Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Ոստիկանությունը՝ բռնությունների մասին պատմող գրառումների վերաբերյալ

ostikanoutyoune-brnoutyounneri-masin-patmox-graroumneri-veraberyal

Վերջին օրերին համացանցում բավական ակտիվորեն տարածվում են բռնության դեպքերի մասին պատմող գրառումներ: Մասնավորապես ֆեյսբուքյան օգտատերերից Լյուսի Քոչարյանը վերջին շաբաթներին բազմաթիվ գրառումներ արեց բռնության մի շարք դեպքերի մասին, որոնք բուռն քննարկումների տեղիք տվեցին:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը ոստիկանությունից պարզել է՝ արդյո՞ք այդ դեպքերի մասով հաղորդում ստացել են, կամ նախաձեռնելո՞ւ են որևէ քայլ  դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Մեր հարցերին ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից նշում են, որ ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքով սահմանված կարգով, հանցագործության մասին հաղորդումը ստուգելու և ընթացք տալու համար անհրաժեշտ է, որ դրանք ոստիկանությունում ստացվեն ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքի 176-րդ հովածով նախատեսված աղբյուրներից, մասնավորապես՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ոստիկանությանը ուղղված հաղորդումներից, լրատվության միջոցներով հրապարակված հացագործության մասին հաղորդումներից:

Պատասխանում մասնավորապես նշվում է, որ որպես հանցագործության մասին հաղորդում գնահատական և ընթացք է տրվում այն տեղեկություններին, որոնք ունեն որոշակի կոնկրետություն, նախնական տեղեկության հիման վրա հնարավոր է եզրահանգում անել կատարված հանցագործության վերաբերյալ՝ վայրի, եղանակի, ժամանակի կամ այն կատարած անձանց մասին. «Վերացական բնույթի հաղորդումները ոստիկանությունը ստուգելու պարտականություն չունի, քանի դեռ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների գործունեության ընթացքում դրանք չեն «հարստացվում» այն աստիճանի, որ հիմքեր կտան հանցագործության մասին կոնկրետ տվյալների ստացման վերաբերյալ»:

Ոստիկանությունից ուղարկված պատասխանում նաև ասվում է, որ ոչ մի օգտատիրոջ ինտերնետային էջ լրատվամիջոց չի հանդիսանում և դրանցում հրապարակված տեղեկությունները՝ ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղբյուրների հանցագործության մասին հաղորդում չի հանդիսանում:. «Եթե կանայք ենթարկվում են բռնության, ապա մեղավոր անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության հարցը լուծելու համար անհրաժեշտ է, որ նրանք բանավոր կամ գրավոր ոստիկանությանը տեղեկություններ տրամադրեն հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ: Ոստիկանությունը չէր կաշկանդվի հանցագործության մասին հաղորդումների բացակայությունից, եթե օպերատիվ ճանապարհով ստացված լինեին կատարված սեռական բնույթի հանցագործությունների մասին բավարար տեղեկություններ: Ցավոք սրտի, նման տեղեկություններին բնորոշ է լատենտայնությունը, որը կարող է հաղթահարվել մի դեպքում՝ եթե տուժած անձինքն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն ոստիկանություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ