Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Ուկրաինա՝ «դոպինգ-թեստ» վճռական գոտեմարտից առաջ

oukraina-doping-test-vjrakan-gotemartic-araj

Ուշագրավ զարգացումներ են ծավալվում Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ: Մարտի 31-ին կայացած բուռն «փոխհրաձգությունից» հետո մարտադաշտում մնացած երկու թեկնածուները՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և առաջին փուլում ջախջախիչ առավելության հասած Վլադիմիր Զելենսկին պայմանավորվել են դեբատներ անցկացնել ոչ ավել, ոչ պակաս Կիևի Օլիմպիական մարզադաշտում: Հավանաբար, իրավիճակը մարզականին մաքսիմալ մոտեցնելու մտադրությամբ թեկնածուի առաջարկությամբ նրանք հետազոտվեցին՝ անալիզներ հանձնելով թմրանյութերի և ալկոհոլի նկատմամբ հնարավոր հակվածությունը որոշելու նպատակով: Հետաքրքիր է, որ գործող նախագահը ստիպված էր այդ թեստը հանձնել երկու անգամ՝ արդեն VADA հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջազգային ընտրական գործընթացների պրակտիկայում այս նոր երևույթին հումորով անդրադարձավ մրցավազքից դուրս մնացած թեկնածուներից ամենահեղինակավորը՝ «Батькивщина» կուսակցության նախագահ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: «Громадьске» ռադիոկայանի հաղորդմամբ, ելույթ ունենալով Կիևում տեղի ունեցած անվտանգության համաժողովին նա հայտարարեց, որ իրեն բավականին անհարմար է զգում, քանզի չկարողացավ ներգրավվել ուկրաինական հասարակության մեջ տեղ գտած այդ հզոր թրենդին՝ նկատի ունենալով վերոնշյալ թեստերը: «Խորհուրդ կտայի թեկնածուներին վերադառնալ իրական քննարկումներին առ այն, թե ինչպե՞ս են իրենք պատրաստվում երկիրը հանել այս ծանր իրավիճակից: Երկրի ճակատագիրը ուրոլոգների կաբինետներում չէ, որ պետք է ձևավորվի»,- հեգնել է տիկին Յուլիան:

Ավելի վաղ Տիմոշենկոն մերժել էր Զելենսկու առաջարկությունը՝ անկախ մրցավարի դեր ստանձնել իր և Պորոշենկոյի միջև կայանալիք դեբատների ժամանակ: Նախագահի թեկնածուն վստահություն էր հայտնել, որ նա կարող է իդեալական մոդերատոր լինել, քանզի միանգամայն անկողմնակալ է լինելու ընտրությունների այս փուլում: Հրաժարվելով Ուկրաինայի նախկին վարչապետը միաժամանակ հայտարարել է, որ իր թիմը պատրաստ է հետագայում սատարել ընտրված նախագահին, ով էլ որ դա լինի: Եվս մեկ կարևոր հայտարարություն է արել Տիմոշենկոն արդեն աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ իր «Батькивщина»-ն պատրաստվում է դրանցում հաղթանակ տոնել:

Ինչ վերաբերում է ապրիլի 21-ին նախատեսված երկրորդ փուլին, ապա գրեթե բոլոր ուկրաինական և միջազգային վերլուծաբանները նշում են, որ Զելենսկին մնում է բացահայտ առաջատար. հարցումների համաձայն՝ նրա կողմնակիցների թիվը շուրջ 30 տոկոսով գերազանցում է Պյոտր Պորոշենկոյին իրենց ձայնը տալ պատրաստվող քաղաքացիների քանակին: Եվ դա այն պարագայում, երբ փորձագետները համոզված են, որ երկրորդ փուլում ընտրական տեղամասեր այցելած քաղաքացիների թիվը զգալիորեն ցածր կլինի առաջին փուլի համեմատությամբ:

Համաձայն լինելով վերջին պնդման հետ՝ ընտրությունների ֆավորիտի մասով ես այդքան միանշանակ չէի արտահայտվի: Պորոշենկոն առաջին փուլում արդեն ապացուցել է, որ վճռական պահին ընդունակ է օգտագործել իր բոլոր ռեսուրսները, ամենևին ոչ միայն ադմինիստրատիվ, արդյունքի հասնելու համար: Կարծում եմ, երկրորդ փուլում որոշիչ է լինելու մրցավազքից դուրս մնացած, սակայն ընտրողների շուրջ 14,2 տոկոսի քվեները ստացած Յուլիա Տիմոշենկոյի, ինչպես նաև մեկ այլ պարտված թեկնածուի՝ 9 տոկոսից ավելի ընտրողների աջակցությունը ստացած Յուրի Բոյկոյի կողմնակիցների դիրքորոշումը: Եվ փորձեմ ևս մեկ կանխատեսում անել. անկախ ընտրությունների արդյունքից Ուկրաինայի ներքին և առավել ևս՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն մոտ ապագայում, համենայն դեպս՝ մինչ առաջիկա խորհրդարանական ընտրություններ, դժվար թե տեղի ունենա: Բոլոր դեպքերում, սպասենք ապրիլի 21-ին և դրան հաջորդող իրադարձություններին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ