց ինչպես պարզվում է, ոչ բոլորն են գիտակցում, որ դա հանցագործություն է՝ քրեորեն պատժելի արարք:
Փաստաթղթեր կեղծելու դեպքեր նկատվում են նաև տարբեր տեսակի վիզաներ ստանալու համար դրանք ներկայացնելիս: 
Ավելի պարզ ներկայացնենք: Վիզայի համար դիմող քաղաքացին շատ մեծ ցանկություն ունի մեկնել մի երկիր, ուր գնալու կամ այդ երկրում ապրելու համար անհրաժեշտ է օրինակ դպրոցի ավարտական ատեստատ: Ի դժբախտություն դիմողի՝ նա չունի ատեստատ: Եվ այս պարագայում նա որոշում է կեղծել փաստաթուղթը՝ այս դեպքում ատեստատը, ներկայացնել դեսպանատուն և մեկնել: Նախ, այս կերպ հաջողության հասնելը բացառված է, և հետո՝ դա հանցագործություն է, որն ունի իր հետևանքները: 
Թեմայի շուրջ զրուցեցինք Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Քրիստոֆեր Ռեյեսի հետ:
- Բարև Ձեզ պարոն Ռեյես,
Նախ շնորհակալություն եմ հայտնում հարզազրույցի հրավերն ընդունելու համար: Կցանկանայինք զրուցել վիզաների համար ներկայացվող փաստաթղթերի մասին:
Տարբեր տեսակի վիզաների համար ԱՄՆ դեսպանատուն դիմած անձինք հաճա՞խ են ներկայացնում կեղծ փաստաթղթեր:
- Ընդհանուր առմամբ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը Հայաստանում շատ չեն: Նախ ուզում եմ նշել, որ մենք հարցազրույցների ժամանակ ավելի շատ հիմնվում ենք բանավոր զրույցի արդյուքների վրա, փաստաթղթերի մեծ պահանջ մեր կողմից չի ներկայացվում և փորձում ենք հարցազույցի կամ զրույցի միջոցով ընթացք տալ վիզայի հետ կապված դիմումին, սակայն որոշ վիզաների դեպքում, փաստաթղթեր ներկայացնելն անհրաժեշտ է: Բայց նորից ասեմ, որ Հայաստանում կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը մեծ թիվ չեն կազմում:
- Փաստաթղթերի ստուգման փուլում, կասկածներ առաջանալիս համագործակցո՞ւմ եք իրավապահ կառույցների հետ:
- Հյուպատոսական բաժնի աշխատակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի կեղծ փաստաթղթեր չներկայացվեն: Դրա համար անհրաժեշտ է, որ մեր աշխատակիցները բավականաչափ տեղեկացված լինեն, իմանան թե ինչ տեսք ունեն կամ ինչպիսին պետք է լինեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը, որոնք պահանջվում են քաղաքացիներից: Եվ երբ մենք նկատում ենք փաստաթղթեր, կամ երբ հիմքներ ունենք կասկածելու, որ դրանք կարող են կեղծ լինել, սահմանված ընթացակարգերով աշխատում ենք տեղի պատկան մարմինների հետ և փորձում ենք պարզել՝ փաստաթղթերը իրակա՞ն են, թե՞ կեղծ:
- Ձեր նշած համագործակցությունը արդյունավետ ու օպերատի՞վ է:
- Այո, լավ ենք համագործակցում: Հայաստանում մենք աշխատում ենք մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների, այդ թվում ոստիկանության հետ: Այդ համագործակցությունը արդյունավետ է: Ի դեպ, վերջերս մենք՝ հյուպատոսական բաժնի անձնակազմով այցելեցինք ոստիկանության ակադեմիա, որտեղ ապագա կադրերն են պատրաստվում: Շատ տպավորիչ էր տեսնել, թե ինչ պատրաստվածություն են անցնում մարդիկ, որոնք համալրում են Հայաստանի ոստիկանության շարքերը: 
- Լավ, ամփոփելով զրույցը՝ մի այսպիսի հարց: Ի՞նչ հետևանք կունենա վիզայի համար կեղծ փաստաթուղթ ներկայացնելը:
- Երբ կեղծ փաստաթղթերի ներկայացումը հաստատվում է, մենք երկու բան ենք անում: Առաջինը՝ պետք է հարգանք դրսևորվի Հայաստանի Հանրապետության օրենքների ու իրավական գործընթացների նկատմամբ, և, եթե խնդրո առարկան Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթուղթ է, բնականաբար, մենք այդ տվյալները փոխանցում ենք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Մյուս կողմից, Միացյալ Նահանգների հյուպատոսական օրենքների համաձայն, կարող են լինել հետևանքներ դիմողի համար. սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում նա կարող է ընդհանրապես զրկվել վիզա ստանալու հնարավորությունից: Առիթի դեպքում մենք բոլորին խորհուրդ ենք տալիս, որ ավելի լավ է լինել ազնիվ և մերժվել: Այդ պարագայում հնարավոր է հաջողության հասնել մյուս անգամ, բայց, եթե սուտ կամ սխալ տեղեկատվություն է ներկայացվում, դա հանգեցնում է վիզա ստանալու իրավասությունից վերջնական զրկման: 
- Շնորհակալ եմ:
- Ես էլ եմ շնորհակալ: 
Պարոն հյուպատոսը նշեց, որ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում անձը կարող է ընդհանրապես զրկվել վիզա ստանալու հնարավորությունից: Սա հարցի մի կողմն է, իսկ մյուսն այն է, որ հանցագործության համար վիզայից զրկվելուց զատ անձը կկանգնի արդարադատության առաջ. «ՀՀ ոստիկանությունը սերտ համագործակցում է Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական ծառայությունների՝ այդ թվում նաև ԱՄՆ դեսպանատան հետ: Մասնավորապես ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ու ԱՙՄՆ դեսպանատան հյուպատոսական ծառայության համագործակցության շնորհիվ բացահայտվել են հանցագործությունների», - նշեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Պետրոսյանը: 
Համագործակցության շնորհիվ բացահայտվել են փաստաթղթերի կեղծման բազմաթիվ դեպքեր, ի դեպ ոչ միայն մեր քաղաքացիների, այլև օտարազգիների կողմից: Կեղծել են ատեստատ, դիպլոմ, ամուսնության կամ ապահարզանի, անգամ ծննդյան վկայական և այլն. «Եթե դեսպանատան համապատասխան ծառայության աշխատակիցները փաստաթղթերի ուսումնասիրման ընթացքում կասկածներ են ունենում տվյալ փաստաթղթի կեղծ լինելու հետ կապված, ապա, անմիջապես, տեղեկացնում են մեզ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, և նշված փաստաթղթի իսկությունը ստուգելու նպատակով մեր կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ: Կարող եմ նշել՝ հարցումները ՀՀ տարբեր գերատեսչություններ և, իհարկե, այսպես ասած, գլխադասայինը՝ փորձաքննությունը: Մեր կողմից նշանակվում է դատափաստաթղթաբանական փորձաքննություն, որպեսզի իրականում համոզվենք տվյալ փաստաթուղթը կեղծ է, թե՞ իրական: Մեր միջոցառումների արդյունքում, երբ արդեն պարզ է դառնում, որ փաստաթուղթը կեղծ է, ապա հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվում է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության», - - նշեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Պետրոսյանը:
Մեջբերենք ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածը:
Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը՝
1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ կրկնենք՝ փաստաթղթեր կեղծելը հանցագործություն է, զերծ մնացեք հանցավոր գործունեությունից: Փաստաթուղթ կեղծելու ցանկացած դեպք կարճ ժամանակում բացահայտվում է, իսկ կատարողը, ոչ միայն չի մեկնում իր երազած երկիր, այլև կանգնում է արդարադատության առաջ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ